Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի' Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ:

 

 

Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ և Արցախի նախագահներին և պաշտպանության նախարարներին՝ միաժամանակ համոզված եմ, որ մեր հերոս տղաների հոգիները պատվավոր տեղ են գտնելու դրախտում, իսկ նրանց օրինակով դաստիարակվելու են սերունդներ:

 

 

ԵԿՄ-ն նաև զգուշացնում է Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը, որ անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը: Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում:

 

 

Հանրապտության բոլոր երկրապահ կամավորականները, Արցախյան պատերազմի վետերանները պատրաստակամ են անհրաժեշտ պահին, զենքը ձեռքին, կանգնել սահմանային առաջնագծում՝ երաշխավորելու համար Հայաստանի և հայկական Արցախ պետության բնակիչների անդորրը:

 

Խնդրում եմ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին վստահել մեր կարողություններին և համարձակորեն տալ ռազմական առաջադրանք հենց որ դրա համար ճիշտ պահը կլինի:

 

 

Երկրապահը միշտ եղել է և այսօր էլ պատրաստ է կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում:

ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյան