Անցած գիշեր ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը:
Նույն մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, թեպետ տարածվել էր տեղեկություն այն մասին, որ բացված կրակը եղել է Չինարի և Բաղանիս գյուղերի ուղղությամբ: «Ո՞վ է ասել նման բան, ո՞վ է այդ ինֆորմացիան տվել: Չկա՛ այդպիսի բան: Մեզ մոտ խաղաղ է, կրակոցներ չեն եղել»:
Մեզ հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն էլ պարզաբանեց. «Պարտադիր չէ, որ գյուղի հատվածում եղած լինեն կրակոցները: Ես չգիտեմ՝ այս աղմուկն ի սկզբանե որտեցից է եկել: Երեկ եղել են կրակոցներ Տավուշի ուղղությամբ, մեծ տրամաչափի գնդակներից կրակել են մի քանի անգամ ու վերջ: Հիմա, թե գյուղեր հասել են, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Որտեղի՞ց եկան այս լուրերը, չգիտեմ՝ ինչ պանիկայով եկավ»,- նշեց նա՝ հավելելով, որ հայկական կողմը վնասներ չի կրել:
Սոնա Հարությունյան