ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները եւ ձեւաչափը:
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես' իրավիճակի վերլուծություն, նպատակների եւ խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե եւ վերահսկողության մեխանիզմներ:
Դպրոցի զարգացման ծրագիրը մշակելիս պարտադիր է նաեւ հաստատության առաքելության սահմանումը, դպրոցի ուժեղ եւ թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձեւակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, ֆինանսավորման մեխանիզմները եւ այլն: Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունք, որը պետք է լինի չափելի, արտահայտվի կոնկրետ ցուցանիշներով' թվեր, տոկոսներ, բնութագրիչներ: Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի նաեւ ֆինանսական հաշվարկ' նշելով ֆինանսավորման աղբյուրը:
Զարգացման ծրագիրը հաստատում եւ դրա իրականացման ընթացքը վերահսկում է դպրոցի կառավարման խորհուրդը' 5-ամյա ծրագրի հիման վրա կազմված աշխատանքային պլանների կատարողականների հաստատման միջոցով: Այդ նպատակով կառավարման խորհուրդը տարեկան առնվազն երկու անգամ քննարկում է ծրագրի դրույթների կատարողականները' տալով համապատասխան գնահատականներ, տնօրենին ապահովելով շարունակական խորհրդատվությամբ եւ այլ աջակցությամբ: Դպրոցի զարգացման ծրագրի իրականացմանը կարող են ներգրավվել համայնքի եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներ:
Համաձայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրության' զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների, ծնողների եւ մանկավարժների հետ, ապա ծրագիրը ներկայացնում մանկավարժական ու ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեն ստանալու համար: Ընտրվելուց հետո զարգացման ծրագիրը դառնում է տնօրենի գործունեության հիմնական ուղենիշը, որը միաժամանակ նրա գործունեության արդյունավետության գնահատման առաջնային չափանիշն է: Զարգացման ծրագրի չկատարելը կամ ոչ բավարար կատարելն օրինական հիմք է տնօրենին անվստահություն հայտնելու համար: