Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մեկնաբանում է, թե ինչու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել որպես վկա, բայց հարցաքննել մեղադրյալի կարգավիճակում:

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՔԾ պետը պարզաբանեց, որ դա կապված է եղել նոր ապացույցներ ձեռք բերելու հետ, որոնց պարագայում հարցաքննության կանչվածի իրավունքների խախտում կլիներ, եթե նա հարցաքննվեր որպես վկա: «Քրեական դատավարությունը դինամիկ գործընթաց է, այսինքն՝ ապացույցների ձեռք բերումը տեղի է ունենում անընդհատ՝ ամեն օր, ամեն ժամ, կուզեք ամեն վայրկյան: Անձի կարգավիճակը գնահատվում է այդ ապացույցների համակցության հիման վրա: Ենթադրենք այսօր անձին մեղադրանք առաջադրելու համար չկա ապացույցների բավարար համակցություն, մեկ ժամ անց որոշակի ապացույցներ ձեռք բերելուց հետո վարույթ իրականացնող մարմինը գալիս է այն եզրահանգման, որ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է անձին մեղադրյալի կարգավիճակ տալու համար»,-ասաց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան, թե ինչու մինչև հարցաքննության գնալը Ռոբերտ Քոչարյանին չի ծանուցվել այդ մասին, Սասուն Խաչատրյանն ասաց. «Նման կարգ գոյություն չունի, այստեղ որևէ խախտում չկա: Անմիջապես, երբ պետք էր քննչական գործողություն կատարվեր, նրան ծանուցվել է, որ նա ունի մեղադրյալի կարգավիճակ, հակառակ դեպքում, եթե նա հարցաքննվեր որպես վկա, կլիներ խախտում»: