«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Դատապարտյալը մահացել է ՔԿՀ-ի աշատակիցների կողմից բուժօգնություն չստանալու հետևանքով. ՀՔԾ
Քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման, 2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ամուսնուն, ծեծելով ու այլ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ միայն մեկ օր ապօրինի պահելուց հետո ձերբակալել են:
Բացի դրանից, իր ամուսնուն կալանավորելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, ինչի արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
***
Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով
Հայաստանի բանկերում և փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Դեկտեմբերի 18-ի համեմատ դոլարն էժանացել է 21.68 դրամով' կազմելով միջինը 495.48 դրամ: Ընդ որում, բանկերում դոլարի վաճառքի համար սահմանված նվազագույն գինը 480 է, առավելագույնը' 510 դրամ:
Եվրոյի վաճառքի փոխարժեքն արդեն նվազել է 29.9 դրամով: Բանկերը եվրոն գնում են միջինում 552.52 դրամով և վաճառում' 616.84 դրամով:
Երեկվա համեմատ 0.27 դրամով բարձրացել է ռուբլու փոխարժեքը: Բանկերը ռուբլին առնում են միջինում 7.16 դրամով և վաճառում' 8.56 դրամով:
***
Ադրբեջանական բանակը հերթական կորուստն է ունեցել
Բաքու-Գուբա ավտոմայրուղու 49-րդ կմ-ի վրա բեռնատարի հետ «Թոֆաշ» տեսակի մարդատար ավտոմեքենայի բախման արդյունքում տեղում զոհվել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ' ենթասպա, ջոկի հրամանատար Ռահաթ Էմին օղլու Մուրադովը (ծնվ. 1980 թ.) եւ կապիտան, վաշտի հրամանատար Էմիլ Թահիր օղլու Ասգերովը (ծնվ. 1985 թ.): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է moderator.az լրատվական կայքը:
«Թոֆաշ»-ի առաջնամասը, որը վարում էր Ռահաթ Մուրադովը, բեռնատարի հետ բախման հետեւանքով ամբողջությամբ ճզմվել է, եւ փրկարարներին հազիվ է հաջողվել այնտեղից դուրս բերել զինծռայաողների մարմինները: Փաստի հետ կապված Ադրբեջանի պետական ճանապարհային փոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Հետաքրքիր է, որ այս ավտովթարի մասին լուրը հայտնել է նաեւ APA լրատվական գործակալությունը, սակայն, չի նշել, որ «Թոֆաշ»-ի մեջ գտնվող Ռահաթ Մուրադովն ու Թահիր Ասգերովն ադրբեջանական բանակի զինծառայողներ են:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի զինված ուժերում զոհվել է 87 զինծառայող, որոնցից 55-ը' ոչ մարտական պայմաններում, 117 զինծռայաողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
***
Գներն այսպես էլ մնան, կասենք՝ շնորհակալություն. քաղաքացիները' ապրանքների գների մասին. հարցում
Հայաստանում դոլարի կտրուկ բարձրացումը մի քանի օր իսկապես խուճապ էր առաջացրել Հանրապետությունում: Ընդամենը 2-3 օրվա ընթացքում շատ տնտեսվարողներ, ցուցաբերելով անբարեխիղճ գործելաոճ, հասցրին աշխատել մեծ գումարներ՝ քաղաքացիների հաշվին:
Պատճառաբանելով, որ ապրանքը ներկրվել է դրսից, նրանք գները բարձրացրին, այն պարագայում, երբ դոլարի փոխարժեքը բարձր էր եղել 2-3 օր: Այս ընթացքում, ակնհայտ է, որ այդ ապրանքները չեն ներկրվել, այլ պարզապես նրանք փորձել են ետ չմնալ գումար աշխատելու գայթակղությունից:
Հայաստանում առկա փորձը ցույց է տալիս, որ այս անգամ ևս բարձրացված գները հնին չեն վերադառնա, այն էլ՝ Ամանորի նախաշեմին: Երեկ էլ արդեն նկատելի էին գների իջեցումներ, սակայն ոչ այնչափ, որքան բարձրացվել էին:
Այսօր Լուրեր.com-ը փորձեց երևանաբնակներից տեղեկանալ՝ արդյոք մեր համաքաղաքացիները նկատե՞լ են գների իջեցում խանութներում:
***
Մի խումբ քաղաքացիներ կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացրին գնաճի դեմ
Մի քանի տասնյակ քաղաքացիներ դեկտեմբերի 19-ին կառավարության դիմաց բողոքում էին դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճի դեմ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հավաքված մարդիկ նշում էին, որ դոլարի արժևորմանը զուգահեռ բարձրանում է թե ներմո ւծվող ապրանքների, թե տեղական արտադրության ապրանքների ու ծառայությունների գները: Լրագրողների հետ զրույցում ակցիայի նախաձեռնող-մասնակիցներից մեկը նշեց, որ կառավարության անդամներից ակնկալում են մի քանի քայլերի ձեռնարկում:
«Մինչև դեկտեմբերի 23-ը պահանջում ենք առաջին անհրաժեշտության ապրանքների ու ծառայությունների գները մինչճգնաժամային մակարդակի բերել։ Այս պահանջի չիրականացման դեպքում կոչ ենք անելու բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները։ Իջեցնել գազալցակայաններում գազի գինը։Շարունակությունն՝ այստեղ:
***
Գագիկ Ծառուկյան. «Երեք քաղաքական ուժեր միավորվել են, այդ թվում՝ ՀՀԿ-ն»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հյուրանոցի բացման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված ֆինանսատնտեսական վիճակին:
Հարցազրույցի ընթացքում ԲՀԿ նախագահը տեղեկացրեց, որ հանձնարարել է իր կուսակցության տնտեսագետներին հավաքվել և քննարկել ստեղծված իրավիճակը:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ քննարկումներից հետո երեք քաղաքական ուժեր միավորվել են, այդ թվում՝ ՀՀԿ-ն: Քննարկումները տեղի են ունեցել առանց լրագրողների, քանի որ «ձևական բաների հետևից չեն ընկնում»: Ներկա են եղել կուսակցությունների նվիրյալները, ովքեր տնտեսությանը տիրապետում են:
«Դռնփակ քննարկման ժամանակ կուսակցության պատկանելությունը կապ չի ունեցել: Կապ է ունեցել տվյալ իրավիճակը, ժողովրդի խուժապը, դրամի արժեզրկումը: Այդպես պետք է լինի բոլոր հարցերի շուրջ, ոչ թե տարբերություն դնեն՝ ով որ կուսակցությունից է՝ իշխանական, ոչ իշխանական»:
***
Թանկացումները անհանգստացնում են Կառավարությանը, բայց գները կարգավորում է շուկան. Դավիթ Հարությունյան
Հայաստանի սպառողական շուկայում վերջին օրերին եղել են տատանումներ, որոնք անհանգստացրել են Կառավարությանը, սակայն գները կարգավորում է շուկան, և Կառավարության խնդիրն է վերահսկել այն: Այս մասին ՀՀԿ գերագույն մարմինի նիստից առաջ լրագրողներ հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նա հավաստեց, որ Կառավարությունը հանձնարարա կաններ է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և փորձում է ծանոթանալ իրավիճակին: «Հանձնաժողովը չի ենթարկվում անձամբ կառավարությանը, բայց վերջինս իրավունք ունի ծանոթանալու իրավիճակին և ըստ անհրաժեշտության հանձնարարականներ տալ:
Շուկայում տատանումներ եղել են, այո’, և պետության խնդիրն է վերահսկել այդ ամենը: Իհարկե, հնարավոր է, լինեին նաև չարաշահումներ, բայց դա չի նշանակում, որ պետությունը կարող է փոխահատուցել վնասները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Հարությունյանը:
Հայաստանի սպառողական շուկայում դրամի արժեզրկումից հետո թանկացումները նոր թափ են ստացել: Եթե մինչև նոյեմբեր գնաճ էր նկատվում հատուկենտ ապրանքների մասով, ապա դեկտեմբերի երկրորդ 10-օրյակից հետո գրեթե բոլոր ապրանքների գները բարձրացել են: Վարչապետը իրավիճակին ծանոթանալու համար դեկտեմբերի 18-ին շրջայց է կատարել առևտրի կենտրոններում և խոստացել, որ գները կշտկվեն: