Ճապոնիայում հուլիսի 21-ից ի վեր 15 մարդ է զոհվել, 8580-ը՝ հոսպիտալացվել ջերմային հարված ախտորոշմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին հաղորդել է երկրի հրշեջ պահպանության նախարարությունը, որի ենթակայության տակ է շտապօգնության ծառայությունը:

 

Հուլիսի 21-27-ը Ճապոնիայում ջերմային հարվածով հոսպիտալացվել է շուրջ 8,6 հազար մարդ, ինչը 2,6 անգամ ավելի է, քան նախորդ շաբաթ (3309 մարդ):

 

Ճապոնիայի տարածքի մեծ մասում շոգ եղանակ էր հաստատվել: Միայն մեկ օրում՝ հուլիսի 27-ին, ըստ NHK հեռուստաընկերության տվյալների, զոհվել է յոթ, հոսպիտալացվել՝ 1,8 հազար մարդ: Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ այդ օրը ջերմաչափի սնդիկի սյունը 35 աստիճանի նշագծից վեր է բարձրացել դիտարկվող 920 կետերից 230-ում:

 

Հիվանդանոցներ տեղափոխվածների մեծ մասը բաժին է ընկնում Ճապոնիայի մայրաքաղաքին. Տոկիոյում ջերմային հարվածով հոսպիտալացվել է 620 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: