Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը դադարեցրել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը: Գագիկ Ծառուկյանը իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Արդեն ընդհատել եմ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու համար ուսումնասիրությունները և որոշումն այն է, որ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու խնդիր չկա: Ես օրեր առաջ լրացուցիչ մեկնաբանություններ եմ ստացել Ծառուկյանից: Մեկնաբանությունը հետևյալն էր, որ ինքն իմացել է, որ գրությամբ իր բացակայությունները հարգելի են, որն իրողություն է և այս պահին չի կարող փաստաթղթեր ներկայացնել, քանի որ խնդիրն այն է, որ բացակայությունները հարգելի են համարվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Հարցին, թե այլ կերպ ասած իշխանությունները «փոշմանե՞լ են», Գալուստ Սահակյանը նշեց. «Իշխանությունները երբեք չեն փոշմանում, դա իմ որոշելու խնդիրն է: Ես բավական լուրջ եմ խնդիրն ուսումնասիրել, զրուցել եմ շատերի հետ, փորձել եմ այլ ուսումնասիրության տարբերակներ և վերջանական որոշումը դա է»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ անկախ նրանից, որ Գագիկ Ծառուկյանը այլևս ԲՀԿ նախագահ չէ, ամեն դեպքում նա շարունակում է իր աշխատանքը որպես պատգամավոր: