Օրերս ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու մասին երկար սպասված հայտարարությունն արեց և, այսպես ասած, նախապես մշակված բոլոր քաղաքական ուղիները չեզոքացրեց` գծելով սեփականը: Բավականին քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին, բայց դեռևս հստակեցված չէ, թե ովքեր են հայտնվելու խորհրդարանում` ո՞ւմ խոստանալ և ո՞ւմ մերժել. իշխանությունները կամուկացի մեջ են հայտնվել:
ՀՀԿ խորհրդի վերջին նիստում ոչ մի հստակեցում չեղավ` կարծես հավաքվել էին Սերժ Սարգսյանի մեկ նախադասությունը լսելու համար. «Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալը»:
Սա Սարգսյանի կարևոր խոսքն էր իր ծավալուն ելույթում. սրանով իր կուսակից ընկերներին ներկայացրեց իրականությունը, զգուշացնելով` Գագիկ Ծառուկյանն իրենց թիմից չէ և պետք է ամենայն լրջությամբ պատրաստվել ընտրություններին, այս դեպքում յուրաքանչյուր քվե՝ կենաց-մահու խնդիր է հանրապետականի համար:
Ծառուկյանի վերադարձով ստեղծված կազուսային վիճակը պայմանավորված է այս քաղաքական գործչի ժողովրդականությամբ, նրա մուտքը քաղաքական դաշտ՝ բարեփոխումների հույս արթնացրեց ոչ միայն ժողովրդի մոտ, այլ նաև փորձառու քաղաքական գործիչների, իսկ ինտելեկտուալ, զարգացած երիտասարդների ինքնաարտահայտման համար՝ լայն հնարավորություն ընձեռեց: Մարդիկ, ովքեր չեն կիսում ՀՀԿ գաղափարները, չեն հարմարվում այսօրվա հայաստանյան իրողության հետ, հոգնել են «նույն երգերը» լսելուց, հույս են կապում Գագիկ Ծառուկյանի հետ, որ մեկ միասնական, ուժեղ թիմով կարող են առաջ գնալ և ինչ-որ բան փոխել կործանման շեմին դողացող այս երկրում:
Ծառուկյանի վերադարձը դիտարկենք նաև այլ ասպեկտից` ինչո՞ւ նա վերադարձավ, չէ՞ որ ամեն ինչ ուներ, պե՞տք էր արդյոք նրան:
Նրան` գուցե ոչ: Ծառուկյան գործչին գուցե պետք չլիներ նորից քաղաքական ինտրիգների մեջ հայտնվել, եթե չլիներ ժողովրդի պահանջը, որն ամեն անգամ իր արտահայտումն է գտնում Ծառուկյանի հետ հանդիպումներում կամ սոցիալական հարթակների տիրույթում: Մարդիկ ամայացող քաղաքական դաշտում փնտրում էին նոր ուժ, ում կկարողանան վստահել իրենց ապագան, և ահա` տուրք տալով ժողովրդի պահանջին, Ծառուկյանը նորից քաղաքական դաշտում է, նորից ժողովրդի համար:
Ինքնաբավ այս գործարարի համար առաջնային է միայն ժողովրդի շահն ու կոնկրետ բարեփոխումների միտված իր գործողությունները և վերջապես որոշեց ընդառաջ գնալ ժողովրդի պահանջին. անել այնպես, որ վերանա արտագաղթը, բարձրանա կենսամակարդակը, մարդն արժանապատիվ կյանքով ապրի իր երկրում: Մեր այս ծերացող հասարակության համար խիստ անհրաժեշտություն է նոր խոսքը, նոր աշխատելաոճը, արդարությունն ու պատասխանատվությունը՝ ժողովրդի առջև:
Որպես վերջաբան. պետք է փաստել, որ թեպետ Սերժ Սարգսյանը չի ողջունել Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, բայց դա արել է ժողովուրդը, իսկ ո՞ւմ տեսակետն է առավել կարևոր՝ պետք չէ երկար մտորել:
Մարիամ Ավետիսյան