«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
«Չե՛ք անցկացնի»-ի հանրահավաքը՝ Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»–ի ճակատի հանրահավաքը։
Հավաքի նպատակն է տապալել Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այսօր հարթակում կլինեն ընդդիմադիր ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների և հանրային սեկտորի ներկայացուցիչները:
***
Եղեգնաձորում 91-ամյա կին է սպանվել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: Ինչպես MediaMall.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին:
Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ: Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են բաց, բութ գանգուղեղային վնասվածքներ՝ կոտրվածքների ձևով։
Համաձայն դատաբժշկի կողմից կազմված մահվան վկայականի՝ Վ. Սիմոնյանի մահվան պատճառը բաց, բութ գանգուղեղային վնասվածքի պատճառով առաջացած գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է եղել։ Միաժամանակ, դատաբժիշկն արձանագրել է, որ կնոջ դիակի վրա հայտնաբերվել են նաև կրծքավանդակի, ողնաշարի, վերջույթների փակ, բութ վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
Վ. Սիմոնյանը ճանաչվել է տուժող, իսկ որպես տուժողի իրավահաջորդ՝ նրա եղբորորդին։
Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, սպանությունը կատարելու շարժառիթները, հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
***
Իրավիճակը սահմանին. հակառակորդը ականանետեր է կիրառել
Հոկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
***
ՀԱԿ-ն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկելու ընթացքում կիրառել մատերը թանաքոտելու եղանակը
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն առաջարկում է նույնականացման քարտերով քվեարկելու ընթացքում կիրառել մատերը թանաքոտելու մեթոդը՝ կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մատերը թանաքոտելն աշխարհում ընդունված մեթոդ է կրկնակի քվեարկություններից խուսափելու համար: Եթե մենք նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չենք դնում, ապա պետք է գոնե այս եղանակը կիրառենք, որովհետև հակառակ դեպքում լինելու են կրկնակի քվեարկություններ»,- ընդգծեց Մանուկյանը:
Անդրադառնալով տեսակետներին, թե մատերը թանաքոտելուց հետո կարելի է այն բենզինով մաքրել և նորից գնալ քվեարկության՝ Արամ Մանուկյանն ընդգծեց, որ թանաքը հնարավոր է մաքրել, սակայն բավական է մատի վրա փոքր լապտերով լույս թողնել, կերևա՝ այդ անձը մասնակցել է քվեարկությանը, թե ոչ: