Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' հունիսի 10-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ' Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

 

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Դան Խարվեյը (Իռլանդիա):

 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ գնդապետ Իլհամի Դեղիրմենչիoղլուն (Թուրքիա):

 

Մինչ դիտարկման սկիզբը ադրբեջանական կողմից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ կրակոցներ են արձանագրվել, սակայն դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Միաժամանակ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

 

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: