«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանը, ինչպես հայտարարվել է նախապես, հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Ծանուցագիր նա արդեն ստացել է:

 

Այս ֆոնին չեն դադարում քննարկումները, որ եթե Քոչարյանը հարցաքննությունից հետո վկայից դառնա կասկածյալ, ապա ինչպես պետք է լուծվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությամբ և որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ ՀՀ նախագահին սահմանադրական իմունիտետից զրկելու ընթացակարգ։ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ սահմանված է, որ ՀՀ նախագահը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող, իր լիազորությունների իրականացման ընթացքում, իսկ իր լիազորությունների ավարտից հետո չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

«Հիմա Քոչարյանը շահարկելու է այս հանգամանքը, որ ինքը ընդամենն իրականացրել է իր նախագահական լիազորությունները, հետևաբար չի կարող պատասխանատվության ենթարկվել իր սահմանադրական իրավասությունները իրականացնելու գործընթացի համար։ Բավարար ապացույցների, փաստերի հիման վրա Քոչարյանը կարող է ներգրավվել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, թե չի բացառվում, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կհայտնվեն մարդիկ, որևէ անձ, որը կտա այնպիսի ցուցմունք, որը վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ բավարար կլինի Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: