Այս հանդիպման առաջարկը ես կմերժեի, սակայն տեսնելով, թե երեկ ինչ աղմուկ է բարձրացել այդ «միջադեպի» պատճառով, որոշեցի ինչ-որ բացատրություններ տալ։ Այն, ինչ ես եմ տեսել, այլ  իրականություն է։ Այս մասին PARA TV ՀԸ-ին հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 8-ին Սեւանի ափին իր առանձնատան շուրջ տեղի ունեցածին եւ դրա արձագանքներին։

 

«Ես իմ գլխավերեւում, մոտ 10 մ բարձրության վրա, դրոն եմ տեսել։ Ես երկար տարիներ եմ աշխատել համակարգում․․․ Սկզբում մտքովս անցավ, թե ահաբեկչական ակտ է, մտածել եմ նաեւ սադրանքի մասին։ Նախորդ երկու դեպքերում լճի կողմից են մոտեցել դրոնները, բայց տարածք չեն ներխուժել, իսկ այս մեկն ուղղակի իմ գլխավերեւում էր, ես ծառի տակ էի, նրանք ինձ չէին տեսնում։ Իմ կվադրոցիկլը կանգնեցված էր ծառերի տակ, նստել եմ կվադրոցիկլը, ասել եմ՝ դարպասները բացել են, մեծ արագությամբ դուրս եմ եկել, մտածելով, որ խոցելի է այս տարածքը։ Աջուձախ շարժվելով, նկատել եմ, դրոնը շարժվում է դեպի վեր։ 500 մ գնացել եմ, տեսել եմ 2 կանգնած մեքենա, դրանցից դուրս են եկել 5-7 մարդ, գնացել, կանգնել եմ կողքները, տեսա մեկի ձեռքին պուլտ կա, ասացի՝ դա ինչ է, տղա, ասում է՝ պուլտ է, ասում եմ՝ դուք ե՞ք իմ տան վրա դրոն բաց թողել, այլայլված ասում է՝ չէ, ինչ դրոն, ասում եմ՝ հետ կանչիր դրոնդ», պատմել է Վլադիմիր Գասպարյանը, նշելով, որ վրդովմունքի առիթը, եւ սադրանքի կամ ահաբեկչության ենթադրությունը հիմնված է այն փաստի վրա, որ, նրա խոսքով՝ 2-3 տարի առաջ ԱԱԾ-ն ահաբեկչություն ծրագրող խումբ է բացահայտել, եւ, իր տեղեկություններով, մեկ ամիս անց ազատ արձակել։

«Ձեր վրդովմունքով, դուք վախեցրի՞ք նրանց», մեկնաբանի ճշտող հարցին ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է․

 «Եթե 30 տարեկան 6-7 երիտասարդ վախենում են ինձանից, 62 տարեկան մարդուց, թող շարունակեն վախենալ, որովհետեւ պետք  է հասկանան, որ եթե ներուժում են մարդու տուն, պետք է հասկանան, որ ընտանիքը սրբություն է, սա իմ փոքր հայրենիքն է, փոքր տունը, որը ես պաշտպանում եմ, ինչպես պաշտպանել եմ իմ մեծ հայրենիքը, մեծ տունը 40 տարի շարունակ։ Ես հարցուփորձ էի անում, իսկ նրանք՝ դե, օպերատոր ենք, նկարում ենք, ասում եմ՝ լավ եք անում՝ նկարում եք, ինչու եք մտել իմ տուն։ Հետո ասացին՝ «Ազատությունից» ենք, ասացի՝ պարզ է, երկիրը խառնեցիք իրար, հիմա էլ տուն ե՞ք մտնում։ Ասացի՝ լսեք, տղաներ, խելքներդ գլուխներդ հավաքեք, ձեզ մի օր խիստ կպատժեն, հաշվեհարդար կտեսնեն, մի օր մի պատի տակ կսատկացնեն, մի՛ արեք այդպիսի բաներ, չեք տարբերում ինչն ինչից հետո է, հիմա ես փիլիսոփայորեն եմ մոտենում, հավաքեք ձեր իրերը եւ գնացեք, բա՝ մենք լրատվամիջոց ենք, ասացի՝ ես ձեզ չեմ ճանաչում որպես լրատվամիջոց, ձեր խմբագրին էլ ասեք, թող ձեզ սովորեցնի սահմանադրական իրավունքն ինչ է նշանակում։ Գլուխները կախ, սուսուփուս թողել, գնացել են։ Մեքենան իրենց վրա քշե՜լ, չգիտեմ ինչ․․․ Ես իրենց կողքին կանգնած եմ եղել, կվադրոցիկլից էլ չեմ իջել», ասել է նախկին ոստիկանապետը։

«Չե՞ք վիրավորել» հարցին ի պատասխան` Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե իր ոճը բոլորը գիտեն, այո, բարձր է խոսել, ինքն ուզում էր հասկանալ, թե, այնուամենայնիվ, ովքեր են նրանք։

«Երբ արդեն երեկոյան աղմուկ բարձրացավ, իմ մտքով չէր անցնում, որ այդ տղաները կարող են գնալ եւ ինչ-որ հայտարարություններ անել, ես արդեն հասկացա, որ դա ծրագրավորված ակցիա է, ես սադրանքի չգնացի, նկարահանող սարքը բերում են մարդու տան վրա, ուրեմն ուզում են, որ մարդը նյարդայնանա եւ ինչ-որ գործողություններ անի։ Այս բանն արվել է սադրանքի համար, բայց ես սադրանքի չեմ գնացել։ Ես նաեւ գիտեմ, որ սա կառավարվող բան է, չեմ ուզում ինֆորմացիա ստանալ, բայց ստանում եմ, իմանում, որ քաղաքական որոշումներ են կայացվում։ Չտա Աստված, որ արդարությունը քաղաքական որոշումներով կայացնեն։ Նման պետությունը չի կարող գոյատեւել երկար։ Այդ նույն  «Ազատությունն» էր, որ «Սասնա ծռերի» ժամանակ այս նույն ձեւով էր քարոզում եւ ասպատակում ոստիկանությունը, երբ ես ոստիկանապետ էի, սա նույն «Ազատությունն» է, որ Հայոց Եղեռնը չի ընդունում, սա նույն «Ազատությունն» է, որ քարոզում է բոլոր այն երեւույթները, որոնք հարիր չեն մեր ազգին։ Սա սադրանք էր եւ այն առաջինը չէր։ Եվ ինձ շատ են ասել ինձ հետ աշխատող մարդիկ, որ գիտեք ինչ, մենք մեղավոր չենք, սա վերեւից է։ Ցանկացած իշխանափոխությունից հետո երկրում տեղի  են ունենում երեւույթներ, պետք է համբերել եւ հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ես 2 տարի դա համբերատար տարել եմ։ Բայց հիմա մտնում են ընտանիք, դա նշանակում է վախեցնել, ո՞ւմ վախեցնել, ի՞նձ վախեցնել, ես ինքս վախեցրել եմ ամբողջ կյանքում։ Ես իրենց ասել եմ՝ տղաներ, պատասխանատվության եք ենթարկվելու, եւ, երեւի, դրանից վախեցած, գնացել ասել են՝ մեքենան քշեց մեզ վրա, վրաերթի էր ենթարկում եւ այլն։ Թող Աստված իմ արդարությամբ ինձ դատի, թող իրենց անարդարության համար ների, որովհետեւ երիտասարդ են, չգիտեմ ինչ են անում։ Եթե իմ ընտանիքը պաշտպանելու համար քաղաքական որոշումներ են կայացնում՝ ինձ ձերբակալելու, երեկ պետք է ձերբակալած լինեին»։ 

«Ուշանում է ձեր ձերբակալությունը»՝ մեկնաբանի դիտարկմանն արձագանքելով, Վլադիմիր Գասպարյանն ասել է, թե խնդիրը ձերբակալման մեջ չէ, այն դուրս է եկել անձնական դաշտից։

«Ամեն ինչը դարձել է համահայկական, ամեն տեղ վախ, ամեն տեղ սարսափ, ամեն տեղ շանտաժ, զզվելի է դարձել այդ ամեն ինչը»,- նշել է նա: