Գագիկ Ծառուկյանը դեռևս հիմնավորներ չի ներկայացրել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդի՝ Ազգային ժողովից բացակայությունների մասին:

 

Գալուստ Սահակյանի խոսքով՝ լրիվ ուսումնասիրվել է ընդհանրապես Ազգային ժողովի բացակայությունների խնդիրը, իրավական տեսքի է բերվել, լրիվ հիմնավորումները կան:

 

«Ես լրացուցիչ, նոր տեղեկանքներ եմ ուզել և կարծում եմ՝ ժամանակին, պատշաճ կերպով, այդ խնդրի լուծումը կտրվի իմ կողմից»:

 

Դիտարկմանը, թե ինչպե՞ս են նախկինում հարգելի համարված բացակաների հիման վրա Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու, ԱԺ նախագահը պատասխանեց. «Երբ գործառույթը ավարտենք, կտեղեկացնենք բոլորին»: Ճշգրտող հարցին էլ, թե արդյոք նախկինում բացակաները հարգելի՞ են համարվել, Սահակյանը նշեց. «Այս պահին ես չեմ կարող որևէ բան ասել այդ ուղղությամբ, որովհետև դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել»:

 

Հարցին, թե ինչ պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, Գալուստ Սահակյանն ասաց. «Կհարցնեք Գագիկ Ծառուկյանին և եթե կցանկանաք հղում արեք Նախագահին, միգուցե կպատասխանի»:

 

Խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ հարկային պարտավորություններից խուսափելու վերաբերյալ լուրերը ստուգելու գործընթացին՝ Սահակյանն ասաց՝ Ազգային ժողովի նախագահը ստուգող չէ, ոչ էլ ՀՀԿ-ն է ստուգող, կուսակցություն է. «Նույնը ես կարող եմ ձեզ հարցնել՝ դուք պեղելո՞ւ եք, հետաքննություն կատարելո՞ւ եք հայտարարությունների վերաբերյալ, թե՞ ոչ»:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական ճնշումներ չի գործադրում և որ դա քաղաքական իրավիճակներից բխող մոտեցում է: