Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ինքն է որոշում՝ զբաղվել քաղականությամբ, թե՝ ոչ: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի գալ քաղաքականություն, իսկ նրա կարիքը կա, թե՝ ոչ, որոշում է ժողովուրդը: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպես մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով վստահեցրեց նաև, որ Գագիկ Ծառուկյանի հետ իշխանությունները որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել:
«Որևէ հանդիպում կամ քննարկում ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ չի եղել: Դա զուտ լրատվական դաշտի հետաքրքրությունն է: Մենք որևէ մեկի հետ հանդիպումներից կամ քննարկումներից չենք հրաժարվում, բայց Գագիկ Ծառուկյանի կողմից առայժմ նման ցանկություն չի եղել»,- հայտարարեց պատգամավորը՝ շեշտելով, որ իշխող ՀՀԿ-ն երբեք էլ դեմ չի եղել այս կամ այն ուժի կամ գործչի հետ համագործակցությանը:
Հարցին՝ ինչն է փոխվել, որ Գագիկ Ծառուկյանը չի բացառել իր հնարավոր վերադարձը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ իշխանության մոտեցումներում այսօր էլ որևէ փոփոխություններ չկան, իսկ վերադառնալու որոշումը կայացրել է հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը և թույլատրելու կամ արգեքի խնդիր չի եղել. «Մեզ մոտ որևէ բան չի փոխվել: Եթե քաղաքականություն պետք է գան որևէ մեկի թույլտվությամբ, ապա, լավ է՝ չգան: Քաղաքականության մեջ դերակատարություն ունեցողներն իրենք են որոշում իրենց դերը»: