Պաշտոնական Բաքուն երբեք բաց չի թողնում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջանային այցերը' ցույց տալու համար, որ հակամարտությունը սառեցված չէ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' նշելով, թե ադրբեջանական ռազմուժի սադրիչ գործողություններն այս ան գամ նվիրված են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնական այցին Ադրբեջան։

 

«Ռոուհանին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, արդեն Բաքվում է։ Պարզ է, որ նման կերպ Ալիևի վարչակազմը հերթական անգամ ընդգծեց իր հավատարմությունը հայկական պետությունների հետ իրավիճակը լարելու վաղուց մշակված քաղաքականությանը»,- ասվում է քաղաքագետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Նա հավանական է համարել այն, որ այս անգամ պաշտոնական Բաքուն կփորձի Իրանի նախագահի շուրթերից հակահայկական, կամ գոնե թե ադրբեջանցիների ունկը շոյող հայտարարություններ կորզել:

 

«Բայց, ակնհայտ է, որ իրենց հաշվարկներում Բաքուն սխալվել է։ Ալիևը վաղուց է կորցրել կապն իրականության հետ, և չի նկատում իր քաղաքականության միջազգային ընկալման խիստ բացասական ֆոնը։ Հայկական ուղղաթիռի խոցումը, թերևս, կդառնա այն վերջին կաթիլը, որը պակասում էր հայկական կողմի և ընդհանրապես միջազգային հանրության համբերության բաժակի բերնեբերան լցվելուն։ Կնշանակի, որ Ադրբեջանին շատ դժվար օրեր են սպասվում։ Եվ դա նրանց ընտրությունն էր։ Գիտակցված, թե ոչ' կարևոր չէ»,- ընդգծել է քաղաքագետը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր' նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները ճշտվում են:

 

Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում Ադրբեջանի կողմից Արցախի ռազմօդուժի ուղղաթիռի խոցման հետեւանքով երեք զոհի մասին լուրը: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: