Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Կասկածյալը Երևանի 30-ամյա մի բնակիչ է: Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատմել էր, որ Հրազդանի կիրճում մի տղամարդ իրեն հարվածել է:
«Այդ անձը կոնկրետ բոլոր աղջիկներին նեղացնում էր հայհոյախառն բառերով, լպիրշ պահվածքով, բոլորի հետ կոնֆլիկտ ունենալով, ուղղակի ֆիզիկական բռնություն գործադրելով անծանոթ մի աղջկա նկատմամբ, եւ այդ տեսարանը երբ որ տեսա, ուղղակի չհանդուրժեցի եւ քաղաքակիիրթ նկատողություն անելով նրան նա ինձ հետ կռիվ, վիճաբանություն հրահրեց, ավել բաներ չեմ կարող ասել, նախաքննություն է ընթանում»,-ասել էր Ազոյան։