«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.


Մահվան ելքով վրաերթ' Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

 

Հոկտեմբերի 9-ին, ժամը 01.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ «Ասֆալտի գործարանի» մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ և դիակը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 6-րդ կմ-ի մոտակայքում «ՈւԱԶ» մակնիշի 34ZF226 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Բ. ծնվ. 1982թ.) ավտոմեքենան նախնական տվյալներով վրաերթի է ենթարկել Հ. Ա.-ին (ծնվ.1957թ.), ով ստացված վնասվածքներից' տեղում մահացել է. այնուհետև «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Հրշեջ-փրկարարները դիակի մնացորդները տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, գազազրկել և հոսանքազրկել են «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Դեպքի վայրից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերվել է զոհված քաղաքացու «Օպել» մակնիշի 22ՏՏ942 պետհամարանիշի ավտոմեքենան՝ կայանված ճամփեզրին:

 

***

 

Աշխարհում նոր «մեծ յոթնյակ» Է հայտնվել. Financial Times

 

Աշխարհում ստեղծվել Է նոր «մեծ յոթնյակ», որը ներառում Է Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Չինիաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը եւ Թուրքիան: Ինչպես ասված Է Financial Times թերթի տնտեսական տեսության մեջ, գնողունակության զուգակշռությամբ հաշվարկված համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով այն առաջ Է անցել Յոթի խմբի երկրներից (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա), տեղեկացնում Է «Արմենպրես» -ը:

 

Հրատարակության տնտեսական մեկանաբաններն այս եզրակացությանն են հանգել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ հոկտեմբերի 7-ին հրապարակված զեկույցի ուսումնասիրումից հետո: Փաստաթղթին համապատասխան, «նոր յոթնյակի»՝ ըստ գնողունակության զուգակշռության հաշվարկված ՀՆԱ-ի միագումար ցուցանիշը կազմում Է 37,8 տրիլիոն դոլար, մինչդեռ Յոթի խմբում այն հասել Է սոսկ 34,5 տրիլիոնի:

 

Financial Times-ի հետազոտողների կարծիքով՝ այս տվյալները մատնանշում են համաշխարհային ասպարեզում կտրուկ փոփոխություններն ուժերի հավասարակշռության բնագավառում. «Այժմ վարկանիշի առաջին քսանյակում հորիզոնականների կեսն զբաղեցնում են զարգացող տնտեսությամբ երկրները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

***

 

29 ընտանիք՝ անելանելի վիճակում

 

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ վթարային շենքի բնակիչներն այսօր կառավարության դիմաց էին: Նրանք պահանջում են իրենց կա′մ նոր բնակարանով ապահովել, կա′մ վերաբնակեցնել:

 

Բնակիչների խոսքով՝ վթարային շենքի 29 ընտանիք հայտնվել է անելանելի վիճակում:

 

Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում:

 

 

 

***

 

 

Ռուսաստանում նոր քրեական գործ է հարուցվել Հայաստանի քաղաքացու դեմ

 

 

Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքում նոր քրեական գործ է հարուցվել Անդրանիկ Ցականյանի դեմ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

Հուլիսի 23-ի երեկոյան նա մարդ է ծեծել փողոցում, և այդ փաստը քաղաքի ոստիկանությունը փորձել է թաքցնել:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ի երեկոյան, «Եվգենիա» սրճարանում վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը հերթով շշով հարվածել են մեկ այլ այցելուի գլխին:

Գլխի վնասվածք ստացած Ռոման Սավչենկոն իր ընկերներ Անատոլի Լարիոնովի ու Ռուսլան Աբդուլժալիլովի հետ ուղևորվել են հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց Ցականյանն ու իր 30 ընկերները նույնպես ուղևորվել են հիվանդանոց, այնտեղ դաժան ծեծի են ենթարկել Լարիոնովին, Աբդուլժալիլովին ու բուժքույր Նինա Ստենկային: Ավելի ուշ Անատոլի Լարինովը մահացել է:

Քրեական գործ է հարուցվել խուլիգանության, մտադրված կերպով առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածներով:

 

***

 

ԵՄ-ն Թուրքիային քննադատող զեկույց է հրապարակել

 

Եվրամիությունն իր հրապարակած ամենամյա զարգացման մասին զեկույցում խստորեն քննադատել է Թուրքիային' արդարադատության և մամուլի ազատության ոլորտներում տիրող վիճակի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Today’s Zaman պարբերականը:

 

Անդրադարձ կատարելով 2013 թվականի դեկտեմբերին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործողությանը և դրանից հետո սկսված դատական գործընթացներին' զեկույցում նշվում է, որ ոստիկաններին, դատավորներին և դատախազներին աշխատանքից ազատելու վերաբերյալ որոշումները մեծապես ազդեցին համապատասխան մարմինների պատշաճ գործունեության վրա:

 

Զեկույցում խոսվում է այն մասին, որ «ԵՄ ռազմավարական գործընկեր» հանդիսացող պետությունում' Թուրքիայում, լուրջ խնդիրներ կան լրատվական դաշտի ազատության հետ կապված: Ընդգծվում է այն փաստը, որ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող ճնշումները լուրջ գրաքննության պատճառ են դառնում, ինչն էլ խոչընդոտում է մամուլի ազատությանը: Այս առումով հիշատակվել է կառավարության կողմից Twitter-ն ու YouTube-ն օգտագործելու արգելքի սահմանումը, որը հետագայում վերացվեց:

 

ԵՄ-ն նշել է, որ կառույցի հետ Թուրքիայի բանակցություններն առավել արդյունավետ կլինեն, եթե Անկարան կատարի իր պարտականությունները:

 

***

 

Մոսկվայում 18 անգամ կրակել են Ադրբեջանի քաղաքացու վրա

 

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում անհայտ անձն Ադրբեջանի քաղաքացու վրա կրակ է բացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական Azadliq կայքը, ադրբեջանցին ծանր վիճակում հասցվել է հիվանդանոց:

Բժիշկները ադրբեջացու մարմնից 18 փամփուշտ են հանել: Նրա ինքնությունը դեռևս հստակեցվում է: Հաղորդվում է, որ ադրբեջանցու վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու հանցագործության պատճառներն ու դրա հեղինակին:

 

***

 

Գագիկ Ծառուկյանը՝ «եռյակի» հանրահավաքին մասնակցելու և նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին

 

Վաղը' ժամը 18:00-ին «եռյակի» հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

«Ո՞նց կարող է պատահել, եթե հանրահավաք լինի, իմ կուսակցականներն այնտեղ լինեն, Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի»,- ասաց Ծառուկյանը:

 

Խոսելով իր՝ նախագահի պաշտոնում թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ, ԲՀԿ առաջնորդը նշեց. «Իմ մտքում կա 4-5 թեկնածու՝ նոր նախագահի ընտրության համար, ովքեր արժանապատիվ մարդիկ են և կարող են զարգազման ուղու վրա դնել երկիրը և խնդիրները կարգավորել: Եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը դրանցից որևէ մեկի թեկնածությունն առաջադրի, ապա ես պատրաստ եմ նրա կողքին կանգնել և թեկնածությունը պաշտպանել:

 

Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը ներկայացնեն, որ այս ծանր պահին իմ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն դրան էլ եմ պատրաստ: Կարող եմ ասել, որ մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծումներ կունենան, պետությունը կդրվի ճիշտ հիմքերի վրա ու ոչ միայն խոսքերով, այլ դա մարդիկ կզգան: Այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում կամ մի կուսակցության որոշում: Բոլոր կուսակցություններում կան բանիմաց մարդիկ, դա մեր ազգի հարստությունն է»:

Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ պետք է համախմբվել, քննարկել, լսել և կարողանալ ճիշտ որոշում կայացնել: