Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Mediamall.am-ը, «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա էին անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովայի փողոցում գտնվող «Նաիրիի» մասնաճյուղի դիմաց:

 

Ավելի ուշ բնակիչները փորձում էին մտնել «Արցախբանկի» տարածք, սակայն բանկի աշխատակիցներն աշխատանքային ժամին դռները փակել էին բնակիչների առաջ:

 

Դրանից հետո «Տոնուսից» խաբված բնակիչները շարժվեցին դեպի կառավարություն, ուր ընթանում է կառավարության նիստը:

 

Բնակիչները պահանջում են հանդիպում ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Կառավարության' բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու եկած ներկայացուցիչը նշեց, որ այս հարցում կառավարությունն իրավասու չէ, քանի որ գործարքը կնքվել է մասնավոր բանկի և բնակիչների միջև: Սակայն, ի պատասխան բնակիչների պնդումներին' հանդիպել վարչապետի հետ, կառավարության ներկայացուցիչը խուրհուրդ տվեց դիմում ներկայացնել կառավարություն, որտեղ կմատնանշեն խնդիրը և կներկայացնեն, որ ցանկանում են հանդիպել վարչապետի հետ:

 

Նշենք, որ բնակիչներից մեկը հանդիպում է ունեցել «Արցախբանկի» ներկայացուցչի հետ, որից հետո տեղեկացրեց, որ բանկից կզաnգահարեն և բնակարանատերերից 20-25 հոգու հետ հանդիպում կնշանակեն բանկի սեփականատիրոջ հետ:

 

Բնակիչները Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեցին լուրը և նշեցին, որ մի քանի հոգու արդեն իսկ զանգահարել են և նշանակել հանդիպում:

 

Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։