Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինիս ձերբակալության վերաբերյալ համացանցում տարբեր տեսակետներ հնչեցին, այդ թվում նաև ձերբակալությունը կապեցին Սանկտ-Պետերբուրգում կայանացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման հետ:
«Ես չեմ կարծում, որ Սեֆիլյանի ձերբակալությունն անմիջական կապ ունի երեկվա հանդիպման հետ: Ես, իհարկե, ծանոթ եմ լրատվական դաշտում հայտնված այն տեսակետներին, որ երեկվա ձերբակալությունը պատահական չէր, որ տեղի ունեցավ հենց հանդիպման օրը: Գուցե իշխանությունները միտումնավոր փորձել են կապել այդ հանդիպման հետ, բայց չեմ կարծում այս ձերբակալությունն էական նշանակություն է ունեցել իշխանությունների համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:
Վերջինս նշեց նաև, որ այս ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի և դա միանշանակ է:
«Բազմաթիվ հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն: Հայաստանում իրավապահ համակարգը 20 տարուց ավելի իրավապահի փոխարեն վերածվել է իշխանապահ համակարգի: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող պարզել` ինչն է բերել ձերբակալման: Հետագա գործողությունների օբյեկտիվության վերաբերյալ ևս ոչինչ ասել չենք կարող, որովհետև, եթե նրան անգամ մեղադրում են, գործը հասնում է դատարան, բայց վկայություն չկա, գիտենք, դա այսպես ասած քաղաքական պատվեր է, քաղաքական գործընթաց: Իսկ քաղաքական գործընթացները դժվար է կանխագուշակել, եթե դու դրա պատվիրատուն չես:
Այդ իսկ պատճառով մենք չենք կարող ասել ձերբակալությունը, որքանով կապ ունի երեկվա հանդիպման հետ: Ինքս չեմ կարծում, որ Սեֆիլյանը որևէ կերպ կկարողանար խանգարել երեկվա հանդիպմանը, ես դրա հետ համամիտ չեմ: Առավելևս գիտեմ, որ Սեֆիլյանի ստեղծած քաղաքական բոլոր միություններն էլ որևէ քաղաքական կշիռ Հայաստանում չունեցան, ո՛չ Նոր Հայսատանը, ո՛չ Նախախորհրդարանը: Մենք տեսնում ենք նրանց հանրահավաքներին ընդամենը լավագույն դեպքում մի քանի տասնյակ մարդիկ են գալիս, նա այդ քաղաքական կշիռը չունի, որ խանգարիչ հանգամանք լինի: Այդ իսկ պատճառով մենք չենք կարող ասել, որ անմիջականորեն կապ ունի դրա հետ:
Տարօրինակ է դառնում, որ Հայսատնում կես տարին մեկ ինչ-որ զինված խումբ է ձերբակալվում: Խոսվում է նաև այն մասին, որ նա պատրաստվում էր գնալ կորցրած 800 հա հողերը «հետ բերեր», մարդիկ կան, որ կգնան նրա հետևից, բայց դա այդքան էլ հեշտ չի: Իշխանությունը որոշեց ձերբակալել` ձերբակալեց»,- Բադալյանը:
Գ.Հ.