ՀՀ բարձրաստիճան յոթ պաշտոնյաներ առաջին անգամ կլոր սեղանի շուրջ են օմբուդսմենի հետ. քննարկում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերն իրենց գերատեսչություններում:
Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, որի առթիվ էլ առաջին անգամ այդ ձևաչափով քննարկում է անցկացվում: Հրավիրյալներն են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հերթով նշեց այն աշխատանքն ու արդյունքները, որոնք տարվել են նշյալ մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության համար: «Սահմանադրական դատարանը 2014-ին մի քանի փայլուն որոշումներ է կայացրել, որոնք ժողովրդի համար ստեղծել են հուսալի նախադրյալներ, պաշտպանել են տասնյակ, հարյուր, հազարավոր անձանց իրավունքները: Բացի այդ, ՍԴ որոշումները գիտական հենք են հանդիսանում և ապագայի որոշակի իրավական տեսլականեր են ձևավորում, ինչը շատ կարևոր աշ խատանք է»,-ասաց Օմբուդսմենը:
Անդրադառնալով ոստիկանության կատարած աշխատանքին' ՄԻՊ-ը նշեց, որ վերջին տարիներին այս համակարգում նվազել են ծեծը, բռնությունը, կաշառակերությունը: «Պարոն Գասպարյանի պաշտոնավարման տարիներին գրեթե նվազել ու վերացել են այդ դեպքերը, որոնք ակնհայտ են գրեթե ոչ պրոֆեսինալ աչքի համար: Ոստիկանները դարձել են ավելի բարեկիրթ, ոստիկանը մարդու թշնամուց վերածվել է մարդու առաջին պաշտպանի»,-հայտնեց Կարեն Անդրեասյանը' հավելելով, որ դեռ ունեն աշխատանք խաղաղ հավաքների ժամանակ առաջացող խնդիրների վերացման առումով: «Կա աշխատանքային խումբ և ուզում ենք 2015-ին ակտիվացնել այդ խմբի աշխատանքները, որպեսզի սահմանենք հստակ խաղի կանոններ, որպեսզի ոստիկանություն-մարդ բախումները նվազեցնենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նա:
Արդարադատության նախարարության գործունեության առնչությամբ' Օմբուդսմենը հայտնեց, որ ստացել են խոստումներ, որն իրենք դրական գրավական են համարում: «Օրինակ, փաստաբանների տեսակցության կարգը պետք է փոխվի, ազատազրկվածների պատժախցիկները պետք է աստիճանաբար համապատասխանցվեն միջազգային ստանդարտներին: Լրագրողներին որպես վկա կանչելու ինստիտուտն է գործելու, նրանց' որպես գաղտնի աղբյուր պահպանելու հետ կապված ունենք պայմանավորվածություն»,-ընդգծեց Կարեն Անդրեասյանը:
Քննչական կոմիտեի կարճատև գործունեության մեջ ՄԻՊ գրասենյակը նկատել է մարդակենտրոն աշխատանք, երբ և տուժողի, և մեղադրվողի իրավունքները պատշպանվում են: «Տեսնում ենք թափանցիկ մոտեցում, նախաքննության գաղտնիքը պատվար չի դարձվում' ամեն ինչ փակ վարագույրների հետևում անցկացնելու համար»,-հավելեց Անդրեասյանը:
Կրթության եւ գիտության նախարարության հիմնական ձեռքբերումը օմբուդսմենը համարում է ներառական կրթության մասին օրենքի ընդունումը, որը նաև Արմեն Աշոտյանի հետևողական աշխատանքի արդյունքն է: «Կուզենք մյուս տարի միասին աշխատել տնօրենների ընդունման կարգի վերաբերյալ, որտեղ խնդիրներ կան»,-հայտնեց նա:
ՄԻՊ-ը ՀՀ կառավարության հետ համագործակցությունը ևս շատ բարձր է գնահատում' նկատելով, որ աստիճանաբար, բարձրանում է նրանց դերը որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության առումով:
Կարեն Անդրեասյանը, անդրադառնալով պաշտպանության նախարարության գործունեությանը, շեշտադրեց ադրբեջանական սիստեմատիկ ագրեսիաները հետ մղած ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ու արժանապատվության իրավունքը պաշտպանած Հայոց բանակի աշխատանքը: «Բացի այդ, վերադարձվել են հայ գերիները, օդաչուների անձնակազմի մարմինները, բանակում զորակոչը մաքրվել է բշկական մանիպուլյացիաներից կամ էապես մաքրվել է զորակոչը կոռուպցիայից:
Մենք խնդրելու ենք, ու պարոն Օհանյանն էլ շեշտադրել է դա, որ շարունակենք աշխատանքը բանակում փողոցային բարքերի, ոչ կանոնադրային հարաբերությունների կարգավորման առումով»,-եզրափակեց օմբուդսեմանը: