«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.












Նեմցովն սպանվել է մուսուլմանների և իսլամի վերաբերյալ իր արած հայտարարությունների պատճառով. ԶԼՄ-ներ

 

 

 

Բորիս Նեմցովն սպանվել է մուսուլմանների եւ իսլամի վերաբերյալ իր արած բացասական հայտարարությունների պատճառով: Այս հայտարարությունն իբր արել է հանցագործությանը մեղսակցության կասկածանքով ձերբակալված Զաուր Դադաեւը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ռոսբալտ» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի աղբյուրի:

 

 

Ձերբակալվածը հայտարարել է, որ իսլամի նկատմամբ Բորիս Նեմցովի վերաբերմունքի մասին իմացել է 2015 թվականի հունվարին: Որպես ճշմարիտ հավատացյալ ինքը չէր կարող դա հանդուրժել:

 

 

Անզոր Գուբաշեւի եւ Զաուր Դադաեւի՝ որպես Նեմցովի սպանությանը մեղսակից լինելու մեջ հիմնական կասկածյալների, ձերբակալման մասին մարտի 7-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության համերկրային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Ավելի վաղ Դադաեւը ծառայել է Չեչնիայի Հանրապետության ՆԳ նախարարության «Հյուսիս» գումարտակում, Գուբաշեւը պահապան է աշխատել մերձմոսկովյան գերխանութում:

 

 

Ավելի ուշ հայտնի է դարձել եւս երկուսի՝ Գուբաշեւի կրտսեր եղբոր՝ Շագիթի եւ այն ավտոմեքենայի ենթադրյալ վարորդի ձերբակալման մասին, որով Դադաշեւը հեռացել է հանցագործության վայրից: Մարտի 8-ին հաղորդագրություն է ստացվել, որ Գրոզնում նռնակով իրեն պայթեցրել է եւս մեկ կասկածյալ: Նույն օրը Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ճշտել է, որ Նեմցովի սպանության գործով ընդամենը ձերբակալված է հինգ մարդ:

 

 

Բոլոր հինգն էլ Մոսկվայի Բասմանյան դատարանի որոշմամբ ձերբակալված են մինչեւ ապրիլի 28-ը: Ընդսմին Դադաեւն ընդունել է հանցագործությանը իր մեղսակցությունը:

 

 

 

***

 

 

 

Սպանության մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

 

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել 1987թ. ծնված Վանուշ Մ.-ն:

 

 

Վանուշ Մ.-ն փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի մեղադրանքով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

 

 

 

***

 

 

 

Գյումրիի կրակոցներից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

 

 

 

Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների մասնակիցներից Կնյազ Ղազարյանն այս պահին արհեստական շնչառության տակ է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:

 

 

Վերջինս տեղեկացրեց նաև, որ տուժածներից Գարիկ Ղազարյանը, ով Կնյազ Ղազարյանի եղբայրն է, ուսահոդի վնասվածք է ունեցել, նույնպես վիրահատվել է և տեղափոխվել հիվանդասենյակ:

Հիվանդանոց տեղափոխված երրորդ քաղաքացու՝ Գագիկ Ղուկասյանի վիճակը հարաբերական կայուն է գնահատվում:

 

 

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 մարդ՝ վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:

 

 

 

***

 

 

 

Գյումրիում 23-ամյա երիտասարդի են դանակահարել

 

 

 

Այս գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1992թ. ծնված Լևոն Վահրամի Ժամակոչյանը, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդ առաջամիջյան մակերեսի, ինչպես նաև աջ ակնակապճի առջևից ճակատի և ձախ վերին շրթունքի շրջանի փափուկ հյուսվածքի վնասվածք՝ հասցված սուր-ծակող գործիքով:

 

 

Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց դանակահարության դեպքը՝ նշելով, որ հանգամանքները պարզվում են:

Դանակահարություն կատարած անձի ինքնությունը ոստիկանությանը հայտնի է:

 

 

Հարցրինք նաև՝ արդյոք դեպքը որևէ առնչություն ունի՞ մարտի 7-ին Գյումրիում հնչած կրակոցների հետ, որի հետևանքով 6 մարդ վնասվածքններ էին ստացել, Արմեն Մալխասյանն ասաց, որ այդ երկու դեպքերը միմյանց հետ կապ չունեն:

 

 

***

 

 

 

«Այն, ինչ տեղի ունեցավ, սա էր՝ Գագիկ Ծառուկյան, սա Ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք»

 

 

 

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն այն կարծիքին է, որ վերջին շրջանում ներքաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերադարձվեց 2007թ. «ռելսերի» վրա: Նա նաև այն կարծիքին է, որ թեև կուսակցության նոր ղեկավարն արդեն հայտարարել է, որ գործելու են ընդդիմադիր դաշտում, ԲՀԿ -ն արմատական ընդդիմություն չի կարող լինել:

 

 

Մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ն ի սկզբանե եղել է կուսակցություն, որը ստեղծվել է քաղաքական դաշտի այն քվեները վերցնելու համար, որոնք չէին գնալու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: «Այս քաղաքական ուժը ստեղծվել էր այդ անկայուն և ոչ գաղափարական ընտրազանգվածի քվեները վերցնելու համար: ԲՀԿ-ն նախատեսված էր որպես բուֆեր ծառայել՝ երբեք չսպառնալով իշխանություններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Սաֆարյանը:

 

 

Նա նկատեց, որ այս տարի ԲՀԿ առաջնորդը լուրջ հայտ ներկայացրեց «նախագիծ» լինելու փուլից անցնելու քաղաքականության սուբյեկտի փուլին, որովհետև նա ցանկանում էր որոշել, թե ով պետք է իշխի երկրում, ով կառավարի: «Եվ այս պայմաններում այն, ինչ տեղի ունեցավ, կոպիտ ասած, սա էր՝ Գագիկ Ծառուկյան, սա Ձեր կուսակցությունը չէ, դուրս եկեք: Սա էր փաստացի ինչ տեղի ունեցավ»,- նշեց Սաֆարյանը:

 

 

Քաղաքագետը հիշեցրեց, որ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելու մասին, սակայն նկատեց, որ ՀՀ իշխանություններին ավելի շատ մտահոգում է ոչ թե ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելը, այլ այն հավակնությունները, որ ուներ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

 

 

***

 

 

 

Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, տեղափոխել են հիվանդանոց

 

 

 

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել, վերջինս որովայնի հատվածում սուր ծակոցներ է զգացել:

 

 

«Սուր վիրաբուժական ախտահարում չի հայտնաբերվել, ստացիոնար բուժման կարիք չունի, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները:

 

 

Նշենք նաև, որ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով' ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:

 

 

 

***

 

 

 

Պուտինը հաստատել Է ՌԴ-ի տարածքում Հայաստանի քաղաքացիների գրանցման կարգի դյուրացումը

 

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Հայաստանի հետ կնքված համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որը վերաբերում Է երկու երկրների քաղաքացիների գրանցման կարգի փոխադարձ դյուրացմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փաստաթուղթը մարտի 9-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

 

 

Համաձայնագիրը նախատեսում Է Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ-ի քաղաքացիներին եւ Ռուսաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիներին ազատել 30 օրվա ընթացքում մուտքի պետության պատկան մարմիններում գրանցվելու (ժամանման վայրում հաշվառման կանգնելու) պարտականությունից:

 

 

Մասնավորապես, Հայաստանի քաղաքացիները, որոնք ավելի վաղ պարտավոր Էին Ռուսաստանում 30 օր գտնվելու ընթացքում միգրացիոն հաշվառման կանգնել, այժմ կարող են առանց գրանցման 180-օրյա ժամանակաշրջանում ՌԴ-ի տարածքում ընդհանուր առմամբ գտնվել 90 օր:

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Ռուսաստանի Համերկրային միգրացիոն ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան, Հայաստանի քաղաքացիները կազմում են ԱՊՀ-ի մասնակից պետություններից դեպի Ռուսաստան միգրացիոն հոսքի 5 տոկոսից պակաս մասը: «Մենք այստեղ միգրացիոն որեւԷ սպառնալիք չենք տեսնում»,-նշել Է նա, հավելելով, որ Հայաստանից միգրանտների գրանցման նման կարգն արդեն ժամանակավորապես կիրառվում Է եւ «միգրացիոն իրադրության վրա բացասական ոչ մի ազդեցություն չի գործում»:

 

 

Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների եւ ՌԴ-ի տարածքում ՀՀ-ի քաղաքացիների գտնվելու կարգի մասին ՌԴ-ի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ համաձայնագիրն ստորագրվել Է 2014 թվականի հուլիսի 11-ին Սոչիում: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ՌԴ-ի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու նոր կանոնները սահմանվում են 2015 թվականից Եվրասիական տնտեսական միությանը երկրի միանալու կապակցությամբ: Համանման համաձայնագրեր արդեն գործում են Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների համար:

 

 

 

***

 

 

 

Փորձաքննությունների արդյունքում հայտնաբերվել է Նեմցովին սպանողը. աղբյուր

 

 

 

Փորձաքննության եզրակացության համաձայն'Բորիս Նեմցովի սպանությունն իրագործել է Զաուր Դադաևը, ով չեչենական «Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալն էր: Այդ մասին հայտնել է «Ինտերֆաքսի» իրավապահ մարմինների աղբյուրը:

 

 

«Իրավապահ մարմինների կողմից ստացված տվյալները վկայում են, որ այն մարդը, ով կրակել էր Նեմցովին, Դադաևն է: Սակայն դա հնարավոր կլինի պնդել 100%-ով, երբ կգտնվի սպանության գործիքը»,- ասել է աղբյուրը:

 

 

Ավելի վաղ Դադաևն ընդունել է իր մասնակցությունը հանցագործությանը: Դադաևը նաև հայտարարել է, որ Նեմցովը սպանվել է Ռուսաստանում բնակվող մուսուլմանների և իսլամի մասին բացասական հայտարարությունների պատճառով:

 

 

***

 

 

 

«Խաղաղությունն Ուկրաինային օդի պես անհրաժեշտ է». Պորոշենկո

 

 

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկիրը պաշտպանելու է իր ազատությունն ու անկախությունը, սակայն ձգտում է խաղաղության, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 

 

«Խաղաղությունն Ուկրաինային օդի պես անհրաժեշտ է: Մենք խաղաղ ազգ ենք, մենք պաշտպանելու ենք մեր անկախությունը, մեր ազատությունն ու ժողովրդավարությունը: Սակայն մենք ձգտում ենք խաղաղության», - ասել է պետության ղեկավարը: