Ադրբեջանական կողմը գիշերը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը' կրակահերթի տակ պահելով Տավուշի մարզի սահամանմերձ գյուղերը: Համայնքները կրել են նյութական վնասներ, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հակառակորդի կրակոցները հիմնակնում զգացվել են զինվորական հենակետերին մոտ գտնվող հատվածներում: «Սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերում հնչել են կրակոցներ: Որոշ հատվածներում հայկական կողմը պատասխան կրակ է բացել: Ադրբեջանական կողմն օգտագործել է հիմնականում հրազենային զ ենքեր, իսկ որոշ տեղերում գնդացիրներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի գյուղապետ Երվանդ Եգանյանի խոսքով' հակառակորդի կրակոցներն սկսվել են երեկոյան ժամը 19:00-ից և շարունակվել մինչև առավոտյան ժամը 06:00-ը: «Կրակոցները հնչել են հիմանակնում հրազենային զենքերից: Հակառակորդը կրակում էր սահմանին մոտ գտնվող ճանապարհի ուղղությամբ, որը գտնվում է գյուղի ստորին հատվածում»,- ասաց Եգանյանը: Նա տեղեկացրեց, որ կրակոցներ են հնչել նաև հարևան Դովեղ, Բերքաբեր և Բարեկամավան համայնքներում:
Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը հաստատեց, որ գյուղում հնչել են կրակոցներ, սակայն տեղեկացրեց, որ էական վնասներ չկան' միայն վնասվել են տների արտաքին պատերը: