Mediamall.am-ն առանձնացրել է անցնող օրվա կարևորագույն լուրերը.
Խոշոր հրդեհ Արցախի պողոտայում
Հուլիսի 24-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 143 հասցեում՝ կահույքի նախկին արտադրամասում:
Դեպքի վայր են մեկնել յոթ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, քաղաքապետարանի երկու ջրատար, ՃԿԿ օպերատիվ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հետաքննությունը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Լևոն Հայրապետյանին
Հետաքննությունը պաշտոնական մեղադրանք կառաջադրի հայազգի խոշոր ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների լվացման մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ՌԴ Քննչական կոմիտեի քննիչն, իրոք, Լևոն Հայրապետյանի պաշտպանությանը ծանուցել է, որ մեր պաշտպանյալին մեղադրանքի առաջադրումը պլանավորվում է հուլիսի 24-ին»,- ավելի վաղ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է նրա փաստաբանը՝ Ռուբեն Մարգարյանը:
Հայրապետյանն ինքը կտրականապես չի ընդունում իր մեղքը և մերժում է իրեն ներկայացվող մեղադրանքները:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:
Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:
Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:
***
Դատախազը պատիժ կպահանջի Հրաչյա Հարությունյանի համար
Մոսկվայի Տրոիցկի դատարանը կողմերի միջև քննարկում կանցկացնի Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿամԱԶի վարորդի գործով, ում մեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:
Ինչպես սպասվում է, եզրափակիչ խոսքով հանդես կգան նաև մեղադրյալի փաստաբաններն ու մեղադրյալն ինքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանին նաև հնարավորություն կընձեռվի ասելու վերջին խոսքը, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար:
Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Վերջին մեղադրանքը Հարությունյանը մերժում է՝ իր մեղքն ընդունելով միայն ճանապարհատրանսպորտային պատահարի համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
***
Սպանություն Գորիսում. հարուցվել է քրեական գործ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հուլիսի 23-ին' ժամը 05.00-ին, հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը և 1986թ. ծնված Արթուր Մարտ իրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ մետրի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց երկհարկանի շինությունում և բնակվել հարևանությամբ գտնվող շարժական տնակում:
Նույն օրը' ժամը 02.00-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Ալեքսանդր Հովհաննիսյանը դիտավորությամբ մետաղական ամրանով հարվածներ է հասցրել Արթուր Մարտիրոսյանի գլխի հատվածին' պատճառելով մահ: Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է: Հանցագործության գործիք մետաղական ամրանն առգրավված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
***
ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել անձի կյանքի իրավունքը ոտնահարելու մեջ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով սահմանված անձի կյանքի իրավունքը ոտնահարելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այս մասին ՄԻԵԴ-ը նշել է 2006 թվականին Դիարբեքիրում խաղաղ ցույցի ժամանակ թուրք իրավապահների կողմից օգտագործված արցունքաբեր գազի պարկուճի հարվածից մահացած քաղաքացի Թարըք Աթաքայայի դատական գործով հրապարակած վճռում: ՄԻԵԴ-ը թուրքական պետությունը մեղավոր է ճանաչել նաեւ սպանության համար պատասխանատու անձանց նկատմամբ պատշաճ քննություն չիրականացնելու համար:
Եվրոպական դատարանի որոշման համաձայն, դատական ծախսերի հետ Թուրքիան տուժող կողմին պետք է 70 հազար եվրո փոխհատուցում վճարի: ՄԻԵԴ-ը Թուրքիային նաեւ զգուշացրել է, որ դարձյալ կդատապարտի, եթե ցուցարարների դեմ շահագործման սխալ պայմաններով արցունքաբեր գազ կիրառվի:
***
Յուքոմ ընկերության պարզաբանումը՝ մատակարարվող կապի խափանման վերաբերյալ
Երեկ՝ հուլիսի 23-ին, Յուքոմ ընկերության՝ Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը խափանվել է: Այս կապակցությամբ ընկերությունը տարածել է հայտարարություն, որում մատնանշել է խափանման պատճառները և ներողություն խնդրել բաժանորդներից: Յուքոմ ընկերության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Այսօր (երեկ.-խմբ)՝ ժամը 20.20 սահմաններում Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Յուքոմ ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել է, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը:
Շնորհիվ պահուստային գծերի մեր ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի հանրապետության տարածքում այժմ Յուքոմ ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։
Յուքոմն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի վաղը առավոտյան:
Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»:
***
Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանին պետք է մաքրել Հայաստանի տարածքից». Aravot.am
«Ակնհայտ է, որ սա այս ոչ օրինական իշխանությունների կողմից հերթական արկածախնդրությունն է, այդ իսկ պատճառով էլ այդպիսի անակնկալ հայտարարություններ են արվում: Հենց առաջին հայտարարությունը, որը եղավ անցյալ տարի սեպտեմբերի 3-ին, Հովիկ Աբրահամյանի հայտարարություններն էլ դրա շարունակությունն են, այդ հայտարարության շարքին են դասվում»,- «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ-ին անդամակցելու տարբեր ժամկետներ նշում:
Մեր հարցին՝ ինչո՞ւ են ժամկետներն անընդհատ հետաձգում, այստեղ խնդիր չե՞ք տեսնում՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Նախ, այդ այսպես կոչված միությունը ինքն իր մեջ խնդիրներ ունի: Բացի այդ, որպես միություն, պատրաստ չի Հայաստանի անդամակցությանը: Ոչ ոք չգիտի իր օրակարգը»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
***
Վերջին հանգրվանը՝ հատակը
Երեկ լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո՝ ապրիլի 13-ին, Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ի սկզբանե որևէ ակնկալիք չուներ կառավարությունից:
«Ես ի սկզբանե հայտարարել եմ, որ որևէ ակնկալիք չունեմ այս կառավարությունից, որովհետև այս կառավարման համակարգի վերջին հանգրվանը համարում եմ հատակը: Այդտեղ հիմնովին բիզնեսը և իշխանությունը միաձուլվեցին, ընտրակեղծարարությունը՝ ևս, որովհետև Հովիկ Աբրահամյանը վերջին համապետական ընտրությունների ընտրակեղծարարության ղեկավարն էր, և բնականաբար, որևէ դրական բան հնարավոր չէր ակնկալել: Նկատի ունենալով իր նախորդ բոլոր գործունեությունները՝ նա նպաստել է, որ այս իրավիճակը կյանքի կոչվի: Սկզբնական ժամանակահատվածում, որ սպասելիքներ կային՝ ինչ-որ մի քանի քայլ գոնե նա կանի, որպեսզի դրական սպասումներ առաջացնի, Հովիկ Աբրահամյանը չարեց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
***
Boeing 777 ինքնաթիռի 50 զոհված ուղևորների մարմինները կուղարկվեն Նիդերլանդներ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, հուլիսի 25-ին Նիդերլանդներ կուղարկվեն մալայզիական Boeing 777-ի ողբերգության 51 զոհերի մարմիններ: Այդ մասին հաղորդել է ինքնաթիռի ողբերգության հետաքննության հարցերով ուկրաինական հանձնաժողովը:
«Խարկովի միջազգային օդանավակայանում արդեն սկսվել է մահացածների մարմիններով կոնտեյներների բեռնումն ինքնաթիռներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Նախատեսվում է, որ առաջին ինքնաթիռի թռիչքը կիրականանա 12:00-ին:
***
Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունն աճում է
Թուրքիայում Իսրայելի դեմ արշավը շարունակվում է: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը Պաղեստինի դեմ պաշտոնական Թել Ավիվի գործողությունները «ահաբեկչություն» է գնահատել եւ անմեղ մարդկանց սպանությունը անվանել «ցեղասպանություն»: Թուրքիայի եւ Իսրայելի ընկերությունները փոխադարձաբար բոյկոտի որոշում են ընդունել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահի թեկնածու եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, թե Իսրայելի կառավարությունը պետք է իմանա, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա պահանջել է անմիջապես դադարեցնել Գազայում Իսրայելի զինուժի ռազմական գործողությունները եւ կողմերի միջեւ հրադադար հայտարարել:
Նախագահական ընտրությունների քարոզչական արշավի շրջանակում Էրդողանը երեկ Ադանայում կազմակերպված միտինգում հայտարարել է, որ Իսրայելի նկատմամբ Թուրքիան այլեւս նախկինը չի լինելու: «Թուրքիան Իսրայելի համար ժամապահ երկիր չի լինելու: Մենք այլեւս ներողություն խնդրող երկիր չենք, այլ ներողություն խնդրել տվող երկիր ենք»,-ասել է նա:
Էրդողանը ելույթը նաեւ համեմել է ազգայնական հայտարարություններով, գովաբանել իրեն եւ հորդորել ընտրություններում քվեարկել իր օգտին:
«Մենք մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն ենք: Առաջին անգամ քվեարկելով ժողովրդի կողմից ընտրվող նախագահի օգտին' դուք ձեր թոռներին հպարտորեն ասելու եք, որ այս նախագահը ձեր քվեներով է ընտրվել», -հայտարարել է նա:
Թուրքական որոշ ԶԼՄ-ներ Էրդողանին մեղադրել են Իսրայելի հարցում երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ: Մասնավորապես, թուրքական «Այդընլըք» թերթը Էրդողանի կառավարությանը մեղադրել է Իսրայելին 124 տ 562 լիտր ավիաբենզին վաճառելու մեջ, որով լիցքավորված իսրայելական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծում են Գազան: Թերթն իր մեղադրանքը հիմնավորել է Թուրքիայի պետական վիճակագրական կազմակերպության պաշտոնական տվյալներով, որոնց համաձայն' մարտ եւ ապրիլին ամիսներին Իսրայելին վաճառված ավիաբենզինը բավական է 25 ռմբակոծիչների օդ բարձրանալու եւ գազան ռնբակոծելուց հետո վերադառնալու համար:
***
Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Քարվաճառում սպանված դիվերսանտի դին ստանալու համար
Ադրբեջանի փախստականների եւ հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում ԼՂՀ Շահույանի շրջանի Քարվաճառի տարածքում դիմադրություն ցույց տալու ժամանակ սպանված ադրբեջանցի դիվերսանտ Հասան Հասանովի դին հարազատներին վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հայկական կողմի հետ բանակցությունները տարվում են Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության Բաքվի գրասենյակի միջնորդությամբ: Ընդգծվում է, որ հայկական ուժերի կողմից ձերբակալված Դիլգամ Ասքերովի, Շահբազ Գուլիեւի հետ հանդիպում կազմակերպելու եւ Հասան Հասանովի դին վերադարձնելու ուղղությամբ «անհրաժեշտ միջոցառումները» Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի «անձնական հսկողության տակ» են գտնվում:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հուլիսի 12-ին հայտներ էր, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել է, իսկ մյուսները դիմել են փախուստի: ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաեւ խմբի այլ անդամներ, որոնցից մեկը դիմադրություն է ցույց տվել եւ սպանվել: ԼՂՀ գլխավոր դատախազությունը Քարվաճառ ներթափանցած ադրբեջանցիներին միանգամից մի քանի մեղադրանք է առաջադրել եւ քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
***
Դատախազը պահանջել Է մեղավոր ճանաչել Հրաչյա Հարությունյանին և դատապարտել յոթ տարվա ազատազրկման
Դատախազը պահանջել Է ճանապարհատրանսպորտային պատահարի համար մեղավոր ճանաչել ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանին, որի մեքենան անցյալ տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում բախվել Է երթուղային ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել Է 18 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պետական մեղադրողը հայտարարել Է հուլիսի 24-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանում կայացած դատաքննության ընթացքում: Նրա խոսքով՝ մահացով ‚ ՃՏՊ-ում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի մեղքն ամբողջովին ապացուցված Է դատական հետաքննության ընթացքում:
Հանցագործության փաստը չի վիճարկում դատավարության կողմերից ոչ մեկը: Դատախազի խոսքով՝ հավաքված բոլոր ապացույցները լիովին հաստատում են մեղադրյալի մեղքը տեղի ունեցած ՃՏՊ-ում:
Դատախազը պահանջել Է Հրաչյա Հարությունյանին դատապարտել յոթ տարվա ազատազրկման: Բացի այդ, մեղադրող կողմը խնդրել Է նրան երեք տարով զրկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Դատախազը գտնում Է, որ մեղադրյալը պետք Է պատիժը կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նա նշել Է, որ հետաքննությամբ ապացուցված Է Հարությունյանի մեղքը Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումը) եւ 327-րդ հոդվածով (փաստաթղթերի կեղծումը, դրանց պատրաստումն ու իրացումը), հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
***
Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարակ է տվել: Ինչպես հաղորդում է «112.ua»-ն այս մասին Յացենյուկը հայտարարել է Գերագույն ռադայում:
«Սա երկրի լավագույն կառավարությունը չէ: Բայց, այնուամենայնիվ, այս կառավարությունն արել է այն, ինչ կարողացել է»,- հայտարարել է Յացենյուկը:
Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հանձնարարել է պատգամավորներին' սկսել խորհրդակացություններ վարչապետի պաշտոնակատար նշանակելու համար:
***
Քիչ առաջ սպանել են Գյումրիի մանկավարժականի ռեկտորի եղբորը. aravot.am
Հենց նոր Aravot.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ սպանել են Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի միջնեկ եղբորը'Հարություն Գրիգորյանին: Շիրակի մարզային ոստիկանությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը' հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու ժամ առաջ, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածում.
Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Նրան կրակել ու գցել են փոսը: Այսինքն' դեպքը տեղի ունեցել է կենտրոնական ճամփից 20 մետր ցած' քանդած շինությունների մոտ: 4 հատ փամփուշտ են հայտնաբերել մարմնից, մեկը' փորի կողմում, մյուսը նստատեղի, 3-րդ թևի, քաշքշուկի հետքեր ևս կան: Ոստիկանությունը դեռ չի պարզել, թե ով է եղել նրան կրակողը:
***
Կարեն Հակոբյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
ՀՀ վարչապետի 2014 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ' Կարեն Լեւիկի Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' հուլիսի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Կարեն Հակոբյանին:
Կարեն Լեւիկի Հակոբյանը ծնվել է 1983 թվականին, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2001-2006 թվականներին սովորել եւ ավարտել է Գավառի պետական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի անգլերենի բաժինը: 2012 թվականին ընդունվել եւ այժմ էլ ուսանում է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում' «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:
2007-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գեղարքունիքի երիտասարդական տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է:
2009-2012թթ. ՀՀ բնապահպանության նախարարությունում նշանակվել է նախարարի օգնական, իսկ 2012-2014 թվականներին' ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում' մարզպետի օգնական: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Խոսրով Խլղաթյան