Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված երթից հետո, Լուրեր.com-ի լրագրողը ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս միջոցառումն ավարտվող քաղաքական տարվա ամփոփումն էր, թե Եռյակի ներկայացուցիչները դեռևս հանդիպում նախատեսել են, պատասխանեց. 

 

«Բնականաբար, դրանք պարբերական բնույթ են կրում, և նման հանդիպում  տեղի կունենա՝ մեր հետագա ծրագրերը մշակելու, ճշտելու համար: Երբ անհրաժեշտություն լինում է, մենք հանդիպում և քննարկում ենք բոլոր անհրաժեշտ հարցերը:

 

Ես չեմ ցանկանում ամփոփել քաղաքական տարին, ես չգիտեմ՝ ինչ կլինի, եկեք չմոռանանք՝ բավականին դժվար վիճակում ենք, դրամը փլուզվում է, անկայուն ֆինանսական վիճակ է, ահավոր թանկացումներ են: Ես չեմ կարող կանխատեսել, թե երբ միջոցառում կանենք, դա կախված է իրավիճակից: Օրերի առումով այս պահին չենք կարող կոնկրետ նշել»:

 

Ազատության հրապարակում այսօր միայն ելույթ ունեցան ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները իսկ «Ժառանգությունը»՝ ոչ, միայն կուսակցության ղեկավարը ժողովրդի շարքերում կանգնած հետևում էր ելույթներին: Հարցին, թե Զուրաբյանը տեղյա՞կ է արդյոք՝ ինչու «Ժառանգությունից» ելույթ ունեցող չեղավ, ասաց. «Գիտեք ինչ, մենք պայմանավորվել էինք՝ ցանկացած քաղաքական ուժ կարող է այս հավաքում խոսել, ով օգտվել է այդ հնարավորությունից, օգտվել է»,- ասաց Զուրաբյանը: