«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Կալանավորվել է Վանաձորում 49-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող անձը

 

 

Շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում դեկտեմբերի 25-ին' ժամը 12.10-ին, հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թամանցիների փողոցի 2/Բ տան բակում կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը տան բակու մ հայտնաբերել է 1965թ. ծնված Նատալիա Սերգեևնայի դիակը' գլխի պատռված վնասվածքների հետքերով:

 

Դեկտեմբերի 25-ին փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում, սպանությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է 1951թ. ծնված Մուշեղ Մ.-ն:

 

Դեկտեմբերի 28-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդ. 1-ին մասով և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

***

 

 

Ադրբեջանում հարցաքննել են «Ազատություն» ռ/կ-ի բոլոր աշխատակիցներին

 

 

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության գրասենյակի բոլոր աշխատակիցներին երեկ առավոտվանից հավաքել են տներից եւ ինչով պատահի հարցաքննության տարել Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննչական վարչություն: Հարցաքննության են տարվել անգամ գրասենյակի երկու հավաքարարները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:

 

Թերթը գրում է, որ դատախազության աշխատակիցները ռադիոյի «Աշխատանքից հետո» ծրագրի հաղորդավար Քամրան Մահմուդովի նկատմամբ բռնություն են կիրառել: Նրան տանից դատախազություն են տարել գիշերանոցով եւ թույլ չեն տվել անգամ հագնել կոշիկները: Այս մասին թերթին հայտնել է նրա կինը' Լաթիֆան: Հարցաքննությունից հետո Meydan TV-ին տված հարցազրույցում Քամրան Մահմուդովն ասել է, որ քննիչն իրեն հարցեր է ուղղե'լ կապված հասարակական կազմակերպությունների վերաբերյալ բացված քրեական գործի եւ «Ազատություն» ռ/կ-ի հետ:

 

Ռադիոկայանի բոլոր աշխատակիցներն ազատ են արձակվել միայն քննության գաղտնիքը չբացահայտելու վերաբերյալ ստորագրություն տալուց հետո:

 

Ռադիոկայանի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունից հեռացվել է փաստաբան Յալչին Իմանովը: Գլխավոր դատախազի առաջին տեղակալի որոշմամբ Իմանովը գործում ներգրավվել է որպես վկա եւ այդ պատճառով էլ հեռացվել է պաշտպանությունից: «Այդ որոշումը ես անօրինական եմ համարում եւ գնահատում եմ որպես ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցներին առանց պաշտպանի թողնելու փորձ», -ասել է Իմանովը:

 

Փաստաբանը նշել է, որ «Ազատություն» ռ/կ-ում իրականացված խուզարկությունը որեւէ իրավաբանական կապ չունի հասարակական կազմակերպությունների դեմ բացված քրեական գործի հետ:

 

 

***

 

 

ԿԳ նախարարն ամանորյա նվերներ է հանձնել Գեղարքունիքի սահմանապահ զորամասերից մեկին

 

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր' դեկտեմբերի 29-ին, այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը և ներկա գտնվել զինվորական շարային տողանին: Արմեն Աշոտյանը, ողջունելով զինվորներին և շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարու մ է իր սրբազան պարտքը' պաշտպանում հայրենիքը: Արմեն Աշոտյանն իր խոսքում վերահաստատել է, որ ողջ հասարակությունը Հայոց բանակի կողքին է:

 

Նախարարը, անդրադառնալով կրթություն-բանակ կապին, ընդգծել է, որ բանակից վերադարձած երիտասարդների համար կրթության նոր հնարավորություններ են բացվել: Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել զինվորների ընտանիքներին' նման որդիներ դաստիարակելու համար: Նախարարը, ներկաներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայ զինվորին մաղթել է խաղաղություն, ուժ և կորով:

 

Արմեն Աշոտյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ուսանող զինվորների հետ և խոսել նրանց մասնագիտական հետագա պլանների մասին: Նախարարն ամանորյա նվերներ և համակարգիչներ է հանձնել, իսկ Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախարարության անունից խոստացել համակարգչային լսարան բացել զորամասում:

 

Արմեն Աշոտյանն այցելել է նաև Վահան գյուղի սահմանային դիրքեր:

 

 

***

 

 

Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով. Մանվել Գրիգորյան

 

 

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իր անունից ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը վշտակցություն է հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին և հայ ժողովրդին պետական-ազգային գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

 

Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով, ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական շարժմանն ու մասնակցեց Արցախի ազատագրման պատերազմին, իսկ հրադադարի կնքումից հետո, զբաղեցնելով կարևոր պետական պաշտոններ՝ դարձյալ ծառայում էր ազգին, հայրենիքին, պետությանը: Վահան Հովհաննիսյանը նաև կարկառուն կուսակցական գործիչ էր, ով սակայն, առաջնորդվում էր «Կուսակցությանս հետ, բայց ժողովրդիս համար» նժդեհյան սկզբունքով:

 

Մենք կորցրինք լավ մարդու, լավ հայի, լավ ընկերոջ, ով ազնիվ ու հայրենասեր քաղաքական, պետական գործիչ էր, լավ հայր, լավ զավակ:

Հավերժ փառք քեզ, հարգարժան Վահան:

 

 

***

 

 

«Ժառանգությունն» արեց ամեն ինչ, բայց հաջողություն չգրանցեց. Զարուհի Փոստանջյան

 

 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ «Ժառանգությունն» այս տարի ձեռքբերումներ չի գրանցել իր գործունեության մեջ: «Չեմ կարող ասել, որ ունենք ձեռքբերումներ, եթե ունենայինք, ապա ՀՀ քաղաքացիներն ավելի բարեկեցիկ կյանքով կապրեին: Ընդհանուր առմամբ' բացթողումները, անկումը համատարած է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատգամավորը' նշելով, որ խմբակցությունն իր հնարավորությունների սահմաններում գործել է, բայց չի արձանագրել հաջողություն:

 

Անդրադառնալով ներքին քաղաքական զարգացումներին ու Եռյակի գործունեությանը' Զարուհի Փոստանջյանը նշեց, որ գալիք տարին ցույց կտա, թե քաղաքական ուժերն ինչ քաղաքականություն կվարեն: «Հաջորդ տարի մեզ սպասվում է խոր ճգնաժամ' ինչպես տնտեսական, այլև քաղաքական, և պետք է պատրաստ լինենք այդ իրադարձություններին ու դրանք կառավարելուն»,- հայտնեց պատգամավորը:

 

Զարուհի Փոտանջյանի կարծիքով' Հայաստանի համար այս տարվա ամենաանցանկալի իրադարձությունը Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացումն էր ԱԺ-ի կողմից: «Կարծում եմ' սա մի պատմական փաստ է հայ ժողովրդի պատմության ընթացքում, որը բնորոշում է պետականության հետընթաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց նա:

 

Հարցին ի պատասխան, թե ինչպես կընթանա Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցությունը' Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կվարի Ռուսաստանը: «Եթե ժողովորդավարական կարգեր լինեն այնտեղ, քաղաքակիրթ աշխարհի հետ մեր հնարավորությունները կընդլայնվեն»,- ասաց պատգամավորը:

 

Զարուհի Փոստանջյանը նշեց նաև, որ 2014-ի կորուստներից էր Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահը, ում պատգամավորը հիշում է շատ ջերմությամբ:

 

 

***

 

 

Սերգո Կարապետյանն Ամանորի նախաշեմին այցելել է Վայոց ձորում տեղակայված զորամասերից մեկը

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈւ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով այս տոնական օրերին իրենց ընտանիքներից հեռու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին' Սերգո Կարապետյանը խաղաղ ու անխռով ծառայություն, բարձր տրամադրություն, ամրակուռ կամք ու տոկունություն է մաղթել նրանց' մշտապես անառիկ պահելու մեր երկրի սահմանները դավադիր ոտնձգություններից և արիաբար դիմակայելու բոլոր դժվարություններին:

 

«Մեր երկրի անվտանգությունն ու վաղվա օրը ձեր ձեռքերում են, դուք մեր հայրենիքի մշտարթուն պահապաններն եք, Հայոց հաղթանակած բանակի արժանի ժառանգորդները, ովքեր անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ են ապացուցել, որ հայ զինվորի քաջարի ոգին ու միտքն անպարտելի են, ինչի համար երախտապարտ ենք ձեզ»,-զինվորներին ուղղված իր խոսքում շեշտել է նախարարը:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին:

 

Նախարարը հանդիպում է ունեցել նաև սահմանապահ Խաչիկ գյուղի բնակիչների հետ, զրուցել նրանց հուզող խնդիրների շուրջ, նշել անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները ու 2015 թվականի ծրագրերը: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ' նախարարը մաղթել է նրանց խաղաղություն, բարօրություն ու բերքառատ տարի:

 

 

***

 

 

Դատարանը հրապարակեց ամբաստանյալներ Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվել է այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը: Գրում է artsakhpress.am-ը:

 

Դատավոր Անատոլի Թադևոսյանի հրապարակած դատավճռի համաձայն՝ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու,

 

129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով։Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Վահան Հովհաննիսյանը գնաց խառնվելու անմահությանը. Րաֆֆի Հովհաննիսյան

 

 

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ցավակցությունն է հայտնել Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: «Վահան Հովհաննիսյանի ընտանիքին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում' Գերմանիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի անդամ, անզուգական ընկեր ու մտավորական Վահան Հովհաննիսյաինի անժամանակ մահվան կապակցությամբ:

 

Գույժը ցնցող էր ու անսփոփելի, ազգը կորցրեց իր լավագույն զավակներից մեկին' պետական, հասարակական, քաղաքական ականավոր գործչին, փայլուն հռետորին, ում խոսքն այնպես բուռն էր համակում մարդկանց մտքերն ու այնպես ուժգին ալիքվում նրանց հոգիներում: Մեզնից հեռացավ կուսակցական շինարարության փորձառու գաղափարախոսն ու Արցախյան գոյապայքարի աննկուն մարտիկը, հայրենասեր պատմաբանն ու խորաթափանց դիվանագետը:

 

Տևապես անլրացնելի կմնա հայոց կենսոլորտի այն խորշը, որ դատարկվեց իր վաղաժամ մահով: Նա գնաց խառնվելու անմահությանը և հավերժանելու երախտապատ սերունդների սրտերում: Վշակցաբար' Րաֆֆի Հովհաննիսյան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

 

***

 

 

Վահան Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղ ծված կառավարական հանձնաժողովի նիստը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում որոշվել է, որ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին' ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին' ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: