Հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունների արդյունքում պարզվում են դեպքի մասնակիցների շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ տրվում համապատասխան քրեաիրավական գնահատականներ։

 

Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նշված համալիրում տեղի ունեցած խուլիգանությանը, որն ավարտվել է 22-ամյա Արամ Կարապետյանի սպանությամբ, մասնակցություն է ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչ Ս.Թովմասյանը։ Նախնական տվյալներով՝ վերջինս խմբի կազմում դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, հայհոյել համալիրի աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ Ս.Խլղաթյանի կանչով համալիր ժամանած Արմեն Խլղաթյանի և Արամ Կարապետյանի նկատմամբ։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունվարի 15-ին քննիչը որոշում է կայացրել Ս.Թովմասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 

Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հնարավոր չի եղել պարզել նրա գտնվելու վայրը և թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից՝ քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

 

Որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Շարունակվում են միջոցներ ձեռնարկվել նաև՝ Ա.Կարապետյանի սպանության մեղադրանքով հունվարի 7-ից հետախուզման մեջ գտնվող Արթուր Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ։

 

Նախնական քննության տվյալներով' Ա.Կարապետյանն սպանվել է վիճաբանության ընթացքում դրա մասնակիցներից մեկի' 31-ամյա Ա.Բաբայանի կողմից հրազենից արձակված կրակոցների հետևանքով։ Հունվարի 7-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից) , 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն՝ խուլիգանական դրդումներով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը)։

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հունվարի 9-ին հետախուզում էր հայտարարվել նաև միջադեպի մեկ այլ մասնակցի՝ Խ.Խաչիկյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն՝ մի խումբ անձանց կողմից)։ Հետախուզվողն այսօր ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, և նրա մասնակցությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Մեկ այլ հետախուզվող՝ Ա.Պառավյանը, ինքնակամ ներկայացել էր հունվարի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Հունվարի 14-ին ինքնակամ ներկայացել են Էջմիածին քաղաքի ևս երկու բնակիչ՝ Դ.Հասրաթյանը և Գ.Գրիգորյանը, ովքեր ցուցմունք են տվել, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հունվարի 5-ի գիշերը՝ ժամը 23։50-ի սահմաններում, իրենց ընկեր Արթուրի կանչով գնացել են նշված ռեստորանային համալիր։ Որպես կասկածյալ հարցաքննության ընթացքում նրանք հայտարարել են, որ նշված համալիրում իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ, ինչի հետևանքով ստացել են կոտրվածքներ։ Կասկածյալներ Դ.Հասրաթյանի և Գ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

 

Առգրավվել են դեպքի պահին նրանց հագին եղած հագուստները։

 

Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: