Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են բնակիչները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Մինչ հրշեջների և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ժամանումը, նշված փողոցի 36 տանից Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել 70-ամյա Գոհար Մկրտչյանը։ Վերջինս ստացել է այրվածքներ։
Պարզվել է, որ այրվել է Գ․ Մկրտչյանին պատկանող հյուրասենյակի գույքն ամբողջությամբ, 2 պատուհանները, խոհանոցային կահույքը, ջերմահարվել են 3 դռները, սառնարանը, գազօջախը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Մասիսի գազի մասնաճյուղի ծառայողներն ու «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։