«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:

 

Նշենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:

 

Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։

 

Այս պահին բնակիչները պահանջում են հանդիպում բանկի տնօրինության հետ: Բնակիչներից մեկը Լուրեր.com- ի հետ զրույցում նշեց, որ իրենց «բնակարանների խնդիրը դարձել է Արցախի հարցը»: «Ադրբեջանցիներն ասում են' Արցախը մերն է, մենք ասում ենք' մերն է: Նույնը մեր բնակարանների դեպքում է, մենք ասում ենք' մերն է, բանկն ասում է'մերն է»,-ասաց բնակիչներից մեկը' նշելով, որ բնակարանատերերից շատերը վճարել են բնակարանների գումարը' վաճառելով իրենց բնակարանը և այս պահին բնակվում են վարձով:

 

Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։