Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կառավարությանն առաջարկում է գործադիրի ծրագրի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի կողմից հնչած քննադատություններին մոտենալ ըմբռնումով և փորձել դրանցից առաջադիմական գաղափարներ վերցնել ու կյանքի կոչել: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթի ընթացքում Գալուստ Սահակյանը նշեց, որ բնական է համարում կառավարության ծրագրի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի քննադատությունը: «Ես կառավարությանն առաջարկում եմ ըմբռնումով մոտենալ այդ քննադատություններին և նոր, առաջադիմական գաղափարներ վերցնել և կյանքի կոչել դրանք»,- ասաց նա:
ԱԺ նախագահը նաև անդրադարձավ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հնչած որոշ մտահոգություններին: Անդրադառնալով դիտարկուներին, թե Հայաստանի տնտեսությունում ստվերային շրջանառությունը մեծ է, իսկ դրա դեմ պայքարողները բիզնեսմեններ են՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ բոլոր երկրներում էլ ստվեր կա: «Իսկ կարո՞ղ եք ասել, որ երկրում ստվեր չկա: Մանավանդ, մեր երկրի նման զարգացող երկրներում ստվերը կա ու մեծ է: Սակայն մենք դրա դեմ պայքարողներն ենք և պայքարելու ենք»,- ասաց նա»՝ վստահեցնելով, որ ստվերի դեմ պայքարողներն էլ բիզնեսմեններ չեն:
Սահակյանը նշեց, որ անընդունելի է համարում նման կարևոր հարցի քննարկման ժամանակ միմյանց վիրավորելու և կուսակցությունների ու անձերի հասցեին հնչող վիրավորական արտահայտությունները: «Դուք երբեք չեք տեսնի, որ ես և իմ կուսակիցները վիրավորենք այս կամ այն կուսակցությանը կամ անձին, պիտակներ կպցնենք: Մենք միշտ հակադարձողի դերում ենք, ուստի, կոչ եմ անում լինել ավելի կոռեկտ և զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից»,- ասաց նա: