«Mediamall.am»  լրատվականն առաջարկում է ծանոթանալ անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությանը.

 

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կվնասի թուրք- հունական հարաբերություններին. «Հուրիեթ»

 

Հունաստանի խորհրդարանում «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի ընդունումը, որը նախատեսում է քրեական պատիժ ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ, կարող է վնասել թուրք-հունական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Լրատվամիջոցը նշում է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Հունաստանի վարչապետ Անդոնիս Սամարասի հետ, ինչի ժամանակ իր մտահոգություններն էր հայտնել դեռևս քննարկման մեջ գտնվող բանաձևի առնչությամբ: Էրդողանը հայտնել էր, որ բանաձևի ընդունումը կարող է բացասաբար ազդել թուրք-հունական հարաբերությունների վրա, ինչին ի պատասխան Հունաստանի վարչապետը հավաստիացրել էր, թե խոսքը գնում է «մահացածների նկատմամբ հարգանք ցուցաբերելու մասին և բանաձևը չի ա ռնչվում ժամանակակից Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին»:

 

Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

 

«Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագծի լրամշակված տարբերակը պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

 

Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է' Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո, որ կքրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը:

 

 

***

 

Հունաստանի խորհրդարանը պատմաքաղաքական կարեւոր բանաձև է ընդունել. Հայ դատի հանձնախումբ

 

Հունաստանի խորհրդարանում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախումբը ճիշտ եւ արդար քայլ է որակում: «Օրինագծի քննարկմանը նախորդող ժամանակահատվածում կայացած լսումներին եւ քննարկումներին մասնակցել է ՀՅԴ Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը' պահանջելով Հայոց Ցեղասպանության ուրացման պարագայում քրեական հանցագործության դրույթի կիրարկումն ու ներկայացնելով հ այության դիրքորոշումը։ ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը կրկնապատկեց իր ճիգերը, հանդիպումներ ունենալով խորհրդարանականների հետ, ինչպես նաեւ համագործակցելով պոնտական եւ Փոքր Ասիական երկրների կազմակերպությունների հետ' շեշտելով, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի ընդունումը ճիշտ եւ արդար քայլ է Հունաստանի խորհրդարանի ու պետության կողմից:

Սա պատմաքաղաքական կարեւոր բանաձեւ է, որ հուսով ենք ազդակ կհանդիսանա նաեւ եվրոպական այլ պետությունների համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' օրինագծի ընդունումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնախումբը:

Հունաստանի խորհրդարանում սեպտեմբերի 9-ին ձայների 54 կողմ, 42 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց «Այլատյացության դեմ պայքար» անունը կրող օրինագիծը: Այն պահանջում է Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկել ոչ միայն հրեաների, այլեւ հայերի եւ պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը: Վեց կետից բաղկացած օրենքի նախագիծը նախատեսում է դրամական խոշոր տուգանք և բանտարկություն այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորյալ կստորացնեն, կնվաստացնեն և կժխտեն միջազգային դատարաններում և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

 

***

 

 

Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը. Մանվել Գրիգորյան

 

Ողջունում և շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագրի ստորագրման կապակցությամբ: Ես առանց վարանելու նման որակում եմ տալիս փոխըմբռնման հուշագրին, որ ստորագրվեց պաշտպանության նախարարության, կրթության և գիտության նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև:

Այս հուշագրով նոր որակ է հաղորդվում պատանի սերնդի հետ տարվող աշխատանքներին, նոր՝ պետական մակարդակի են հասցվում արդեն շուրջ երկու տասնամյակ ԵԿՄ համակարգում գործող և կայացած «Պատանի երկրապահ» և «Երիտասարդ երկրապահ» կառույցները:

Հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորում եմ քաջ Արցախին՝ հավաստիացնելով, որ հայ ժողովուրդը, մեր նոր սերունդը ձեզ երբեք-երբեք մենակ չեն թողնի: Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը:

Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակների, ձեր ամուսինների հայրենասիրական, հայրենանվեր գործն այսօր շարունակում են երիտասարդ և պատանի երկրապահները՝ նպաստելով պետության ամրացմանն ու հզորացմանը: Գիտելիքը, հայրենասիրությունն ու ռազմարվեստը դառնում են մեր ժողովրդի համար առաջնային:

Շնորհավորում եմ հայ երիտասարդությանն ու պատանիներին: Դուք, անկախությունը ճիշտ վայելելով, հայրենասիրությունը բարձր գնահատելով, կարողանում եք արժանապատվորեն պահպանել ավագ սերնդի երկրապահների, հայ ժողովրդի ձեռքբերումները: Ես վստահ եմ, որ նոր սերունդը տեր է մեր մեծագույն արժեքին՝ Անկախությանը: Շնորհավորանքներս մեր եռասերունդ երկրապահական ընտանիքին:

Հուշագրի ստորագրման կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ պաշտպանության նախարարին, մեր բանակին, սահմանին կանգնած զինվորին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Շնորհավորում եմ կրթության և գիտության նախարարին և կրթության ոլորտի բոլոր աշխատողներին՝ ուսուցիչներին, դասախոսներին:

Շնորհավորում եմ նաև նրանց, ովքեր մեզ դեռ չեն հասկանում՝ հետո են հասկանալու և այսօր չափից ավելի են քննադատում մեզ: Վստահ եմ՝ կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում, և ձեր զավակներն էլ կսկսեն պաշտպանել մեր դավանած արժեքները:

Այսպիսով՝ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Վստահեք ինքներդ ձեզ, տեր եղեք անկախությանը: Հիշեք՝ վերևում Աստված է, ներքևում՝ մեր ծնողները, թոռներն ու երեխաները, իսկ առջևում՝ մեր պետությունը, անկախությունը, ապագան:

Մաղթում եմ մեր ժողովրդին համբերություն և միասնություն:

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան

 

***

 

Սպանություն՝ Այգեստան գյուղում

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 1958 թ. ծնված Հերմինե Գրիգորյանին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Պորոշենկոն ստորագրել է պատժամիջոցների մասին օրենքը

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է սանկցիաների մասին օրենքը, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Գերագույն ռադայի կայքում: Փաստաթղթի տեքստը, սակայն, բացակայում է:

Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցները կարող են կիրառվել կոնկրետ օտարերկրացիների, օտարերկրացի իրավաբանական անձանց նկատմամբ, ինչպես նաև իրավաբանական այն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են այդ ոչ ռեզիդենտ ընկերությունների կամ օտարերկրացիների հսկողության տակ: Այդ սուբյեկտների հանդեպ կիրառվող պատժամիջոցները հաստատվում են Անվտանգության և պաշտպանության ազգային խորհրդի որոշմամբ և իրականացվում նախագահի հրամանագրով:

 

***

 

Ղարիբաշվիլին կայցելի Բաքու

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սեպտեմբերի 11-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այդ մասին Trend գործակալությանը տեղեկացրել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:

Երկօրյա այցի շրջանակներում ծրագրված են հանդիպումներ Ղարիբաշվիլիի և Ադրբեջանի իշխանությունների միջև, հանդիպումներ նաև կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմերով:

Վրաստանի կառավարական պատվիրակության կազմում ընդգրվել են Վրաստան ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, Էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն, Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան, վարչապետի խորհրդական Սավելան Միրզոևը, պատգամավորներ Զուրաբ Տկեմալաձեն և Մախիր Դարզիևը:

 

***

 

Երեկ հերթական արտառոց դեպքն է գրանցվել ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյան

 

«Երեկ հերթական արտառոց դեպքն է գրանցվել ԱԺ-ում. ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը հարձակում է գործել A1plus-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա»,- Ազգային ժողովում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի է ունեցել լուրջ իրավախախտում, որով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, բայց մինչ այդ, պատեհ կլինի, պարո′ն Սահակյան, որ այս հարցով ծառայողական քննություն անցկացվի»,- ասաց Փաշինյանը:

 

***

 

Ալիևը սեփական դեմքը «փրկելու» ճիգեր է գործադրում

 

Ամերիկյան առաջատար The New Jork Times թերթն իր երեկվա համարում ծավալուն ինֆոգրաֆիկ հոդված էր հրապարակել Միացյալ Նահանգներում տեղակայված ուղեղային կենտրոններում նավթային փողերով ազդեցություն գնելու շուրջ Ադրբեջանի կառավարության ջանքերի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թերթն իր այսօրվա համարում զետեղել է Ադրբեջանի կառավարության հայտնի վարձու լոբբիստ, Իսրայելի Հայֆա համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի հետազոտող Բրենդա Շաֆերի հոդվածը, որում փորձ է արվում օգոստոսի սկզբին Ադրբեջանի բանակի կողմից ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում իրագործած դիվերսիոն գործողությունները վերագրել հայկական կողմին: Միանշանակ է, որ այդ գործողությունները հրահանգած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամերիկյան թերթում իր լոբբիստ Բրե նդա Շաֆերի բերանով արտահայտած անհեթեթություններով հոդվածի տպագրությունը հովանավորել է սեփական բանակի կրած խայտառակ պարտությունից իր դեմքը «փրկելու» համար:

Հոդվածում Բ. Շաֆերը ուկրաինական իրադարձությունների եւ Ադրբեջանի հետ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններում վերջին լարվածության համար մեղադրում է Ռուսաստանին: Նա նշում է, որ Մոսկվան այդ քայլերն անում է հակամարտ կողմերին «մշտապես իր ազդեցության տակ պահելու» եւ տարածաշրջանում «ռուս խաղաղապահներ տեղակայելու» համար:

Հոդվածի «մեխն» այն է, որ Բ. Շաֆերը «հավաստում է», թե հայերն, իբր, «երեք կողմից Ադրբեջանի վրա հարձակվել են երկրից Իլհամ Ալիեւի բացակայելու ժամանակ»: «Հուլիսի 31-ին հայերն անակնկալ եւ համակարգված կերպով երեք կողմից հարձակվեցին Ադրբեջանի վրա: Այդ հարձակման ժամանակ նախագահ Իլհամ Ալիեւն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գտնվում էին երկրից դուրս», -գրում է Բ. Շաֆերը' ակնհայտ կերպով կրկնելով օգոստոսի սկզբին կրած խայտառակ պարտությունից շոկի մեջ հայտնված ադրբեջանական կողմի զառանցանքները:

Ավելին' Բ. Շաֆերը «որոշում է», թե ինչ պետք է անի ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ: «Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չլինելու համար Վաշինգտոնը պետք է մեղադրի Ռուսաստանին եւ հակազդի տարածաշրջանում լրացուցիչ ռազմական ուժեր տեղակայելու Մոսկվայի ծրագրերին», -գրում է նա: Այնուհետեւ Ադրբեջանի լոբբիստն անդրադառնում է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը եւ ափսոսանք հայտնում, որ այդ հանդիպման ժամանակ չհաջողվեց առաջընթաց գրանցել ԼՂ հակամարտ ության կարգավորման գործում:

Բաքվի հանձնարարությամբ խոսող Բ. Շաֆերը լավ գիտի, որ ԼՂՀ եւ ՀՀ սահմաններում օգոստոսյան լարվածության հեղինակը Իլհամ Ալիեւն է: Այդ դիվերսիաներով փորձելով հասնել ինչ-որ հաջողությունների, Ալիեւը մտածում էր Սոչի մեկնել «հաղթողի» կեցվածքով եւ հայկական կողմերին սեփական կամքը «պարտադրել»: Սակայն ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը, ինչպես միշտ, զգոն գտնվեցին եւ հակառակորդին հետ շպրտեցին իրենց նախկին դիրքերը' պատճառելով մարդկային եւ նյութական մեծ կորուստներ:

The New York Times թերթի երեկվա ինֆոգրաֆիկ հոդվածում ցուցադրվել է Ադրբեջանի կառավարության լոբբիստական գործունեությունն անդրադարձնող 13 փաստաթուղթ: Ստորագրված պայմանագրերում հաստատվում է, որ լոբբիստական ընկերությունը Ադրբեջանի կարեւորությունը ԱՄՆ-ի համար բարձրացնելու նպատակով վճարովի ծառայություններ է մատուցում: Նշվում է, որ Վաշինգտոնում գտնվող «DCI Group» եւ «Podesta Group» լոբբիստական ընկերությունների հետ պայմանագրերը ստորագրել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը:

Ամերիկյան թերթն ուշադրություն է հրավիրում ազդեցություն գնելու շուրջ ուղեղային կենտրոնների հետ առեւտրի մեջ մտած Atlantik Council վերլուծական կենտրոնի գործունեությանը, որի առաջատար դոնորների թվում է նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR):

Թերթը նշում է, որ Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծական կենտրոններ վերջին տարիներին միջոցառումներ են կազմակերպել, որոնք կենտրոնացած են եղել ադրբեջանցի լոբբիստների կողմից որոշ թեմաներ առաջ տանելու վրա: Դրանց թվում է Atlantic Council-ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կարեւորվել են «Ադրբեջանի համաձայնեցված ջանքերը' որպես ՆԱՏՕ-ի գործընկեր իր նշանակությունը ցույց տալու նպատակով»: Միջոցառման մասնակիցներից Բրենդա Շեֆերը, նաեւ Պետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինն ու Atlantic Council-ի նախագահ Ֆրեդերիկ Քեմփեյը ընդգծել են Կովկասում Եվրոատլ անտյան ռազմական դաշինքի համար Ադրբեջանի կարեւորությունը:

Ինֆոգրաֆիկ հոդվածում տեղ է գտել նաեւ դեսպան Էլին Սուլեյմանովի' «Podesta» խմբի ղեկավար Էնթոնի Պոդեստայի հետ ստորագրած համաձայնությունը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Այդ համաձայնագրով վերջինս պետք է պրոպագանդի Ադրբեջանի դիրքորոշումը բազմաթիվ հարցերի շուրջ, որի համար Բաքուն պետք է ամսական 50 հազար դոլար փոխանցի նրա ընկերությանը եւ փակի մնացած բոլոր լրացուցիչ ծախսերը:

 

***

 

Ջոն Քերին ժամանել է Բաղդադ

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդպիսով մեկնարկել է Քերիի շրջագայությունը Մերձավոր արևելքում, որի հիմնական նպատակն է քննարկել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու վերաբերյալ հարցեր, ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցություն ստանալ տարբեր երկրներից:

Ջոն Քերին ողջունել է նախօրեին Իրաքի նոր կառավարության կազմավորումը Հեյդար ալԱբադիի գլխավորությամբ:

Ամերիկյան օդային ուժերը սեպետմբերի 8-ին և 9-ին 5 հարված են հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Արդեն իսկ ամերիկյան օդային ուժերի ռմբակոծությունների թիվն օգոստոսի սկզբից հասել է 153-ի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Մեծ Բրիտանիան Իրաքին գնդացիրներ և զինամթերք է տրամադրել: Զենքերի ընդհանուր արժեքը կազմել է 1,6 միլիոն ֆունտ ստերլինգ: Աշխարհի տարբեր երկրներ ևս պատրաստակամություն են հայտնել օգնել Իրաքին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում:

 

***

 

Խոշոր հրդեհ «Երազ» գործարանում

 

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Երազ» գործարանի տարածքում' օժանդակ շինության տանիքում:

Դեպքի վայր է մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

***

 

Մամիկոն Խոջոյանի գործով հայցն ուղարկվել է ՄԻԵԴ

 

Ադրբեջանական գերությունից ազատվելուց հետո մահացած Մամիկոն Խոջոյանի գործով հայցը նրա ընտանիքի անդամները «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ ուղարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի ղեկավար Լարիսա Ալավերդյանը:

«Այո, ուղարկվել է: Ամեն ինչ ընթանում է իր հունով, մենք ուղղակի պետք է տեսնենք, թե երբ կլինի դատարանի կողմից ընդունումը և երբ կսկսվի գործընթացը, ինչպես գիտեք, այն բավականին երկար ժամանակ է պահանջում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը' հավելելով, որ ներկայում իրենք սպասում են ՄԻԵԴ-ի կողմից որոշակի հարցերի, որոնց պետք է տալ պատշաճ պատասխաններ:

Նա նաև նշեց, որ նման իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ աշխատում են' տրամադրելով ոչ միայն իրավական խորհրդատվություն, այլև աջակցում են սոցիալական, առողջապահական հարցեր առաջանալու դեպքում:

Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Տիգրանի Խոջոյանը 2014 թվականի հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը ու հայտնվել ադրբեջանական կողմում: Մամիկոն Խոջոյանն ուներ որոշակի հոգեկան խնդիրներ ու ապրում էր միայնակ: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության բնորոշմամբ' նա իբր եղել է «զինված դիվերսանտ»:

Ադրբեջանի Պատանդների, անհայտ կորածների և գերիների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը նշել էր, որ Հայաստանի քաղաքացուն գետն անցնելիս Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչները նկատել ու հանձնել են ադրբեջանցի զինծառայողներին: Տարածված վարկածին, թե իբր Մամիկոն Խոջոյանը դիվերսանտ է կամ նրանց ուղեկցող, չէին հավատում անգամ Բաքվում: 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ Ադրբեջանում հարցազրույց էին արել ու հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցներում' խախտելով գերիների մասին Ժնևյան կոնվենցիան:

Հարցազրույցի ժամանակ պարզ էր դարձել, որ Խոջոյանի ձեռքը կոտրված է: Գերությունից վերադառնալուց մի քանի ամիս անց Մամիկոն Խոջոյանը մահացավ' այդպես էլ չվերականգնվելով գերության ժամանակ կրած խոշտանգումներից:

 

***

 

Թուրքիայի հեռարձակողների խորհուրդը վիրավորական չի համարել Էրդողանի արտահայտությունը հայերի նկատմամբ

 

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը (RTÜK) որոշում է կայացրել այն մասին, որ թուրքական հեռուստաալիքներից մեկում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի նկատմամբ արած ոչ պարկեշտ արտահայտությունն ամենևին էլ վիրավորական չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Բարձրագույն խորհրդի որոշման մեջ ասվում է, որ Էրդողանը պարզապես հիշեցրել է իր հասցեին նախկինում հնչած արտահայտությունները և որևէ մտադրություն չի ունեցել սերմանելու խտրականություն կամ վիրավորելու հայերին: Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը հրավիրված նիստի ավարտին եզրակացություն է արել, որ հեռարձակման ժամանակ որևէ իրավական խախտում չի գրանցվել:

Օգոստոսի սկզբին նախընտրական քարոզարշավի ժամանակ թուրքական հեռուստաալիքներից մեկի հաղորդմանը մասնակցող Էրդողանը ասել էր հետևյալը. «Ինձ ասացին վրացի: Ես ներողություն եմ խնդրում, սակայն նրանք ինձ ավելի վատ բան ասացին: Նրանք ինձ հայ անվանեցին, սակայն ես թուրք եմ»:

 

***

 

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացն ընթանում է բնականոն հունով. Կարեն Ճշմարիտյան

 

Հայաստանը չի շտապում մտնել Եվրասիական միություն, իսկ անդամակցության գործընթացն իր բնականոն հունով ընթանում է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

«Տնտեսական մասով բանակցությունները Մաքսային միության անդամ երկրների հետ ավարտվել են, և հիմա ընթանում են անդամակցության հետ կապված մյուս գործընթացները: Խոսքն այն մասին է, որ անդամ երկրների խորհրդարաններում Հայաստանի անդամակցության համաձայնագիրը պետք է վավերացվի: Մենք շտապելու տեղ չունենք, իսկ գործընթացն իր հունով ընթանում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարզաբանեց նախարարը:

Նա նշեց, որ Մաքսային միության անդամ երկրների հետ բանակցությունների արդյունքում' լայն սպառում ունեցող ապրանքներն ընդգրկված են արտոնությունների ցանկում, և դրանց գները չեն բարձրանալու: Արտոնություների ցանկում են ընդգրկված նաև այն հումքատեսակները, որոնք նախատեսված են մեր երկրում տարբեր ապրանքների արտադրությունը կազմակերպելու համար, ինչպես աև առաջին անհրաժեշտության ապրանքները:

Բացի այդ, Ճշմարիտյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա մոտ 3500 ապրանք ավելի էժան գներով ներմուծել: