Հակառակորդը կրկին խախտել է հրադադրի ռեժիմն ու շուրջ 30 րոպե կրակ բացել Տավուշի մարզի Չինարի և Այգեձոր գյուղերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական զինված ուժերը պատասխանել են թշնամու կրակոցներին, և այժմ սահմանին կրկին իրավիճակը հանգիստ է:
Չինարիի և Այգեձորի բնակիչներից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ գյուղերում հիմնականում վնասվել են տանիքները: Չինարիում կոտրվել է մի քանի տան պատուհան, իսկ մի քանի փամփուշտ էլ ծակել է սահմանին մոտ գտնվող տներից մեկի խոհանոցը:
Գյուղացիները մեզ տեղեկացրեցին, որ հիմնականում կրակել են ԴՇԿ-ից և բնակավայրերի ուղղությամբ: Նրանք նույնպես փաստեցին, որ կրակոցները դադարել են, սակայն փողոց դուրս գալ առայժմ բնակիչները չեն պատրաստվում: