Օրվա կարևորագույն իրադարձություններն ըստ՝ «Mediamall.am» - ի.



 


Դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը

 

 

Մոսկվայի Բասմանյան դատարանը կքննի գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հարցը, որը մեղադրվում է «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վաճառքի գործով վատնումների եւ դրամական միջոցների լվացման մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

65-ամյա ձեռնարկատերը հուլիսի 15-ին ձերբակալվել է Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցայից: Հետաքննությունը պնդում Է, որ «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը Հայրապետյանի հետ միասին մշակել են Բաշկիրիայի ջերմաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման հանցավոր պլան:

 

Իր հերթին, «Սիստեմա» ֆինանսա-արդյունաբերական խումբ ԲԲԸ-ի համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը կազմակերպել է հանցավոր ճանապարհով ստացված ունեցվածքի օրինականացումը:

 

Հայրապետյանը ձերբակալվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի խոստովանական ցուցմունքներից հետո, որը ցմահ բանտարկության է դատապարտված մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների համար: Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանն իբր 2009 թվականին մասնակցել է Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը «Սիստեմա»-ի կառույցներին վաճառելուն:

 

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը Հայրապետյանին կալանքի տակ էր դրել, բայց հոկտեմբերի 3-ին նրան փոխադրել էին տնային կալանքի՝ առողջական վիճակի կապակցությամբ: Գործարարը չի ընդունում մեղքը եւ մերժում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները:

 

 

 

***

 

 

 

Հայկական կողմն իր տեսակետների տերն է, Ադրբեջանն էլ դառնում է սեփական ստի զոհը

 

 

 

Հայոց բանակը նախահարձակ չի լինում, այն կողմնակից է կանխարգելիչ միջոցառումների: Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք ինքներս չենք խախտում, բայց երբ խախտում են մեր հարևանները, մենք պետք է պատասխան տանք: Նրանց «եռանդը» մարում է, երբ նրանք արժանի պատասխան են ստանում»,-ասաց նախարարը:

 

Հարցին ի պատասխան, թե ինչով է պայմանավորված ադրբեջանցիների պնդումը, թե հայկական կողմից դիվերսիոն գործողություն է եղել վերջին օրերին, Սեյրան Օհանյանը նշեց. «2014 թվականը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համար բավանին լարված տարի էր, այն առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն, հետախուզական գործողություններով:

 

Իրականության մեջ պաշտպանական բանակի գործառույթը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է, այլ նաև կանխարգելիչ և նախականխիչ միջոցառումներ իրակայացնելը, որը շատ դեպքերում կատարվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել ադրբեջանական կողմի սադրանքների մեջ, ու հակառակորդը մեղքի իր բաժինը պետք է գիտակցի: Ցավոք, դրանք գաղտնիություն են իրենց մեջ պարունակում, բավարարվենք այնքանով, որքան ես ասացի»:

 

Ինչ վերաբերում է սահմանին լարվածության մակարդակին, ապա, նախարարի խոսքով, այն անընդհատ փոփոխվում է: «Նախկինում, եթե պաշտպանության բանակի հատվածում լինում էին կրակոցների 35-50 դրվագներ և օգտագործում էին մինչև 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-200-ի, իսկ փամփուշտների թիվը' 3000-5000-ի»,-նշեց նախարարը:

 

Նա վերահաստատեց, որ հայկական բանակները պատասխանում են կանոնավոր դիպուկահարների կրակոցներին: «Անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում, դրանց չենք պատասխանում: Եթե լինում են սադրանքներ, մենք ձգտում ենք միայն չպաշտպանվել, նաև կանխարգելել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ավելացրեց Սեյրան Օհանյանը:

 

«Որքանո՞վ է սահմանին ստեղծվող լարվածությունն ազդում բանակցային գործընթացի վրա». նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, ազդեցություն չի ունենում, բանակցային գործընթացն ընթանում է իր հունով: «Պայմանավորվածությունները քաղաքական մակարդակով իրականացվում են: Պարզապես, լարվածությունները սովորաբար տեղի են ունենում տարբեր գործընթացների, հանդիպումների շրջանում, որով փորձում են ազդել հայկական կողմի վրա:

 

Սակայն Արցախյան գոյապայքարի և այսօրվա փորձը ցույց է տալիս, որ արդեն իսկ այն նպատակները, որ մեր հարևանների մոտ կար, ի չիք դարձան 2014 թվականի ոտնձգությունների ժամանակ, իրենք իրենց ստի զոհը դարձան: Մենք մեր տեսակետների տերն ենք, հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում' պաշտպանելով միջազգային բոլոր նորմերը»,-վստահեցրեց նախարարը:

 

 

***

 

 

Օմբուդսմենը' ՍԴ պատմական որոշումների, բարեկիրթ ոստիկանի, մարդակենտրոն քննչականի մասին

 

 

ՀՀ բարձրաստիճան յոթ պաշտոնյաներ առաջին անգամ կլոր սեղանի շուրջ են օմբուդսմենի հետ. քննարկում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իրենց գերատեսչություններում:

 

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որի առթիվ էլ առաջին անգամ այդ ձևաչափով քննարկում է անցկացվում: Հրավիրյալներն են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

 

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հերթով նշեց այն աշխատանքն ու արդյունքները, որոնք տարվել են նշյալ մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության համար: «Սահմանադրական դատարանը 2014-ին մի քանի փայլուն որոշումներ է կայացրել, որոնք ժողովրդի համար ստեղծել են հուսալի նախադրյալներ, պաշտպանել են տասնյակ, հարյուր, հազարավոր անձանց իրավունքները: Բացի այդ, ՍԴ որոշումները գիտական հենք են հանդիսանում և ապագայի որոշակի իրավական տեսլականեր են ձևավորում, ինչը շատ կարևոր աշ խատանք է»,-ասաց Օմբուդսմենը:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Եռյակի հանրահավաքը' Ազատության հրապարակում

 

 

Ազատության հրապարակում մեկնարկել է խորհրդարանական երեք ուժերի՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության հրավիրած հանրահավաքը՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան։

 

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաք-երթին չեն մասնակցելու, ներկա կգտնվի միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ մինչ այս ամեն տարի դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ էր կազմակերպում միայն ՀԱԿ-ը. այս տարի նրանց են միացել վերոնշյալ կուսակցությունները:

 

 

***

 

 

Ոչ մի բռնապետ, դիկտատոր, ռեժիմ երբեք կամովի չի հանձնում իր իշխանությունը. Լևոն Զուրաբյան

 

 

Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը, և ոչ ոք ժողովրդին ազատություն չի տա, եթե ժողովուրդն ինքը չվերցնի այդ ազատությունն իր ձեռը: Այս մասին այսօր՝ Ազատության հրապարակում եռյակի հանրահավաք-երթի ժամանակ, հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

 

Նշենք, որ հանրահավաքը նվիրված է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան։

 

«Ոչ մի բռնապետ, դիկտատոր, ռեժիմ երբեք կամովի չի հանձնում իր իշխանությունը: Երբեք կամովին չի շնորհում ազատություններն իր քաղաքացիներին: Քաղաքացիներն իրենք են վերցնում այդ ազատությունները»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

 

 

***

 

 

Կառավարությունը փորձելու է «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում տալ

 

 

Կառավարության այսօրվա խնդիրն է «Նաիրիտ»-ի խնդիրներին տալ լուծում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը միաժամանակ հրաժարվեց գնահատել գործարանի հարցում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: «Ես չէ, որ պետք է գնահատեմ, մենք փորձելու ենք այսօր առկա խնդիրներին տալ լուծում, մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին»,- ասաց վարչապետը:

 

Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 9-ին ընդունել էր նաիրիտցիներին և նրանց հետ քննարկել գործարանի ապագայի, ինչպես նաև նրանց աշխատավարձերի վճարման հարցը: Հայտնի է, որ նաիրիտցիներին նոյեմբերին մեկ ամսվա աշխատավարձ արդեն վճարվել է, ևս մեկը պետք է վճարվի դեկտեմբերին:

 

Գործարանի աշխատակիցները պահանջում են իրենց 18 ամսվա աշխատավարձը:

 

 

***

 

 

Վլադիմիր Գասպարյանը չի հավատում Ծառուկյանի «հեղափոխությանը»

 

 

Անկեղծ ասեմ՝ մի տեսակ ինձ հանգիստ ու ապահով եմ զգում, որ Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն է, ու այդ ապահովությունն անձնական չէ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գեներալին վաղուց, շատ վաղուց ճանաչում եմ: Խոսքս ավելի ընդհանուր՝ հանրային, քաղաքացիական գործոնների մասին է:Գասպարյանը տեսակով պետության մարդ է, ու ես վստահ եմ, որ Հայաստանում քրեաօլիգարխիկ հեղափոխություն չի լինի, քանի նա ոստիկանապետ է:

 

Երևի ասածիցս մի փոքր զարմանաք, բայց Հայաստանում այսօր, դասական իմաստով, հեղափոխություն չի սպասվում, այսինքն՝ երկրում չկա այնպիսի քաղաքական գործընթաց, որի հիմնական սուբյեկտը, օրակարգ ձևակերպողը քաղաքացին լինի:

 

Դասական հեղափոխությունները կարող են բերել մարդու կյանքի որակի բարելավմանը, որակական փոփոխությունների: Այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը, Եռյակի շարժումը, ներհամակարգային գզվռտոցի դրսևորումներ են, որոնցում քաղաքացին, նրա իրավունքներն ու ազատությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց:

 

Եվ ահա՝ Վլադիմիր Գասպարյանին համարում եմ այն բացառիկ պաշտոնյաներից մեկն, ում պետական մտածողությունը չի դավաճանում, նա նրբանկատորեն նկատում է այն մարտահրավերները, որոնք առկա են այսօրվա քաղաքական կոչվող գործընթացում, բայց նաև ինքնավստահ հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքներին ոստիկաններն ամենաքիչն են լինում, որովհետև չի հավատում այն բանին, որ Ծառուկյանը կարող է հեղափոխություն անել:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

Ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ չունեցավ

 

 

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաք-երթի ժամանակ ելույթով հանդես չեկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նշենք, որ Եռյակում ընդգրկված կուսակցությունների առաջնորդներից ներկա էր միայն նա:

 

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ չունեցավ, ասել էր. «Գիտե՞ք ինչ, մենք պայմանավորվել էինք՝ ցանկացած քաղաքական ուժ կարող է այս հավաքում խոսել, ով օգտվել է այդ հնարավորությունից, օգտվել է»:

 

 

Լուրեր.com-ը նույն հարցով դիմեց նաև «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանին, ով ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքը, իր քաղաքական պատկերացումները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու վերաբերյալ, բոլոր ամբիոններից հայտնում է:

 

 

Մի քանի օր առաջ է ունեցել իր ելույթը, բացի այդ, Ազատության հրապարակում նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Հարգելով ՀՀ քաղաքացիների՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա վերաբերյալ հավաքը և հաստատակամությունը՝ Րաֆֆի Հովհաննսիյանը նրանցից մեկն է եղել և չի ներկայացել Ազատության հրապարակ ելույթ ունենալու համար»:

 

 

 

***

 

 

 

Հայ և ռուս ժողովուրդների ճակատագիրը նույնն է. կայացավ Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսը

 

 

 

 

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Ազգային ժողովի պատգամավոր Արտաշես Գեղամյանի նոր գրքի շնորհանդեսը: Գիրքը կրում է «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. hաղթել՝ սանձելով պատերազմը» խորագիրը:

 

Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները:

 

Լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանն ընդգծեց, որ գիրքը ոչ այլ ինչ է, քան իր մտորումներն աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի վրա դրանց անդրադարձի վերաբերյալ: Գեղամյանն ընդգծեց, որ 2014թ.-ն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իր բարդությամբ երկրորդ տարին է:

 

«Առաջինը եղավ 1962թ., այսպես կոչված, «հրթիռային ճգնաժամի» ժամանակ, երբ երկրագունդը ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա էր միջուկային պատերազմից, և երկրորդը հիմա է: Եվ այս իրավիճակում Հայաստանը, Աստված մի արասցե, որ հայտնվի գերտերությունների բախման կիզակետում:Շարունակությունն՝ այստեղ: