Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահ, 2 ամսով կալանավորվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը:
Նա նշեց, որ որոշումն անօրինական է եւ իրենք այն բողոքարկելու են:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կապիտան Եղիշե Հակոբյանը մեկ ամսից ավելի բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ մաշկի փոխպատվաստման էր ենթարկվել։ Նրան մարտի սկզբին տեղափոխել էին «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Նա ձերբակալման պահին հոսպիտալում էր։