Հունվարի 6-ին «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր որպես մեղադրյալ է ներգրավվել ևս երկու անձ:

 

 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված համալիրում 2016թ. հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպին մասնակցություն են ունեցել նաև Էջմիածին քաղաքի բնակիչներ Խ.Խաչիկյանը և Ա.Պառավյանը։

 

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նրանք խմբի կազմում դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, հայհոյել աշխատակիցներ Վ.Խաչատրյանին, Ս.Խլղաթյանին, իսկ Ա.Պառավյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով բռնություն է գործադրել նրանց, ինչպես նաև Տարոնիկ գյուղի բնակիչներ Ա.Կարապետյանի և Ա.Խլղաթյանի նկատմամբ:

 

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 9-ին Ա.Պառավյանը որպես մեղադրյալ է ներգարվվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ Խ.Խաչիկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

 

Քննիչը նույն օրը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

 

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Մուսալեռ» ռեստորանա-հյուրանոցային համալիրում հունվարի 6-ին տեղի ունեցած զինված միջադեպի ժամանակ սպանվել է 22-ամյա Ա.Կարապետյանը, հրազենային վնասվածք ստացել Տարոնիկի գյուղապետ Ա.Խլղաթյանը։

 

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակել է վիճաբանության մասնակիցներից Ա.Բաբայանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել հունվարի 7-ին։

 

 

Վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին' միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: