«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
Սերժ Սարգսյանը լուծեց «Նաիրիտի» հարցը
Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք հանդիպում էին պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ ակցիայի ընթացքում նրանց մոտեցավ ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և խոստացավ, որ հուլիսին ամբողջությամբ կմարվի գործարանի աշխատակիցների պարտքը:
Նախարարի խոսքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը վճարել չվճարված ամբողջ աշխատավարձերը:
Նշենք, որ նախարարի խոսքը քաղաքացիների համար հիմք չէր, և նրանք պահանջեցին կոնկրետ երաշխիքներ, հակառակ դեպքում՝ նրանք նստացույց կսկսեն:
***
Ձերբակալություններ՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով
Հ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումները՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի, Զաքարյան եղբայրներին մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ կիրառված բռնի գործողությունների հետևանքով Հարություն Զաքարյանին պատճառվել է ծանր, իսկ եղբորը՝ Մուշեղ Զաքարյանին, միջին ծանրության մարմնական վնաս։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրած անձանց ինքնությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից Մ.Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով հունիսի 9-ին ձերբակալվել է երկու անձ։
Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ տեղի ունեցած միջադեպին ներկա բոլոր անձանց գործողությունները, մասնակցության աստիճանը պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքներով կայացված դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
***
Թուրքական ընտրությունները և Ադրբեջանի ողբերգությունը. քաղաքագետի անդրադարձը
Թուրքիայում տեղի ունեցած 25-րդ գումարման խորհրդարանի ընտրություններում վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չի հաջողվել ձևավորել միակուսակցական կառավարութուն և սա, իհարկե, մեծ հարված էր և՛ իր, և՛ իր կուսակցության համար:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ այս ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքեց մոտ 41 տոկոս ձայն: Քաղաքագետն ուշագրավ համարեց այն, որ Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ընտրություններին մասնակցած կուսակցություններից մեկը, որն իրեն ավելի շատ դրսևորում էր ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև հայտարարում էր, որ ինքը քրդամետ է, բավականին մեծ ձայներ ստացավ՝ 80 պատգամավոր խորհրդարանում:
«Կարևոր էր, որ 54 տարի անց առաջին անգամ երեք պատգամավորով են հայերը խորհրդարանում ներկայացված՝ Մարգար Եսայանը («Արդարություն և զարգացում կուսակցություն»), Սելին Դողանը («Ժողովրդա-Հանրապետական կուսակցություն») և Կարո Պալյանը (քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցություն»): Միակ պատգամավորը, ով կարող է քիչ թե շատ օգուտ բերել հայկական համայնքին Պալյանն է, իսկ մյուս երկուսն ընդամենը թուրքական կողմի համար խաղաքարտ էին և այդ կերպ ձայներ ստացան հայկական համայնքից: Այդ երկու կուսակցության գաղափարական հիմքում էլ ընկած է հայոց ժխտողականության քաղաքականությունը»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ հայազգի երեք պատգամավորների ընտրությունն ուղղակիորեն ողբերգությամբ է ընդունվել հարևան Ադրբեջանում, ինչն էլ կարելի է ողջունել: «Տարօրինակն այն է, որ այս հանգամանքն այնքան չի տխրեցրել ֆաշիստական գաղափարախոսություն ունեցող թուրքական շրջանակներին, ինչքան մենք տեսնում ենք Բաքվում»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Համբարյանը նշեց, որ թուրքական իշխանությունները բացարձակ մտադրություն չունեն ոչ մի կերպ փոխել իրենց վերաբերմունքը, դրա վառ օրինակն այն էր, որ ընտրություններում պարտությունից հետո Բրազիլիայից հետ կանչվեց դեսպանը. պատճառն այն էր, որ մայիսի վերջին բրազիլական սենատը ընդունել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ: