Անկեղծ ասեմ՝ մի տեսակ ինձ հանգիստ ու ապահով եմ զգում, որ Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն է, ու այդ ապահովությունն անձնական չէ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գեներալին վաղուց, շատ վաղուց ճանաչում եմ: Խոսքս ավելի ընդհանուր՝ հանրային, քաղաքացիական գործոնների մասին է:Գասպարյանը տեսակով պետության մարդ է, ու ես վստահ եմ, որ Հայաստանում քրեաօլիգարխիկ հեղափոխություն չի լինի, քանի նա ոստիկանապետ է:

 

Երևի ասածիցս մի փոքր զարմանաք, բայց Հայաստանում այսօր, դասական իմաստով, հեղափոխություն չի սպասվում, այսինքն՝ երկրում չկա այնպիսի քաղաքական գործընթաց, որի հիմնական սուբյեկտը, օրակարգ ձևակերպողը քաղաքացին լինի: Դասական հեղափոխությունները կարող են բերել մարդու կյանքի որակի բարելավմանը, որակական փոփոխությունների: Այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում Հայաստանում՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը, Եռյակի շարժումը, ներհամակարգային գզվռտոցի դրսևորումներ են, որոնցում քաղաքացին, նրա իրավունքներն ու ազատությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց:

 

Եվ ահա՝ Վլադիմիր Գասպարյանին համարում եմ այն բացառիկ պաշտոնյաներից մեկն, ում պետական մտածողությունը չի դավաճանում, նա նրբանկատորեն նկատում է այն մարտահրավերները, որոնք առկա են այսօրվա քաղաքական կոչվող գործընթացում, բայց նաև ինքնավստահ հայտարարում է, որ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքներին ոստիկաններն ամենաքիչն են լինում, որովհետև չի հավատում այն բանին, որ Ծառուկյանը կարող է հեղափոխություն անել:

 

Երբ գարնանը Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, մամուլում ակտիվ խոսակցություններ կային, որ Վլադիմիր Գասպարյանը հայտնվել է նորանշանակ վարչապետի ու նրա ընդդիմադիր խնամու թիրախի դերում, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանը ջանքեր է գործադրում՝ ոստիկանապետի հրաժարականին հասնելու համար:

 

Անկեղծ լինեմ՝ ես հավատացել եմ այդ խոսակցություններին ու դրանք հորինվածք կամ մամուլի երևակայության հետևանք չեմ համարել: Հովիկ Աբրահամյանն իշխանության համակարգում ներկայացնում է օլիգարխիայի քաղաքական, տնտեսական, կորպորատիվ շահերը, Գասպարյանի բարեփոխած ոստիկանությունն օբյեկտիվորեն ընդդիմանում է այդ շահերին:

 

Այնպես է ստացվել, որ ոստիկանապետն ու օլիգարխիան այս երկրում իրար չեն սիրում, ու դա հրաշալի է, հրաշալի է՝ երկրի զարգացման տեսանկյունից:

 

«Ես եմ թիրախավորում, ես թիրախ չեմ կարող լինել»,- այսօր ասել է Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքն Աբրահամյան-Ծառուկյան զույգի թիրախն է:


Ոստիկանապետը հստակ հասկացրել է, որ ֆունկցիոնալ ու քաղաքական պատասխանատվություն կրում է միայն Հանրապետության նախագահի առջև, կնշանակի՝ նրա պաշտոնի պահպանումը ոչ թե ներհամակարգային կոնսենսուսի հետևանք է, այլ այն իրողության ամրագրում, որ օլիգարխիան իր մտադրություններում ձախողվել է, նահանջել, ընկրկել:


Ու եթե օլիգարխները ցանկություն ունեն 2018-ին նախագահ դառնալ, միանգամայն բնական է հնչում Գասպարյանի կատակը, որ ինքն էլ նախագահների նախագահ կլինի: Շուլուխին շուլուխով են պատասխանում…



Սուրեն Սուրենյանց