Հայտնի են դարձել Իրանի Նախագահ Հասան Ռուհանիի Ադրբեջան կատարելիք այցի որոշ մանրամասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Իրանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Իրան-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաիզին նոյեմբերի 5-ին Թեհրանում լրագրողներին հայտնել է, որ Հասան Ռուհանին Ադրբեջան պաշտոնական այց կկատարի եկող շա բաթվա վերջին:

 

Այցի ժամանակ Հասան Ռուհանիին կուղեկցեն կառավարության որոշ անդամներ, Իրանի արեւելյան եւ արեւմտյան Ատրպատականների, Արդեբիլի եւ Գիլանի նահանգների պաշտոնատար անձինք, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

 

Մահմուդ Վաիզիի խոսքով' Բաքվում անցկացվելիք բանակցություններում կքննարկվեն Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնելու եւ փոխադրելու հարցը, Իրան-Ադրբեջան սահմանի գետերից օգտվելու կանոնները, մաքսատների եւ փոխադրումների հետ կապված որոշ հարցերի լուծման ճանապարհները, գազի եւ էներգետիկայի, զբոսաշրջության եւ առեւտրի բնագավառներում համագործակցությունը:

 

Մահմուդ Վաիզին հայտնել է, որ Իրանի Նախագահի այցի շրջանակում նախատեսվում է ստորագրել 10 փաստաթուղթ:

 

«Ներկայում երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը կազմում է 500 մլն դոլար: Գտնում ենք, որ դա պետք է ավելացվի»,- ասել է նա:

 

Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետություն էր մեկնել այս տարվա ապրիլին: