ՀՀ Սահմանադրության նոր նախագծում լիովին երաշխավորված է պաշտպանության եւ անվտանգության խնդրի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' «Բազե 2015» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը' հավելելով, որ Սահմանադրության նոր տարբերակի լրամշակմանը մասնակցել է նաեւ իր ղեկավարած գերատեսչությունը:

 

 

«ՀՀ պաշտպանության նախարարությունը Սահմանդրության նոր նախագծի առնչությամբ տեսակետեր է հայտնել եւ դեռ լրամշակվում է: Կարծում եմ Սահմանադրության մեջ անվտանգության եւ պատերազմական իրավիճակին վերաբերող խնդրի լուծումը երաշխավորված է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

 

 

Առաջիկա շաբաթվանից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել:

 

 

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան: