«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն նորությունները


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վրդովված է լրագրող Սոտլոֆի մահապատժից

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ ինքը խիստ զայրացած է այն տեսագրությունը դիտելուց հետո, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալը, ենթադրաբար, մահապատժի է ենթարկել ամերիկացի լրագրող Սթիվեն Սոտլոֆին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հաղորդել է Agence France-Presse-ը:

«Մենք բոլորս զայրացած ենք «Իսլամական պետության» զինյալների կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունների վերաբերյալ Իրաքից ստացվող լուրերից, ներառյալ եւս մեկ լրագրողի գազանաբար գլխատելու մասին երեկվա հաղորդումը», -ասել է գլխավոր քարտուղարը:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ներկայում ստուգում են Սոտլոֆի զոհվելու վերաբերյալ տեղեկատվության իսկությունը:

Ինչպես հաղորդել է Reuters-ը, Սոտլոֆն իր մահապատժից առաջ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարկադրված է իր կյանքով վճարել Իրաքի իրադրությանը միջամտելու համար:

Սեպտեմբերի 2-ին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները Համացանցում զետեղել են ամերիկացի լրագրող Սթիվեն Սոտլոֆի մահապատժի տեսագրությունը: «Երկրորդ ուղերձն Ամերիկային» վերտառությամբ տեսագրության մեջ դիմակավոր ահաբեկիչը գլխատում է Սոտլոֆին: Նա նաեւ սպառնում է մահապատի ենթարկել մեկ այլ պատանդի՝ բրիտանացի Դեւիդ Հեյնսին, եւ կոչ է անում մյուս երկրների կառավարություններին հրաժարվել «Իսլամական պետության դեմ Ամերիկայի սատանայական դաշինքին» աջակցելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

Հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի տներից մեկում. կա տուժած

 

ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 9-ին' ժամը 03.50-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 տանը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 04.18-ին: Ա.Մ.-ի տան հյուրասենյակում այրվել է բազմոց (2 քմ): 1979թ. ծնված Վ. Մ.-ն առաջին աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, բժիշկները տուժածի վիճակը գնահատել են կայուն:

 

***
 
 
Ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիան' հարցազրույց վերցնելով հայ գերուց
 
 
Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում է Ժնևյան կոնվենցիայի այն կետերը, որոնք վերաբերում են պատահական սահմանը հատած, գերի ընկած քաղաքացիներին, սահմանում են, որ չպետք է կիրառվի որևէ ճնշում գերի ընկած անձի նկատմամբ, մինչև անգամ հրապարակային ելույթ չպետք է պարտադրվի նրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հերթական անգամ ադրբեջանական Anspress գործակալությունը, անտեսելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիայի դրույթները, հարցազրույց է վերցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հոսպիտալ տեղափոխված, հայ-ադրբեջանական սահմանը հատած Սարգիս Անանյանի հետ և հրապարակել է այդ տեսանյութը:

Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է հայ գերին պատմում այն մասին, թե իբր մտադրված է անցել սահմանը և հանձնվել ադրբեջանական կողմին: Անանյանի խոսքերով' նա նման քայլի է դիմել «նյութական վատ դրության պատճառով»: Հայ գերին պատմել է, որ ունի երկու որդի, որոնք աշխատանքի նպատակով Նոյեմբերյանից տեղափոխվել են Երևան և Ռուսաստան: Նա միայն ցանկություն է հայտնել կապվել որդիների հետ' ասելով' իբր «կվերադառնա Հայաստան միայն այն ժամանակ, երբ երկրում բարելավվի տնտեսական վիճակը»: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի հրապարակած տեսանյութի' Անանյանը, ով խնիրներ ունի ոտքի հետ կապված, «ՊՆ հոպիտալում խնամքի տակ է»:

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին:

 

***

 

Երբ մենք փորձում էինք անել հնարավորն ու անհնարինը նրան փրկելու ուղղությամբ, Անդրեյն արդեն ողջ չէր. Ռուս լրագրողի մահը հաստատվել է

 

"Россия сегодня" միջազգային լրատվական գործակալության ֆոտոթղթակից Անդրեյ Ստենինը զոհվել է Ուկրաինայում, շուրջ մեկ ամիս առաջ, տեղեկությունը հաստատել է փորձաքննությունը: Այս մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարության մեջ: Նրա խոսքով' Անդրեյը մահացել է մեքենայում, որով ընթանում էր խմբագրության կողմից տրված առաջադրանքը կատարելու համար:

«Մեքենայի ուղղությամբ կրակել են, և այն հրդեհվել է Դոնեցկի մոտակայքում: Չորեքշաբթի հայտնի են դարձել փորձաքննության արդյունքները. մեքենայում իսկապես եղել է 33-ամյա, կենսուրախ երիտասարդը, հիանալի, պրոֆեսիոնալ, ոչ անտարբեր մարդը»,- ասվում է հայտարարությունում:

Ինչպես նշված է հայտարարությունում, Անդրեյը երեխաներ չուներ. նա չէր հասցրել ամուսնանալ: Մնաց միայն նրա մայրը, ով այս ողջ ընթացքում իր որդու ճակատագրի վերաբերյալ նորության էր սպասում:

Վերջին հաղորդագրությունը, որ ստացվել է Ստենինից, ով վերջին մի քանի ամիսներին աշխատում էր Ուկրաինայի հարավ-արևելքում, եղել է օգոստոսի 5-ին: Երկու օր անց "Россия сегодня"-ն հայտնել է լրագրողի անհետացման մասին:

Ի պաշտպանություն ֆոտոլրագրողի, ով ուկրաինացի ուժայինների կողմից ձերբակալված էր համարվում՝ բողոքի ակցիաներ էին անցկացվում. շատ զանգվածային լրատվամիջոցներ իրենց էջերում լոզունգներ էին տեղադրել՝ «Ազատ արձակեք Անդրեյին»:

«Մենք շնորհակալ են Ռուսաստանում և արտասահմանում՝ ձեր գործողությունների համար, ձեր աջակցության համար: Ցավոք, երբ մենք փորձում էինք անել հնարավորն ու անհնարինը նրան փրկելու ուղղությամբ, Անդրեյն արդեն ողջ չէր»,- ասվում է հայտարարության մեջ: Ինչպես նշել է Կիսելյովը, Ստենինը դարձել է չորրորդ ռուս լրագրողը, ով զոհվել է Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքում:

Ավելի վաղ զոհվել են Իգոր Կորնելյուկը, Անտոն Վոլիշինը և Անատոլի Կլյանը:

 

 

***

 

Ադրբեջանցի իրավապաշտպանները մեղադրվում են պետական գաղտնիքը հայկական կողմին հայտնելու մեջ

 

Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայություններին պետական գաղտնիքներ հայտնելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցին հայտնել է Գլխավոր դատախազության մամուլի բաժնի ղեկավար Էլդար Սուլթանովը:

Հակիրճ անդրադառնալով քննչական-հետախուզական աշխատանքներին, որոնք տարվել են ադրբեջանական կողմում, Սուլթանովը նշել է, որ Լեյլա Յունուսն իր ամուսնու' Արիֆ Յունուսովի հետ Ադրբեջանի մի շարք քաղաքացիների, ում անունները չեն հայտարարվում, ներգրավել են հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու գործում:

Ըստ Սուլթանովի' Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը կարողացել են հայկական կողմին փոխանցել ադրբեջանական զորամասերի և ռազմավարական տարբեր օբյեկտների գտնվելու վայրերը:

Լեյլա Յունուսին Ադրբեջանի իշխանությունները հուլիսի 30-ին ձերբակալել են պետական դավաճանության և այլ հանցագործությունների մեջ մեղադրանքներով: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Լեյլա Յունուսին ճանաչել է «խղճի բանտարկյալ»:

 

***

 

Կեղծ ահազանգ՝ զինվորական հոսպիտալում պայթուցիկ սարքի վերաբերյալ

 

Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Մուրացան» զինվորական հոսպիտալում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ Օխ-ն:

Հետախուզության արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 

***

 

 

Գայի պողոտայում ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայից բերման են ենթարկել 1983թ. ծնված Կամո Զ.-ին:

Վերջինս օգոստոսի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

 

***

 

 

Ուկրաինան պարիսպ Է կառուցելու Ռուսաստանի հետ սահմանում. Յացենյուկ

 

Ուկրաինան կսկսի պարիսպի կառուցումը Ռուսաստանի հետ սահմանում: Այդ մասին հանրապետության կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում հայտարարել Է վարչապետ Արսենի Յացենյուկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ուկրինֆորմ»-ին:

«Մենք սկսում ենք «Պարիսպ» նախագիծը: Դա Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ սահմանում իրական պատի կառուցում Է»,-ասել Է Յացենյուկը:

 

***

 

Էրդողանն ու Ալիևը դեմ առ դեմ հանդիպել են Բաքվում

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքու այցելած Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Դեմ առ դեմ կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են տարբեր բնագավառներում երկու երկրների բարեհաջող համագործակցությունը: Նրանք հույս են հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն առաջացնող միջազգային հարցերի և խնդիրների շուրջ:

 

***

 

Վիճաբանություն, ծեծկռտուք և սպանության սպառնալիքներ' Երևանում

 

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում վթար է տեղի ունեցել, վարորդները վիճաբանում և հարվածում են իրար:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Հալաբյան փողոցում գտնվող այգու դիմաց միմյանց հետ վիճաբանել են 1985 թ. ծնված Վահան Ա.-ն և 1953 թ. ծնված Լևոն Գ.-ն, որի ընթացքում Լևոն Գ.-ն ձեռքով հարվածել է Վահան Ա.-ի դեմքին' պատճառելով ֆիզիկական ցավ և իր մոտ եղած դանակով սպանության սպառնալիքներ տվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության մամուլի ծառաությունից հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

***

 

ԼՂՀ զորամասերից մեկում զինծառայողների նախաձեռնությամբ փոքրիկ եկեղեցի է կառուցվում 

 

Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայողների նախաձեռնությամբ փոքրիկ եկեղեցի է կառուցվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զորամասի դիվիզիոնի հրամանատարի անձնակազմի հետ աշխատանքների գծով տեղակալ Վարդան Խաչատրյանը՝ հավելելով, որ աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«Աշխատանքը կազմակերպում ենք մենք հենց մեր ուժերով: Մեկնարկը երեք օր առաջ է եղել: Հիմքը մաքրել ենք, հիմնականում բացել ենք տեղը: Ճարտարագետը Գևորգ Ավետիսյան է՝ Շուշիի եկեղեցու վերանորոգողը, նա էլ կազմել է հատակագիծը»,- ասաց Վարդան Խաչատրյանը և նշեց, որ աշխատանքը կատարելու են զինվորները:

Նշենք, որ լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և World Vision Հայաստանի աջակցությամբ:

 

***

 

 

Ադրբեջանը դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումները

 

Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է Ռուսաստան գազի մատակարարումները' կապված վերանորոգման աշխատանքների հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը' հղում կատարելով Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR):

Ընկերությունում չեն ճշտել, թե երբ է դադարեցվել գազի մատակարարումը եւ որքան այն պետք է տեւի:

Այս տարվա ընթացքում Ռուսաստան գազի մատակարարման դադարեցման արդեն երկրորդ դեպքն է սա: Տարվա սկզբից մինչեւ հունիսի սկիզբը եւս Ռուսաստան գազ չէր մատակարարվել ավտոճանապարհի նորոգման պատճառով:

 

***

 

Լեւոն Հայրապետյանի փաստաբանը հույս ունի պաշտպանյալին ազատության մեջ տեսնել սեպտեմբերի 15-ին

 

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցում հայազգի բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանն անհրաժեշտ բուժզննում անցելուց հետո կրկին տեղափոխվել է կալանավայր:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանն ասաց, որ զրուցել է Հայրապետյանի փաստաբանի հետ եւ տեղեկացել, որ բուժզննումից հետո գործարարն իրեն ավելի լավ է զգում: «Փաստաբանն ինձ ասաց, որ դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին:

Նա հավաստիացնում է, որ չկա որեւէ էլեմենտ, որեւէ հարց, որի պատճառով Հայրապետյանին կպահեն կալանավայրում: Փաստաբանի համոզմամբ, սեպտեմբերի 15-ին Լեւոն Հայրապետյանին հենց դատարանից ազատ կարձակեն»,- ասաց Մացակ Փոլադյանը' հավելելով, որ օրեցօր հայ գործարարի հետ կապված գործն ավելի մեծ արձագանք է ստանում եւ վստահ է, որ արդարությունը հաղթանակելու է:

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

Գործարարը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը:

Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Սեպտեմբերի 1-ի գիշերը ն րան տարել են քաղաքացիական հիվանդանոց ստուգման:

 

***

 

 

Ոստիկանները չեն ընդունել հանցագործության մասին հաղորդումը. ՀՔԾ

 

Քաղաքացի Ալֆրեդ Բ.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մասում բանավոր հաղորդում է ներկայացրել իրեն պատկանող' Երևանի Խորենացու փողոցի 25-րդ շենքում գտնվող բնակարանում կատարված գողության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ահազանգի հիման վրա ոստիկանության երկու աշխատակիցներ գնացել են Ալֆրեդ Բ.-ի բնակարան, սակայն հանցագործության մասին ստացված հաղո րդումը չեն ընդունել, չեն գրանցել և բացահայտման ուղղությամբ չեն իրականացրել իրենց պարտականությունները:

Ալֆրեդ Բ.-ն նույն օրը նույն դեպքի մասին երկրորդ անգամ է ահազանգել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի հերթապահ մաս: Արդեն երկրորդ ահազանգով Ալֆրեդ Բ.-ի բնակարան այցելած այս անգամ արդեն քննիչն իր գործընկերների թույլ տված խախտումները թաքցնելու դիտավորությամբ դեպքի վայրի զննության մասին արձանագրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

ԻԼԻՊ-ը զանգվածային սպանություն է իրագործել Դեր Զորում

 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն»՝ ԻԼԻՊ կոչվող խմբավորումը սեպտեմբերի 3-ին նոր հանցագործություններ է իրականացրել Դեր Զորում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զանգվածային սպանության զոհ է դարձել 15 քաղաքացի, նրանց մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Զինյալները Շուլա շրջանում հարձակվել են ուղևորատար ավտոբուսի վրա: Ուղևորները հիմնականում Դեր Զորի Աբու Համամ և Տայանա գյուղերից են:

Բացի այդ, Սիրիայի Սուեյդա և Դարաա մարզերի միջև Դամա-Արիկա ճանապարհին սեպտեմբերի 3-ին պայթյուն է որոտացել: Տեղի ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչները 2 պայթուցիկ սարքավորումներ են տեղադրել Դամա-Արիկա ճանապարհին, որոնց պայթյունից ուղևորատար ավտոբուս է վնասվել: Պայթյունների հետևանքով 5 քաղաքացի զոհվել է, ևս 9-ը վիրավորվել: Պարզվել է, որ պայթուցիկ սարքավորումներից մեկը կշռել է 10, մյուսը 20 կիլոգրամ:

Նախորդ ամվսվա ընթացքում կրկին ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել Դամա գյուղի ուղևորատար ավտոբուսի վրա, որի հետտևանքով 5 մարդ զոհվել էր, ևս 14-ը' վիրավորվել:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: