Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ռուս ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև հայոց ու ռուսական պետականությունների ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները ձևավորել են նշանակալի պատմություն և մեծ ներուժ հետագա զարգացման համար: Այդ հարաբերություններում իր ուրույն տեղն է ունեցել և ունի նաև Արցախը՝ որպես Հարավային Կովկասի կարևոր սուբյեկտներից մեկը: Այդ կարևորության ցուցիչներից մեկն էլ 2020թ. պատերազմի հրադադարի կնքումն էր Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ ու երաշխավորմամբ:

Ուստի, մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և անձամբ Ձեր դերակատարությունը 2020թ. արյունահեղության կասեցման և Արցախում հետագա նոր լայնածավալ ագրեսիաների ու ողբերգությունների կանխման հարցում: Արցախի ժողովուրդը սրտաբաց է ընդունել ռուս խաղաղապահների առաքելությունը՝ նրանց մեջ տեսնելով սեփական հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու ամուր երաշխիքներ:

Այժմ, երբ Ադրբեջանն ամեն ինչ անում է փլուզելու Արցախի և տարածաշրջանի անվտանգության փխրուն ճարտարապետությունը և ՌԴ երաշխիքները՝ Արցախի շարունակվող շրջափակման ու սպառնալիքների միջոցով, մենք վստահ ենք, որ մեր ռազմավարական շահերի ներդաշնակեցման և ջանքերի համատեղման միջոցով մեր երկու ժողովուրդներին կհաջողի ապահովել տարածաշրջանային կայուն ու արժանապատիվ միջավայր բոլոր կողմերի համար»