Այսօր՝ ժամը 19:00-ին «Բացում» նախաձեռնությունը շարունակելու է ամենօրյա հանրահավաքը Ազատության հրապարակում։

«Հուլիսի 24-ին «ԲԱՑՈւՄ» նախաձեռնությունը հանձնեց նամակ ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին, ինչից հետո տեղի ունեցավ հանդիպում վերջինիս հրավերով: Հանդիպման ժամանակ Նիլս Սքոթը վստահեցրեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուշադրության կենտրոնում է պահում Արցախում տիրող իրավիճակն ու հետևողականորեն ներկայացնում է այն Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակին։ Նրա խոսքերով, որպես քաղաքականապես չեզոք կառույց՝ ՄԱԿ-ը նպատակ ունի հնարավորինս հավաստի փաստական տեղեկատվություն հավաքագրել, ինչը սովորաբար իրականացնում են կոնֆլիկտային գոտիներում գործող ՄԱԿ գրասենյակների կողմից, ինչպիսին, ցավոք, Արցախում գոյություն չունի։

Դրա համար պետք է աշխատենք մենք ՝ քաղաքացիներս, Արցախում բնակվող մեր հայրենակիցների հետ միասին:
Հրավիրում ենք բոլոր սրտացավ քաղաքացիներին և անջատ գործող միավորումներին ոչ միայն հոգեբանորեն ի սատար կանգնել և լինել Արցախի կողքին, այլ նաև առարկայական գործողություններով՝ համախմբված աշխատել նույն նպատակի համար:

Միաժամանակ՝ առավոտյան 11:00-ից շարունակելու ենք պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների (ըստ համաձայնեցված ցուցակի, որը կարող եք գտնել մեր էջում) հավաքագրումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ»։