Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածով: Այս մասին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
«Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով»,- ասացին ՀՔԾ մամուլի ծառայություն! ից:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը' Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ:
Պաշտպանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:
Նոյեմբերի 29-ին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Նա դեռ սեպտեմբերին Մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ: Նա այդ ժամանակ հայտնել էր, թե արտերկրում է և կվերադառնա օրեր անց:
2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Կոստանյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2013-16 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը: