«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Խարկովում փետրվարի 23-ը սգո օր է հայտարարված
Խարկովում փետրվարի 23-ը սգո օր է հայտարարված «Միասնության երթ» խաղաղ ակցիայի ժամանակ իրականացված պայթյունից զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է քաղաքի վարչակազմի ղեկավար Գենադի Կեռնեսը:
Խարկովում կխոնարհվեն պետական դրոշները եւ չեղյալ կհայտարարվեն ժամանցային միջոցառումները: Տեղական ժամանակով ժամը 13:00-ին քաղաքում կհայտարարվի լռության րոպե:
Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ Մայդանում զոհվածների հիշատակին նվիրված երթի ժամանակ տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել երկու մարդ, եւս 11-ը վերքեր են ստացել:
Իրավապահ մարմինները պատահածը գնահատում են որպես ահաբեկչական գործողություն, քաղաքում հակաահաբեկչական գործողություն է անցկացվում: Հաղորդվել է չորս կասկածյալների ձերբակալման եւ նրանցից առգրավված զենքի մասին:
***
«Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական կյանքի օրակարգ. Նիկոլ Փաշինյան
Մեկնարկել է ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանը: Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ քիչ անց քվեարկության կդրվի «Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
«Մենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամներս, մեզ հաշիվ ենք տալիս, որ նախագիծը գործող Ազգային ժողովի օրակարգ մտնելու շանսեր չունի: Բայց քիչ անց՝ տեղի ունենալիք քվեարկության պահից, այսպես թե այնպես, այս իրավաքաղաքական փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական կյանքի օրակարգ, և մեր խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի քաղաքական պայմաններ, որ Սերժ Սարգսյանին ներկայացվող մեղադրանքներն օրենքով սահմանված կարգով քննվեն Հայաստանի դատաիրավական համակարգի կողմից: Կանխելով շահարկումները՝ ընդգծեմ, որ նախագիծը չի խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը:
Այստեղ շարադրված են հանրահայտ փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության մութ կողմերի վերաբերյալ, օդում կախված չստուգված լուրերը վերջնականապես ստուգելու համար»:
Միևնույն ժամանակ, Փաշինյանն իր և «Քաղաքացիական պայմանագիր» միավորման անունից պաշտոնապես հայտարարեց, որ այն Հայաստանը, որին ձգտում են իրենք՝ քաղաքացիական պայմանագիր միավորման անդամները, մի պետություն է, որը կատարելապես զերծ է քաղաքական հետապնդումներից, որտեղ բոլոր մարդիկ անվերապահորեն հավասար են օրենքի առաջ:
«Սույն առիթով իմ և «Քաղաքացիական պայմանագրի» անունից դատապարտում եմ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը՝ առանց բացառության, անկախ վաղեմության ժամկետներից:
Մենք մեր հիմնական առաքելությունը համարում ենք քաղաքական հետապնդումներից, ամենաթողությունից, անպատժելությունից ազատ Հայաստան»,- ասաց Փաշինյանը:
***
Կհարցնեք Գագիկ Ծառուկյանին. Գալուստ Սահակյանը' Սարգսյան-Ծառուկյան հանդիպման պայմանավորվածությունների մասին
Գագիկ Ծառուկյանը դեռևս հիմնավորներ չի ներկայացրել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդի՝ Ազգային ժողովից բացակայությունների մասին:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ լրիվ ուսումնասիրվել է ընդհանրապես Ազգային ժողովի բացակայությունների խնդիրը, իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան:
«Ես լրացուցիչ, նոր տեղեկանքներ եմ ուզել և կարծում եմ՝ ժամանակին, պատշաճ կերպով, այդ խնդրի լուծումը կտրվի իմ կողմից»:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս են նախկինում հարգելի համարված բացակաների հիման վրա Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Երբ գործառույթը ավարտենք, կտեղեկացնենք բոլորին»: Ճշգրտող հարցին էլ, թե արդյոք նախկինում բացակաները հարգելի՞ են համարվել, Սահակյանը նշեց. «Այս պահին ես չեմ կարող որևէ բան ասել այդ ուղղությամբ, որովհետև դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել»:
Հարցին, թե ինչ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, Գալուստ Սահակյանն ասաց. «Կհարցնեք Գագիկ Ծառուկյանին և եթե կցանկանաք հղում արեք Նախագահին, միգուցե կպատասխանի»:
Խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ հարկային պարտավորություններից խուսափելու վերաբերյալ լուրերը ստուգելու գործընթացին՝ Սահակյանն ասաց՝ Ազգային ժողովի նախագահը ստուգող չէ, ոչ էլ ՀՀԿ-ն է ստուգող, կուսակցություն է. «Նույնը ես կարող եմ ձեզ հարցնել՝ դուք պեղելո՞ւ եք, հետաքննություն կատարելո՞ւ եք հայտարարությունների վերաբերյալ, թե՞ ոչ»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ չի գործադրում և որ դա քաղաքական իրավիճակներից բխող մոտեցում է:
***
Երևանի թիվ 195 դպրոցի մոտ 2 աշակերտներին դանակահարողը ներկայացել է ոստիկանություն
Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում փետրվարի 22-ին' ժամը 19.20-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2000թ. ծնված Բ. Ն.-ն: Նույն օրը' ժամը 21.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001թ. ծնված Վ. Ս.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրի ն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ փետրվարի 22-ին' ժամը 19.00-ին, թիվ 195 դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Բ. Ն.-ին և Վ. Ս.-ին: Ըստ բժիշկների տեղեկանքի' վերջիններս ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանց դանակով հարվածել և վնասվածքները պառճառել է 1998թ. ծնված Ս. Ա.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին' ժամը 01.00-ին, ներկայացել է բաժին: Կատարվում է քննություն:
***
Շարմազանովը ՀԱԿ-ի համար քաղաքական դաշտում անելիք չի տեսնում
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքեց «Հայաստանում քաղաքական ճգնաժամի մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին: ԱԺ փոխնախագահը, ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ուշադրությամբ լսել է Լևոն Զուրաբյանի ելույթը և ակամայից հիշ ել է ֆրանսիական բուրբոններին, ում մասին ասել են.
«Նրանք ոչինչ չեն մոռացել և ոչինչ էլ չեն սովորել»: «Հիմա խոսում ենք ճգնաժամի մասին, և ես կփորձեմ խոսել փաստերով: Այո, Հայաստանում կա ճգնաժամ, խորհրդարանում կա ճգնաժամ, քաղաքական դաշտում կա ճգնաժամ, սակայն դա ոչ թե կառավարման ճգնաժամ է, այլ ընդդիմության կամ ընդդիմության մի հատվածի ճգնաժամն է: Դրա վառ ապացույցն այստեղ է: Ձեր ներկայացրած փաստաթղթի տակ, որը մենք քննարկում ենք, ստորագրել է մի ամբողջ խմբակցություն, որն այս պահին ձեզ հետ չէ, ձեր գաղափարները չի կիսում: Այսինքն՝ նրանց բացա կայությունը դրա մասին է խոսում: Բացակաների մասին խոսում են կամ լավը կամ՝ ոչինչ: Դրա համար ես հիմա ձեռնպահ կմնամ նրանց մասին խոսելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Շարմազանովը:
Նրա գնահատմամբ՝ քանի դեռ Հայաստանում քաղաքական պայքարը գաղափարական չէ, քանի դեռ ամեն ինչ անձնավորված է, և դա արվում է հենց ընդդիմության կողմից, քաղաքական դաշտում լինելու է ընդդիմության ճգնաժամ: «Որովհետև մենք քննադատում ենք ոչ թե երևույթները, այլ քննադատում ենք անձանց: Մենք ասում ենք, եթե այս մարդն իմն է, ուրեմն լավն է: Ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ համամիտ լինել, կարող եմ Լևոն Զուրաբյանի կարծիքի հետ համամիտ լինել կամ չլինել, սակայն ընդդիմությունը պետք է ունենա գործիք, իսկ այդ գործիքը պայքարն է Սահմանադրության շրջանակերում:Շարունակությունն՝ այստեղ:
***
Արտարժույթներն էժանացել են
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' փետրվարի 23-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով' կազմելով 478.91 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 541.74 դրամ: ՌԴ ռուբ լու փոխարժեքը նվազել է 0.24 դրամով' կազմելով 7.5 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 735.89 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը փետրվարի 23-ին կազմել է 18 հազար 603.8 դրամ, արծաթի գինը՝ 251.59 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 953.27 դրամ: