Ադրբեջանական ստորաբաժանումները հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը կրակել են ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Այս մասին գրում է Razm.info-ն:

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմն արձագանքել է, երբ սկսել են կրակել կանոնավոր:

 

«Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի, հակառակորդն ունի վիրավորներ, որոնց մասին ոչինչ ասել չենք կարող»,- ասել է նա:

 

Մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ հաշվի առնելով բերքահավաքի շրջանը՝ հակառակորդի ակտիվացումը սեզոնային բնույթ է կրում:

 

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հավաստիացմամբ՝ հուլիսի 25-ի գիշերը «հայկական կողմից արձակված կրակից վիրավորվել է» Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանի բնակիչ, 1997-ին ծնված Ֆարիդ Մամեդովը: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են վիրավորի լուսանկարը: