«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն՝ ամփոփ.


Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. ՀՔԾ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Պարույր Փ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Մալաթիայի քննչական բաժնում քննվող քրեական գործով որպես կասկածյալ հարցաքննվելիս' քննիչին բանավոր հայտնել է Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող գրավատանն իրեն ապօրինի ազատությունից զրկելու մասին, սակայն քննիչը հիշյալ հանգամանքը չի արձանագրել և օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել:

 

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Գառնիի տաճարի վրայից գրությունը դեռևս չի հեռացվել. այնտեղ աշխատում են իրավապահները

 

Հայաստանում Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն գրել է Գառնիի հեթանոսական տաճարի պատի վրա: Կատարվածը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Այս մասին գրել էր «Газетa.Ru»-ն:

Ռուս զբոսաշրջիկը աէրոզոլային ներկով տաճարի պատի վրա գրել է. «Կուռքերը ոչինչ են»:

 

Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Մարինե Ավանեսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գրությունը դեռևս Գառնու տաճարի վրայից չի հեռացվել, քանի որ այնտեղ այս պահին աշխատում են իրավապահները:

 

«Իրավապահներն այնտեղ աշխատանքներ են իրականացնում: Ոստիկանության աշխատանքներից հետո մենք անմիջապես ձեռնամուխ կլինենք, որ դա վերացվի, - ասաց Ավանեսյանը:

 

Հարցին, թե հնարավո՞ր է ներկն այնպիսին լինի, որ այն հեռացնել չհաջողվի, ՊՈԱԿ-ի խոսնակը պատասխանեց. «Չեմ կարծում, ամեն դեպքում ներկը երևի դժվար հեռացվող ներկ կլինի, բայց չեմ կարծում՝ հնարավոր չլինի այն հեռացնել: Համենայն դեպս, մենք ամեն ինչ կանենք, որ շատ սեղմ ժամկետում ձեռնամուխ կլինենք մաքրմանը»,- եզրափակեց նա:

 

Հիշեցնենք, որ վանդալիզմի այս դրսևորումը նկատել է այցելուներից մեկը և հայտնել է տաճարի իրավապահ մարմիններին: Վերջիններս հայտնում են, որ զբոսաշրջիկը արտաքինից 22–23 տարեկան երիտասարդի տեսք ունի և ամենևին չի զղջում իր արածի համար:

Երիտասարդին սպառնում է 50 000 դրամի կամ նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով տուգանք:

 

***

 

Ճապոնիայում սկսվել Է Օնտակե հրաբխի ժայթքումը

 

Ճապոնիայի Նագանոյի պրեֆեկտուրայում սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվել Է Օնտակե հրաբխի ժայթքումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը ՛հրաբխի մերձակայքում վտանգավորության մակարդակը մինչեւ 3 բալ Է բարձրացրել՝ ըստ 5-բալանոց սանդղակի, եւ արգելել Է 4 կիլոմետրից պակաս հեռավորությամբ մոտենալ դրան:

Դատելով այն կադրերից, որոնք ցուցադրում Է NHK ճապոնական հեռուստաալիքը, խառնարանի վրա բարձրանում Է մոխրի մի քանի կիլոմետրանոց սյունը: Օնտակեի հարակից շրջանների բնակիչները հայտնել են հրաբխի խառնարանում մի քանի պայթյունների եւ ապարների արտանետումների մասին: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:

Օնտակե հրաբուխը գտնվում Է Տոկիոյից մոտավորապես 200 կմ արեւմուտք ընկած շրջանում: Վերջին անգամ այն ժայթքել Է 2007 թվականին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ:

 

***

 

ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանցի լեյտենանտին սպանելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

 

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական կողմից արձակած գնդակից ադրբեջանցի սպա է մահացել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտել»,- ասաց Հովհաննսիյանը:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե սեպտեմբերի 27-ին հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի լեյտենանտ Բաղըշլը Ալլահվերդի Աբուլֆազօղլուն:

 

***

 

Պաղեստինի ղեկավարը Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջ. BBC

 

Պաղեստինի ազգային ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը մեղադրել է Իսրայելին՝ Գազային հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար: Այս մասին հայտնել է բրիտանական BBC գործակալությունը:

«Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը պատժել Իսրայելին՝ Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:

Աբասը նշել է, որ Պաղեստինը բանակցություններ չի վարի Երուսաղեմի հետ մինչև օկուպացիան չավարտվի:

Իր հերթին, Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Պաղեստինի ղեկավարի ելույթը անվանել է կեղծիքով լի հրահրում:

Գազայի հատվածում տևած 50-օրյա հակամարտությունն ավելի քան 2000 պաղեստինցի և 73 իսրայելցու կյանք է խլել:

 

***

 

«Միմյանց վարկաբեկելուց, վիրավորելուց ու հայհոյելուց ոչ մի հարց չի լուծվելու». Գագիկ Ծառուկյան

 

Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է ՀԺԿ ներկայացուցիչներին՝ կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:

 

ԲՀԿ նախագահը նշեց, որ առաջնորդվել է ու շարունակելու է գործել մեկ սկզբունքով՝ հարգանք քաղաքական հակառակորդների նկատմամբ, համագործակցություն երկրի համար կարևորագույն հարցերում:

 

«Միմյանց վարկաբեկելուց, վիրավորելուց ու հայհոյելուց ոչ մի հարց չի լուծվելու: Դրանից մեր ժողովրդի բարեկեցությունը չի բարձրանալու: Անիմաստ չարությունն ու թշնամանքը իմ ու իմ քաղաքական ուժի պայքարում տեղ չունեն»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

 

Պայմաններ, հնարավորություն, արդարություն ու մրցակցություն. այս ամենի դեպքում է հնարավոր խոսել մեր ժողովրդի ցանկությունների կատարման մասին, ժողովուրդ, որն, ըստ ԲՀԿ նախագահի, պատրաստ է նպաստավոր պայմանների դեպքում արարել ու շենացնել իր երկիրը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության ու գործակցության առաջարկի համար՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահը, անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, նկատեց, որ դրա հասարակական պահանջը չկա:

 

«ԲՀԿ օրակարգում երկու հարց է՝ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած 12 կետերի իրականացում, որն էապես կբարելավի մեր քաղաքացիների կյանքը ու կթուլացնի առկա լարվածությունը և սահմանադրական փոփոխությունների գաղափար, որտեղ կան շատ հարցականներ ու անընդունելի պահեր»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

 

«Ժողովրդի վստահության վերականգնումը պետք է լինի բոլորիս խնդիրը»,- իր հերթին ընդգծեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

 

«Ես կարծում եմ, որ ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղալու ժողովրդի համբերության հետ, իրավունք չունի հարցերը չլուծել՝ մտածելով, որ ժողովուրդը միևնույն է համբերելու է: Սա լավ բանի չի բերի»,- հանդիպման ավարտին նշեց Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ժողովուրդը բարձրացնում է ցավոտ հարցեր, ցավոտ խնդիրներ, և դրանք լուծել է պետք:

 

***

 

«Սանիտարները դաստիարակում են. ծեծում են, կապում, սրսկում». դիտարկումներ՝ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում

 

Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստան կազմակեպության միջոցով «Կազմակերպության կարողությունների զարգացմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում կատարվել են դիտարկումներ ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում:

 

Լուրեր.com-ը ներկայացնում է զեկույցում տեղ գտած առավել խոցելի խնդիրները.

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պարտադրված են մշտապես սնվել ըստ սահմանված գրաֆիկի: Նրանք կարող են սահմանված գրաֆիկից շեղվել, եթե ունեն իրենց համար բերված հանձնուք: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ճաշացանկի կազմմանը չեն մասնակցում և, ըստ նախասիրության, սննդի ընտրության հնարավորություն չունեն:

 

«Էդքանի կարծիքը չես կարող հաշվի առնել, համ էլ իրենք շա՞տ են հասկանում՝ ինչ են ուզում»,- ասել է սանիտարներից մեկը: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց օրը հոգեբուժական բուժհաստատությունում, որպես կանոն, անցնում է միապաղաղ, նույնանման ու անձը, անկախ նրանից, թե որքան ժամանակ է գտնվում այնտեղ /ընդհուպ 30 տարի/, արթնանում է այն գիտակցությամբ, որ օրը անցնելու է այնպես, ինչպես մյուսները՝ ուտելու է նույն ուտելիքը, խմելու է նույն դեղը, քնելու է և լավագույն դեպքում հեռուստացույց է դիտելու, հոգեբանի հետ է խոսելու, զբոսնելու է և այլն:

 

Այսպես, բուժհաստատություններում բուժում կամ խնամք ստացող անձինք այն հարցին, թե ինչպես են անցկացնում իրենց օրը, հիմնականում պատասխանում են, որ ուտում են, դեղ են ընդունում, քնում են: Ավելի քիչ նշում են, որ զբոսնում են, խաղում, հեռուստացույց դիտում, աշխատում, կարդում, հոգեբանի հետ զրուցում:

 

Հիվանդանոցային բուժում կամ խնամք ստացող անձանցից մեկը անհատական հարցազրույցի ընթացքում ասել է. «Պարապությունից կամ պետք է ծխեմ, կամ մեկին մասսաժ անեմ, օգնում եմ հիվանդներին, խոզի նման ենք. ուտում ենք, դեղերը խմում, պառկում»:

 

Հոգեբուժական բուժհաստատություններում բուժում կամ խնամք ստացող անձանց իրավաբանական աջակցություն չի ցուցաբերվում: Մինչդեռ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հոգեբուժական բուժհաստատությունում գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք իրավունք ունեն իրավական հարցերով օժանդակություն ստանալ բուժհաստատությունում գտնվելու և բուժման հետ կապված հարցերի վերաբերյալ:

 

Հիվանդանոցային բուժում կամ խնամք ստացող անձանց նկատմամբ ֆիզիկական զսպման միջոցները կիրառվում են ոչ միայն բուժական նպատակներով, այլ նաև անձին պատժելու, լռեցնելու, բաժանմունքում կարգուկանոն պահպանելու' «հանգիստ պահելու» նպատակով:

 

Հիվանդանոցային բուժում կամ խնամք ստացող անձինք հիմնականում իրականացնում են բաժանմունքի տարածքի և բուժհաստատության բակի մաքրության, այլ բուժում կամ խնամք ստացող անձանց խնամքի, սննդամթերքի տեղափոխման հետ կապված աշխատանքներ: Երբեմն իրականացնում են շինարարական, հողագործական աշխատանքներ:

 

«Սանիտարները դաստիարակում են. ծեծում են, կապում, սրսկում»,- ասում է հիվանդանոցային բուժում կամ խնամք ստացող անձանցից մեկը:

«Կապում ենք կռավաթից, պատահում է՝ սրբիչով կապում եմ ձեռքերը հետևից, ասում եմ' թող հանգստանա, խղճով ենք էլի»,- այդ առթիվ ասել է սանիտարներից մեկը:

 

***

 

Ֆրանսիայի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է. ԼՂՀ Նապագահ

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է' այս համատեքստում կարեւորելով ֆրանսահայ համայնքի դերակատությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:

 

Բակո Սահակյանը բարձր է գնահատել SPFA կազմակերպության ներդրումը Արցախում ֆրանսերենի եւ ֆրանսիական մշակույթի տարածման, տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ այն դարձել է երկու երկրները կապող յուրահատուկ կամուրջ: