Անցնող օրվա կարևորագույն իրադարձություններն ըստ «Mediamall.am» լրատվականի.
Թուրքիան շարունակում է ալեկոծվել. զոհերի թիվը հասել է 35-ի
Թուրքիայի տարբեր նահանգներում և քաղաքներում տարածված անկարգութունների ալիքը չի դադարում: Հոկտեմբերի 6-ից սկսված ցույցերի ժամանակ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախումների արդյունքում զոհերի թիվը շարունակում է աճել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը տեղեկացնում է, որ երկրում անկար գությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի:
Ըստ նոր տվյալների' Դիարբեքիրում զոհվել է 10 մարդ, Մարդինում' 6, Սիիրթում (Սղերթ)' 5, Ադանայում' 1, Մուշում' 1, Բաթմանում' 1, Վանում' 1, Գազիանթեփում' 4, Բինգյոլում' 4: Ցուցարարներից բացի Բինգյոլում զոհվել է 2 ոստիկան:
Անկարգությունների հետևանքով Թուրքիայում մեծ թվով վիրավորներ և ձերբակալվածներ կան: Երկրի տարբեր քաղաքներում դադարեցվել են դասերը դպրոցներում ու համալսարաններում: Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրենք համապատասխան կերպով կպատասխանեն սադրիչների գործողություններին' իրավիճակը խաղաղեցնելու նպատակով:
***
Էբոլայի սպառնալիք՝ Լոնդոնում
Լոնդոնի մի քանի օդանավակայաններում Էբոլա վիրուսի տարածման սպառնալիքի պատճառով ուժեղացրել են սահմանային ստուգումները: Այս մասին հայտնել է BBC գործակալությունը:
Ստուգվելու են Գաթվիկ և Հիթրոու օդանավակայանների ուղևորները, ովքեր այցելել են վիրուսի տարածումից տուժած երկրներ: Ուղևորները հարկադրված կլինեն պատասխանել մի շարք հարցերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կանցնեն բժշկական զննում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացին, ով ենթադրաբար վարակվել էր Էբոլայով, մահացել է Մակեդոնիայում: Երկրում ևս մեկ բրիտանացու մոտ համաճարակի ախտանիշներ են հայտնաբերվել:
***
Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան 22 հասցեում գտնվող չգործող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ փրկարարները բացել են սենյակի դուռը և հատակին հայտնաբերել Ս. Թ.-ի (ծնվ. 1938թ.) դին:
***
Աթենքում սատկել է աշխարհահռչակ ցուցարար շունը
«Երշիկ» մականունով շունը, որը 2008 թվականից Աթենքի կենտրոնում մասնակցում Էր ցույցերին եւ 2011 թվականին դարձել էր Հունաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների խորհրդանիշ, ծերությունից սատկել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Հունաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Շունը հայտնի Էր աշխարհում, նրան իրենց ռեպորտաժներն են նվիրել արտասահմանյան հեռուստաալիքներ, իսկ նորվեգացի անիմատորը տեսահոլովակ Է նկարահանել նրա մասին:
2011 թվականին Հունաստանում ծայր Էր առել բողոքների ալիքը, ցույցեր ու ոստիկանության հետ ընդհարումներ Էին տեղի ունենում ամբողջ երկրում: «Երշիկը» խիստ խնայողության միջոցների դեմ բողոքների առաջապահ ջոկատում Էր եւ համարձակորեն մարտի Էր բռնվում զանգվածային անկարգությունները ճնշող հատուկ նշանակության ջոկատի ոստիկանների հետ:
Շունը ճանաչման արժանացավ 2011 թվականին, երբ TIME հանդեսը նրան ներառեց տարվա 100 անձնավորությունների ցանկում՝ նրան որակելով «հեղափոխական շուն» եւ «ճակատի առաջին գծի շունը Հունաստանում», նշել Է «Ավգի» թերթը:
***
Ռուսաստանը ցանկանում է մոտենալ ԵՄ-ին. Պուտին
Ռուսաստանի իշխանությունները դեմ չեն ԵՄ-ի հետ մերձեցմանը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով ԱՊՀ-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:
«Մենք երբեք էլ դեմ չենք եղել ԵՄ-ի հետ մերձեցմանը: Սակայն մեր գործընկերներն անհրաժեշտ չեն համարում բաց քննարկել ՌԴ-ի այն բոլոր ռիսկերը, որոնք կառաջանան գործընկերների՝ այլ միություններին միանալուց հետո»,- ասել է նախագահը:
***
Ադրբեջանում սպանված հայ գերու մարմինը տեղափոխվել է Հայաստան
2014թ.-ի օգոստոսի 7-ին Ադրբեջանի տարածքում գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանի մարմինն Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերի 10-ին Ղազախի շրջանում հանձնել են Հայաստանին: Այս մասին հայտնել է ԱՊԱ գործակալությունը:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 8-ին հանկարծամահ է եղել անհայտ պատճառներով:
***
Ողբերգական վթար' Մարալիկ-Գյումրի ճանապարհին. կա զոհ և տուժածներ
Հոկտեմբերի 10-ին, ժամը 11.46-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին' Ռուբլյովկա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ և մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 101-րդ կմ-ում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 29UO743 պ/հ և «ՎԱԶ-2101» մակնիշի 10SO904 պ/հ (վարորդ' Հ. Ե. ծնվ. 1946թ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին՝ Ս. Խ.-ին ծնված 1991թ. և ուղևոր' Ա. Ս.-ին ծնված 1990թ., տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով՝ տեղի ուժերով, դուրս են բերել ավտոմեքենայից, վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:
***
Ստորագրվեց Հայաստանի' ԵՏՄ-ին անդամակցելու մասին համաձայնագիրը
Պետությունների ղեկավարները այսօր՝ քիչ առաջ, ստորագրեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
ԵՏՄ ստեղծման պայմանագիրն ստորագրվել էր մայիսին՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Այն ուժի մեջ կմտնի 2015թ.:
***
Դոնբասում հինգ խաղաղ քաղաքացի է զոհվել գիշերվա ընթացքում
Դոնբասում հրետանային ռմբակոծության հետևանքով հինգ խաղաղ քաղաքացի է զոհվել, 12-ը՝ վիրավորվել են: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Դոնեցկի Ինքնավար Ժողովրդավարական Հանրապետության շտաբի հաղորդագրությանը:
Ուժայինների հատուկ գործողությունների մամուլի կենտրոնից հաստատել են, որ Դոնբասում հրետանային ռմբակոծություն է եղել, սակայն հրադադարի ռեժիմի խախտման մեջ մեղադրել են աշխարհազորայիններին:
***
Գյադաներն էս երկրում չպետք է տեղ ունենան, Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին. Արամ Մանուկյան
Ինչպես տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում մեկնարկել է եռյակի հանրահավաքը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Վերջինս ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին արտագաղթն աննախադեպ աճ է գրանցել:
«Հայաստանի անվտանգությունն այս պահին վտանգված է, մեզ պետք է անսերժ Հայաստան: Սերժ Սարգսյանը չարիք է այս երկրի գլխին: Ինչպես ասում էր ընկերներիցս մեկը, գյադաներից մեկը եկել է ու չի գնում: Գյադաներն էս երկրում չպետք է տեղ ունենան: Այս երկրի տերը ժողովուրդն է: Սրանով է պայմանավորված մեր իշխանափոխության պահանջը»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանի ելույթը եզրափակվեց «Սերժիկ, հեռացիր», «Սերժիկ, հեռացիր» վանկարկումներով:
***
«Իմ խոսքը կասեմ մյուս հանրահավաքին». Գագիկ Ծառուկյան
Քիչ առաջ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով իր խոսքում նշեց, որ ինքն իր խոսքի տերն է, և իր ողջ ասելիքը նա կարտահայտի հաջորդ հանրահավաքին: Վստահեցրեց ժողովրդին, որ նրանք հաջողություն կունենան. դրա սկիզբը դրված է այստեղ՝ այս պահին:
«Երբեք ու երբեք չի եղել՝ ինչ-որ բան հայտարարեմ ու իմ հայտարարությունից հետ կագնեմ: Ինչ այստեղ ասելու եմ, ես կատարելու եմ: Ես այսօր լսելու եմ իմ կոլեգաների ելույթները և ելույթ եմ ունենալու հաջորդ հանրահավաքին»:
Ճշտելով, որ ժողովուրդը պատրաստ է պայքարի, նա ավելացրեց, որ ինքը ևս պատրաստ է լինելու ժողովրդի կողքին: Միայն կոչ արեց լինելու միասնական, որպեսզի հասնեն փոփոխությունների:
«Ամենակարևորը՝ իմացեք, որ ես ձեզ հետ եմ, և իմ խոսքը կասեմ մյուս հանրահավաքին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
***
Ձևավորվել է նոր համազգային շարժում. ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան
«Եռյակի» հրավիրած հանրահավաքին ելույթով հանդես եկավ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Ո՞նց եք ժողովուրդ», «Լավ ենք» արձագանքեցին հավաքվածները:
«Որ լավ լինեիք ես այստեղ ի՞նչ գործ ունեի, եկեք ճիշտ խոսենք, վատ որ չլինեիք, տուն, այգի թողած այստեղ չէիք հավաքվի:
Սիրելի հայրենակիցներ, հարկ եմ համարում կատարել որոշակի հստակեցումներ, ինչի անհրաժեշտությունն առաջացել է անհեթեթ ասեկոսների հետևանքով:
Մինչ այժմ քառյակն ընդամենն ընդդիմադիր ուժերի դաշինք էր, որը հսկայական աշխատանք կատարեց թե՛ ԱԺ-ում, թե՛ ռեժիմի հանցավոր գործողությունները բացահայտելու, թե՛ հասարակական կարծիք ձևավորելու գործում:
Քառյակին միացել են հսկայական զանգվածներ, ընդդիմադիր ուժերի համագործակցությունը վերածվել է համաժողովրդական շարժման՝ իր առջև դրված արմատական խնդիրներով:
Նորաստեղծ շարժումը ղեկավարում են ԲՀԿ, ՀԱԿ, ՀԺԿ, «Ժառանգություն» կուսակցությունները: Շարունակելով մեզ հետ խորհրդարանական մակարդակում համագործակցությունը՝ համաժողովրդական շարժմանը ՀՅԴ-ն մաս չի կազմում. նրանց որոշմանը մենք հարգանքով ենք վերաբերվում:
Հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ:
Հակառակ հորինված բամբասանքների ՕԵԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանն այս շարժման հետ որևէ առնչություն չունեն: Եթե նրանք ունեն ցանկություն սարգսյանական ռեժիմի դեմ պայքարելու, մեզնից անկախ կամ մեզ հետ զուգահեռ թող պայքարեն ռեժիմի դեմ, մենք նրանց չենք խանգարի, անգամ շնորհակալ կլինենք:
Մենք առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում չենք անդրադառնա աշխարհաքաղաքական գործընթացներին ես արդեն ասել եմ, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին այլևս անշրջելի իրողություն է:
Այդ առթիվ, երեք տասնյակ մարդկանց ջղաձգումներն արդեն հասնում են զավեշտի»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Անդրադառնալով ոստիկանապետի այն հայտարարությանը, որ ընդդիմության համար ունեն «սառը ցնցուղ», Տեր-Պետրոսյանն ասաց. «Անկարգություններ, սառը ցնցուղ, նոր Մարտի մեկ, այս սպառնալիքներն անտեղի են: Շարժումը հաստատակամ է գործելու օրենքի ու սահմանադրության շրջանում՝ հանրահավաքներ, երթեր, նստացույցներ:
Նկատի ունենալով այս ամենը հորդորում եմ տուրք չտալ իշխանական սադրանքներին, չզբաղվել ինքնագործունեությամբ, շարժվել բացառապես շարժման ցուցումներով:
Մենք ձեռնարկել ենք նոր գործ, որը լրջագույն պատասխանատվություն է պահանջում»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Վերջինս հավելեց նաև, որ վարչախմբի հանդեպ, իշխանության ներկայացուցիչների հանդեպ անձնական հայհոյանքներ չեն հնչելու, նրանց հետ խոսելու են քաղաքական լեզվով.
«Եթե գող է, ասելու ենք՝ գող, եթե կաշառակեր է, ասելու ենք՝ կաշառակեր, տգետ է՝ ասելու ենք տգետ, եթե մարդասպան է, ասելու ենք՝ մարդասպան»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
***
Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ռացիոնալ ընտրություն է. քաղաքագետ
Եվրասիական տնտեսական միության Հայաստանի անդամակցությունը որոշ իմաստով բխում էր ռացիոնալ ընտրության անհրաժեշտությունից, որն իր մեջ պարունակում էր ոչ միայն զուտ տնտեսական բաղադրիչ, այլ նաև առկա էր անվտանգությանն տարրը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը' մեկնաբանելով այսօր Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի ստորագրումը:
«Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորները վաղուց հայտնի են: ԵՏՄ-ն ներառում է փոխշահավետ համագործակցություն տարբեր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլն: ԵՏՄ-ն սկզբունքորեն հանդես է գալիս որպես տնտեսական համագործակցության և ինտեգրման կառույց: Ինտեգրման հաջողությունը պայմանավորվելու է անդամ պետությունների պատրաստակամության և փոխադարձ ըմբռնման շնորհիվ:
Կողմերն ընկալումով են մոտենում փոխադարձ բարձրացված հարցերին և առաջնահերթությունններին. այս իմաստով բավակա նին դրական կարելի է դիտարկել այն կետը, որ որոշումները կազմակերպության մեջ պետք է ընդունվեն կոնսենսուսի սկզբունքով»,-նշեց նա:
Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստաթղթերը: Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Մինսկում, Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում: ԵՏՄ լիիրավ անդամակցության Հայաստանի պայմանագիրը ստորագրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա երախտագիտություն հայտնեց ԵՏՄ մյուս անդամ-պետություններին' քաղաքական աջակցության համար եւ ընդգծեց, որ Հայաստանը պատասխանատվությամբ կվերաբերվի իր անդամակցությանը: Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ ԵՏՄ անդամները իրենց խորհրդարաններում մինչեւ տարեվերջ կվավերացնեն պայմանագիրը, որպեսզի, Հայաստանը եւս հունվարի 1-ից դառնա լիիրավ անդամ: