Ինչպես արդեն նշվել է, նոյեմբերի 1-ին, Երկրապահ կամավորականների միությունում լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հարյուրավոր գերիներ է ունեցել և, որ նրանցից մեկին էլ, ում անունը ինքը կնքել էր Սիմոն, պահել է իր տանը: Գեներալի այս հայտարարությունը վերջին օրերին բուռն քննարկման առիթ է դարձել ինչպես լրատվական դաշտում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում: Ավելին՝ որոշ իրավապաշտպանների կարծիքով' ադրբեջանցի գերուն իր տանը պահելով գեներալը խախտել է Ժնևի կոնվենցիաները: Ադրբեջանցի գերուն իր տանը պահելու հետ կապված պարզաբանումների խնդրանքով դիմեցինք գեներալ Մանվել Գրիգորյանին:
-Պարոն գեներալ, որոշ իրավապաշտպանների կարծիքով՝ ադրբեջանցի գերուն Ձեր տանը պահելով խախտել եք Ժնևի կոնվենցիաները:
-Էդ որոշ իրավապաշտպանները ովքե՞ր են, իրանք պատերազմ տեսե՞լ են, գիտե՞ն՝ գերին ի՞նչ ա, թե՞ մենակ կինոներում են տեսել: Էդ մարդիկ գիտե՞ն, թե մեր գերիների հետ ինչեր են արել ադրբեջանցիները… Եթե չգիտեն, թող գան հետաքրքրվեն, մի քանի բան պատմեմ, դրանից հետո ինձ կարող ա շնորհակալություն ասեն, որ Սիմոնին մեր տունն եմ պահել ու ողջ-առողջ ուղարկել եմ Ադրբեջան: Հա, մեկ էլ էդ իրավապաշտպաններից որը՞ մի բառ ասեց էս վերջերս, որ Շամշադինից մեր գերուն, Կարենին տանջեցին ու սպանեցին մի օրվա մեջ: Ոնց որ ըտենց բան չեմ հիշում, որ էդ իրավապաշտպանները էդ թեմայով խելքին մոտիկ բան ասած լինեն: Հիմա ասում են' կոնվենցիա եմ խախտել. ճիշտն ասած որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, ու ես ու իմ նման հազարավոր տղերք կամավոր գնացինք մեր հողը պաշտպանելու, էդ արանքում չհասցրեցինք Ժնևի կոնվենցիաները կարդանք, նոր գնանք: Երևի իրանք ժամանակ ունեցել են կարդան: Ես հայ քրիստոնյա եմ ու պատերազմի դաշտում թե խաղաղության մեջ, իմ Ժնևի կոնվենցիան իմ հավատքն ա եղել ու իմ խիղճը: Ես միշտ դրանցով եմ առաջնորդվում:
-Պարոն Գրիգորյան, բայց գերին գերի է, պետք է պահպանվի հատուկ տարածքում:
-Հատուկ տարածքը ո՞րն ա… թե չգիտեք, իմացեք' էն ժամանակ Ղարաբաղում չկային հատուկ տարածքներ, այլ կար ինքնապաշտպանական տարածքներ: Գերիներին մարդիկ իրանց տներում էին պահում: Էն ժամանակ զինվորներն էլ հատուկ մնալու տեղ չունեին: Մենք էլ, գերիներն էլ, սաղովս էլ տներում էինք ապրում… Ես մինչև 95 թվականը ապրել եմ այդ ինքնապաշտպանական տարածքներում, իսկ 95-ից հետո մինչև 2000 թվականը ընտանիքիս հետ ապրել եմ զորամասի տարածքում և Հայաստան եմ եկել 10-15 օրով, այն էլ տարվա մեջ 1 անգամ, իսկ էդ ժամանակ իմ գործն էլ էն էր, որ դրանց հանկարծ ոչ մեկ չվնասի, չնեղացնի: Որովհետև մենք հարյուրավոր գերիներ և դիակներ ունեինք իրենց մոտ ու մինչև այսօր էլ ունենք, մեր զոհված ընկերների դիակները պետք է փոխանակեինք և հանձնեինք հարազատներին:
Մանրամասները` այստեղ: