ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որի հիմքում դրված են Սահմանադրական փոփոխության հանրաքվեի ժամանակ Փաշինյանի կողմից հնչեցրած երեք արտահայտությունները: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր՝ ապրիլի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց հայտարարություններից մեկը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել էր մարտի 11-ին Տաթևի Շինուհայր բնակավայրում: «Ինքը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է թալանի մեջ, երկու ուրիշ դրվագում էլ նորից նմանատիպ մեղադրանքներ են հնչում Քոչարյանի հասցեին»,- ասաց Ալումյանը: Նրա խոսքով՝ վարչապետի ոչ ստանդարտ, ահաբեկչական քայլերը դատական համակարգի նկատմամբ իրենց նպատակին ծառայել են:
Նշենք, որ Փաշինյանն ասել էր. «Ասում եմ անվանական, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Արամ Հարությունյան, եվրոպացիների փեշերի տակ չեք պախկվի, Ձեր թալանածը կոպեկ-կոպեկ պտի բերեք»:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Քոչարյանի պահանջել է 2 մլն դրամի փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հայց էր ներկայացրել Փաշինյանի դեմ 2019 թվականին՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով, գործը դատարան հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն ասել էր, թե Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը միանշանակ չի վերաբերվել Քոչարյանին, որից հետո հայցվոր կողմը հրաժարվել էր հայցադիմումից: