«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ իրադարձությունները.
Վանաձոր քաղաքում բնակելի տունն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 13-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 6 շենքի բակում գտնվող տնակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լազյան նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող չբնակեցված տանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.47-ին, մարվել՝ 05.30-ին:
Ամբողջությամբ այրվել է Ք. Ս.-ի տունը՝ մոտ 100քմ մակերեսով :
***
Հայր և որդի Հակոբյանների վտարումը Սյունիքից
Ժամանակին մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել, քանի որ կոմբինատի սեփականատերերը դժգոհություններ ունեն նրանից ու առաջիկայում կհեռացնեն աշխատանքից:
Հակոբյանը փորձեց հերքել. «Ինձ տնօրենից պրիզիդենտ են նշանակել»: Սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, պրեզիդենտը ստիպված էր իր փալաս-փուլուսը հավաքել և չվել Ախթալա:
Պատճառը պարզ էր՝ բոլորը դժգոհ էին հայր Հակոբյանի գործողություններից, գործարանի փնթի կառավարումից: Դժգոհ էին թե նրա ղեկավարներըտ, թե սյունեցիները, ովքեր բազմիցս ահազանգել են այդ մարդու ապօրինությունների մասին, ինչին տեղի տալով՝ նրան պաշտոնանկ արեցին, ու Հակոբյանը հեռացավ Ախթալա՝ փորձելով ցեխավիկություն անել այնտեղ, որտեղ իրեն չեն ճանաչում:
Հաջորդ Հակոբյանը, որը վտարվեց Սյունիքից՝ որդի Հակոբյանն է՝ Վահեն, ով մեծ-մեծ խոստումներով խնդրեց մարզպետի պաշտոնը և այնքան կատարյալ ձախողում արձանագրեց բոլոր ոլորտներում, որ դեռ տարին չլրացած՝ նրան ուղղակի դուրս վռնդեցին մարզից՝ Երևանում ձևական պաշտոնի նշանակելով: Այնքան աննկատելի էր այդ փողի տրցակների ժառանգորդի ներկայությունը մարզպետի պաշտոնում, որ իր վարկանիշով Երևանի ԺԷԿ-ի պետ էլ չարժեր, ու ստացավ արժանին՝ պարզապես վտարվեց:
Ինչի համար բերեցի այս ընտանիքի օրինակը: Եթե ոմանք մի քանի կոպեկ փախցնելով հարստացել են՝ երբեք չպետք է քիթները խոթեն պետական կառավարման մարմիններ: Փափուկ մեծացած այդ պատանիների քիթը ջարդվում է, երբ առաջին անգամ պրոբլեմի են հանդիպում ու ստիպված են լինում շալվարները լցրած գլխապատառ փախչել Ու բոլոր նրանց, ովքեր կխցկվեն այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ՝ սպառնում է հայր ու որդի Հակոբյանների ճակատագիրը:
***
Նոր մանրամասներ՝ 24-ամյա երիտասարդի սպանությունից
Հոկտեմբերի 11-ին, ժամը 08.20-ին, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի գնացքի գծերի վրա տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող զորամասի հարևանությամբ հայտնաբերել էր մոտ 25-30 տարեկան տղամարդու դիակ' գլխի ձախ քունքային շրջանում հրազենային վնասվածքի հետքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ 1990 թ. ծնված Լևոն Բունիաթյան:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի, Արարատի մարզային վարչությունների և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ին, Երևանի Պ. Սևակի փողոցի թիվ 105 շենքի մոտ 1986 թ. ծնված Արթուր Ե.-ին պատկանող «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, 1991 թ. ծնված Տարոն Գալուստովը դեռևս չպարզված տիպի ատրճանակից մեքենայի սրահի հետնամասից կրակել է առջևում նստած Լ. Բունիաթյանի գլխի ձախ քունքային հատվածին, այնուհետև տաքսու վարորդին զենքի սպառնալիքով ստիպել է դիակը տեղափոխել Ծ. Աղբյուրի փողոցում գտնվող զորամասին հարակից էլեկտրասյան սյան մոտ և հանելով դիակը մեքենայից' գետնին գցած վիճակում, երկրորդ անգամ կրակել է ծոծրակին ու նույն ավտոմեքենայով հեռացել:
Հոկտեմբերի 12-ին Տարոն Գալուստովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Ոստիկանության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում' հոկտեմբերի 12-ին, ժամը 19.10-ին, Գալուստովը ներկայացել է ոստիկանություն և հանձնվել ՀՀ քննչական կոմիտե:
Տարոն Գալուստովը կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավետիս Աբրահամյան
***
Լևոն Հայրապետյանի գործը շուտով լուծում կստանա. Արա Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայ բարերար և գործարար Լևոն Հայրապետյանի գործով հետաքրքրվողներին կոչ է անում զինվել համբերությամբ և սպասել ևս մի փոքր, քանի որ խնդիրը ժամանակավոր է և հարցը ընթացքում պարզաբանվելու է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արա Աբրահամյանը շեշտում է, որ միությունն առաջին օրվանից եղել է Հայրապետյանի կողքին, հանդիպել իրավաբանների հետ:
«Մենք երաշխավորել ենք և հատուկ նամակ ուղարկել: Զրուցել եմ բազմաթիվ իրավաբանների հետ, և նրանք բոլորն էլ ասում են, որ ժամանակի հարց է: Այժմ Լևոն Հայրապետյանը ստանում է համապատասխան բուժում, անհրաժեշտ դեղորայք, իր մեղքը մենք չենք տեսնում, և ժամանակ է պետք, որ քննությունը դա պարզի»,- ասաց Արա Աբրահամյանը' հավելելով, որ Հայրապետյանի գործը ոչ թե քաղաքական բնույթ ունի, այլ' տնտեսական' երկու այլ խոշոր բիզնեսմենների միջև:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինագինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անվանում է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:
Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթի» վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:
Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Հոկտեմբերի սկզբին Հայրապետյանը տնային կալանքի տակ է հայտնվել:
***
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. վարորդը տեղում մահացել է
Հոկտեմբերի 13-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի կենտրոնական փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի կենտրոնական մասում «ՎԱԶ-2106» մակնիշի 16 LS 382 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել պատին, ինչի հետևանքով վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1967 թ.) տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
***
Ոստիկանները հայտնաբերել են Ղուրսալի գյուղում 24-ամյա երիտասարդին դանակահարած անձին
Ղուրսալի գյուղում գտնվող գիշերային ակումբից ոստիկանության Սպիտակի բաժնում հոկտեմբերի 11-ին' ժամը 00.30-ին, ահազանգ է ստացվել, որ ակումբի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ ակումբի բակից 1990թ. ծնված Սմբատ Ա.-ին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է ձախ մեծ նստամկանի ծակած վերք» վնասվածք: Ժամը 02.30-ին Սմբատ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը' ժամը 00.30-ի սահմաններում, գիշերային ակումբի բակում անհայտ անձը անհայտ առարկայով ծակել է իր նստամկանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 11-ին' ժամը 16.00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1986թ. ծնված Վահե Մ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
***
Չինարիում հուղարկավորել են Կարեն Պետրոսյանին
Չինարի գյուղում հոկտեմբերի 13-ին հուղարկավորել են Ադրբեջանի կողմից գերեվարված եւ հաջորդ օրը սպանված 31-ամյա Կարեն Պետրոսյանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ ամբողջ գյուղը մասնակցել է հուղարկավորությանը: Նա նշեց, որ Պետրոսյանի ընտանիքի անդամները շատ ծանր հոգեբանական վիճակում են: «Կարծես երկրորդ անգամ վերապրեին իրենց որդու կորուստ ը»,- նշեց Սաղոյանը:
Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր օգոստոսի 7-ին եւ գերի ընկել: Օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցեցին, որ անհասկանալի պայմաններում Պետրոսյանի մոտ գրանցվել է սրտի կանգ: Մահից 2 ամիս անց' հոկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Կարեն Պետրոսյանի մարմինը:
Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են: 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։ Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույց էր տալիս հեռուստաընկերության աշխատակցին։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։
Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին, փոխարենն' Ադրբեջանին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների:
2014թ. հունվարի 28-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դույլը ձեռքին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել: Ադրբեջանական կողմը ծերունուն համարել էր դիվերսանտ: Խոջոյանը հայրենիք է վերադարձվել մարտի 4-ին, նրա մարմնին եւ դեմքին կային բազմաթիվ վնասվածքներ: Ադրբեջանում նա ենթարկվել էր կտտանքների, նրան անգամ բենզին էին ներարկել: Չնայած տրամադրված բժշկական օգնությանը' Մամիկոն Խոջոյանը չկարողացավ ապաքինվել եւ մայիսի 20-ին կնքեց մահկանացուն:
***
Հանրության համար ոչ իշխանական ուժերի նպատակները պարզ չեն. Գալուստ Սահակյան
Եռյակի հանրահավաքից հետո հասարակության համար պարզ չի դարձել, թե ոչ իշխանական ուժերն ինչ ուղղությամբ են ցանկանում առաջ գնալ, քանի որ հանրահավաքի ընթացքում յուրաքանչյուր քաղաքական ուժ թելադրել է իր տեսակետը և ներկայացրել իր դիրքորոշումը:
Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Կարծում եմ, որ նրանք մյուս հանրահավաքներից առաջ կքննարկեն, որպեսզի հանրությանը որևէ հստակ խոսք ասեն: Ես չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ հուսալքված չգնան հրապարակ: Իսկ հուսահատությունը գալիս է նրանցից, որ հանրահավաքների ոչ քաղաքական պայմանը կա, ոչ խոսքը կա, ոչ էլ հստակ ծրագիր կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:
Նա նշեց, որ այն խնդիրները, որոնք հանրահավաքի ժամանակ բարձրացրել են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և իշխանություններն էլ դրանց մասին բարձրաձայնում են: Պարզապես, հանրահավաքի ժամանակ այդ հարցերի մասին բարձրաձայնվում է ավելի կոշտ և նաև վիրավորական շեշտադրումներով:
Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ իշխանությունները ոչ իշխանական ուժերի հետ բանակցություններ վարելու անհրաժեշտություն չեն տեսնում: «Ինչի՞ շուրջ բանակցենք: Տարբեր քաղաքական ուժեր են, ունեն իրենց խնդիրները: Նրանց մի մասն ասում է' սահմանադրական բարեփոխումներ չպետք է լինեն, քանի որ մեկ անգամ էլ իրենք են ցանկանում նախագահ դառնալ, մի մասն էլ ասում է' սահմանադրական բարեփոխումները ճիշտ ճանապարհ են: Բանակցությունների մասին ոչ խոսք է եղել, ոչ էլ դրա կարիքը կա»,- նշեց ԱԺ նախագահը:
Հարցին, թե պատկերացնում է Գագիկ Ծառուկյանին ՀՀ Նախագահի կամ նախագահի թեկնածուի դերում, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցի շուրջ չի ցանկանում որևէ վերլուծություն անել, քանի որ երկիրն այս պահին ունի նախագահ, իսկ նախագահական հաջորդ ընտրությունները 2018թ. են լինելու:
Դիտարկմանը, թե հանրահավաքի ընթացքում ժողովուրդը, կարծես, նրան որպես նախագահ էր ընդունում, Սահակյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն հանրահավաքի ժամանակ այդպես էլ չհնչեցրեց իր տեսակետը, իսկ դրանից կարողացան ավելի շատ օգտվել «ավելի փոքր ընդդմադիր խմբակները»:
***
Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը , ով Շվեյցարիայում հոսպիտալացվել էր հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 12-ին դուրս է գրվել Լոզանի հիվանդանոցից: Միաժամանակ, դեռևս հայտնի չէ Ժնևում նախատեսված համերգի ժամկետը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին «Ռիա-նովոստի»-ին հայտնել են համերգների կազմակերպմամբ զբաղվող Opus One ընկերությունից:
«Ազնավուրը լքել է Լոզանի հիվանդանոցը: Ինչ վերաբերում է Ժնևում նրա համերգի ժամանակացույցին, ապա լուրեր կլինեն մի քանի օրից»,- նշել են Opus One-ի մամուլի ծառայության ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 10-ին Opus One-ը, որը կազմակերպել էր այդ օրը նախատեսված Ազնավուրի համերգը Ժնևում, տեղեկացրել էր, որ միջոցառումը ժամանակավորապես հետաձգվել է, քանի որ Ազնավուրն ինֆեկցիայի կանխարգելման համար հոսպիտալացվելու պատճառով:
***
Ոստիկանները բռնություն են գործադրել հոգեկան հիվանդությամբ տառապողի նկատմամբ
Քաղաքացի Լիլյա Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրենց տուն են եկել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները եւ պատճառաբանել, որ հոգեկան հիվանդությամբ տառապող որդու ընկերը' Լեւոն Ա.-ն, գրությամբ հայտնել է, որ ինքը ընկերոջ' Գարեգին Պ.-ի հետ բազմաթիվ գողություններ է կատարել, ուստի որդուն տեղափոխել են ոստիկանության հիշյալ բաժին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից, Լիլյա Ա.-ն նաեւ նշել է, որ որդուն մի քանի օր շարունակ հրավիրել են ոստիկանության բաժին, որտեղ ոստիկանության աշխատակիցները նրա նկատմամբ գործադրել են բռնություն, ինչի արդյունքում վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
***
Էբոլայի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են անցկացվել Հայաստանում
ՀՀ առողջապահության նախարարությունը համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել' ընդդեմ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության:
Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են' հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի' ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները:
Մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի օդանավակայանների եւ ցամաքային անցակետերում։ «Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։
Ձեռք է բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ' անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։ Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց, հուշաթերթ ազգաբնակչության համար: Ուղևորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին:
Ձեռք են բերվել ախտորոշիչ համակարգեր։ Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։ Առաջարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն»,- տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: