Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հարուցված քրեական գործով մեղադրյալ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությամբ այսօր լրացուցիչ փորձաքննություն է կատարվել: Փորձաքննությունը վերաբերել է դեպքի վայրում հայտնաբերված գնդակի հետքերին:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը ակնկալիք հայտնեց, որ «այս փորձաքննությունը գործի համար որոշակի նոր ինֆորմացիա կտա» հավելելով, որ փորձաքննության եզրակացությունը հավանաբար շուտ չի լինի:
Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների հետևանքով Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել է, իսկ նրա եղբայր, գնդապետ Արտակ Բուդաղյանը և Ս.Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը ստացել հրազենային վնասվածքներ։